Շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավում

img

Շաքարային դիաբետը տարեցների դեպքում կարող է դրսևորվել տարբեր կլինիկական առանձնահատկություններով, որոնք միշտ չէ, որ հանդիպում են երիտասարդ պացիենտների շրջանում, և պահանջում են անհատական մոտեցում՝ հաշվի առնելով ինչպես պացիենտի տարիքը, այնպես էլ ուղեկցող տարբեր գործոնների առկայությունը։ Հիվանդության արդյունավետ վարման համար բժշկի կողմից նվազագույնը պետք է հաստատվեն թիրախային նպատակներ, որոնց իրագործմանը բժիշկը պետք է հասնի պացիենտի և նրա հարազատի/խնամակալի հետ միասին։ Դրանց իրականացման համար անհրաժեշտ է հայտնաբերել և արդյունավետ վարել այնպիսի ախտաբանական վիճակներ, ինչպիսիք են հիպերտոնիկ հիվանդությունը, հիպերգլիկեմիան, տրամադրության խանգարումները, ինչպես նաև պետք է իրականացնել գերիատրիկ համախտանիշների սկրինինգային հետազոտություններ և հայտնաբերելու պարագայում՝ համապատասխան բուժում։

 

Նպատակ

 

Ուղեցույցի նպատակն է՝ լուսաբանել տարեցների մոտ շաքարային դիաբետի վարման առանձնահատկությունները, առաջարկել հիվանդության վարման վերաբերյալ ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև բարձրացնել հատկապես առաջնային օղակի բժիշկների կողմից իրականացվող ախտորոշիչ և բուժական միջոցառումների արդյունավետությունը։

 

Մեթոդաբանություն

 

Սույն ուղեցույցը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից կազմված աշխատանքային խմբի կողմից: Փաստաթղթի հիմքն են հանդիսացել Գերիատրիայի ամերիկյան միության (American Geriatrics Society (AGS)) կողմից 2003թ. ներկայացված «Շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման կլիկակական ուղեցույցների» (Guidelines for Improving the Care of the Older Person with Diabetes Mellitus) 2013թ-ի թարմացումը, AGS համակարգային ամփոփումների և մեթավերլուծությունների առանցքային տվյալները, ինչպես նաև Cochrane library, PubMed և UpToDate էլեկտրոնային շտեմարանների տվյալները:

 

Տեղեկատվության որակը գնահատելիս և խորհուրդների ուժը որոշելիս հիմք է ընդունվել ԱՄՆ-ի Կանխարգելման ծառայությունների հանձնաժողովի ապացույցների գնահատման համակարգը: Տեղայնացման/ադապտացիայի աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա: Պատասխանատու համակարգողը և աշխատանքային խմբի անդամները հայտարարագրել են իրենց շահերի բախման վերաբերյալ տեղեկատվությունը: 

 

Ուղեցույցը կհրապարակվի ՀՀ ԱՆ կողմից հաստատվելուց հետո։ 

 

Հոդվածը վերահրապարակելիս հղումը gerontology.am կայքին պարտադիր է։

ՀՀ ԱՆ կողմից հաստատվելուց հետո

306
26/06/2019 13:08:25
© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo