Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունը (ՊՀ) պրոգրեսիվող նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն առաջանում է գլխուղեղի դոֆամիներգիկ նեյրոնների անդարձելի փոփոխությունների հետևանքով:
Հիվանդության տարածվածությունը կազմում է ընդհանուր պոպուլյացիայում մոտ 0.3%, իսկ այն զգալիորեն աճում է տարիքի հետ: ՊՀ կարող է ունենալ վաղ սկիզբ, սակայն այն հիմնականում տարածված է տարեց պոպուլյացիայում:
Չնայած գոյություն ունեցող դոֆամիներգիկ բուժման արդյունավետությանը, հիվանդությունը հարաճուն է, և նրա հեռանկարը անբարենպաստ է:
Հիվանդության շարժողական ախտանիշները՝ դանդաղկոտությունը, մկանային կարկամությունը, դողը և հավասարակշռության խանգարումը բերում են հիվանդի զգալի դեզաբիլիտացմանը: Սակայն վերջին տասնամյակի ընթացքում մեծ ուշադրություն են գրավում ՊՀ-ն ոչ շարժողական խանգարումները՝ դեպրեսիան, տագնապը, քնի խանգարումները, ցավը, վարքի և հիշողության փոփոխությունները, որոնք մեծ բացասական ազդեցություն ունեն հիվանդների, ինչպես նաև նրանց հարազատների առօրյա կյանքի և կյանքի որակի վրա:
Դեռևս գոյություն չունի ՊՀ ընթացքը կանգնեցնող կամ դանդաղեցնող որևէ մի դեղամիջոց: Հիվանդության բուժումը միայն սիմպտոմատիկ է և մեծահասակների մոտ հաճախակի բարդություններ է առաջացնում՝ կոգնիտիվ ֆունկցիայի վատացում, հալյուցինացիաներ, փսիխոզ, օրթոստատիկ հիպոթենզիա և այլն:
Հաշվի առնելով տարեցների մոտ հիվանդության բավականին մեծ տարածվածությունը, ՊՀ հիմնական դրսևորումների, շարժողական և ոչ շարժողական ախտանիշների լավ իմացությունը, վաղ հայտնաբերումը, շտկումն ու մասնագիտացված ուղղորդումը շատ կարևոր են գերիատրիկ ասպարեզում ներգրավված մասնագետների համար։
Հեղինակ՝ Զարուհի Թավադյան,
Նյարդաբան, Սոմնուս քնի և շարժողական խանգարումների կլինիկա
Կարդացեք նաև
Գերիատրիա և գերոնտոլոգիա
Գերիատրիան (ծերաբուժություն) գերոնտոլոգիայի (ծերաբանության) մի բաժին է, որն զբաղվում...
Քնի խանգարումների դերը տարեցների մոտ
Քնի խանգարումները մեծահասակների շրջանում չափազանց տարածված են․․․