Պառկելախոցեր

img

Պառկելախոցը մաշկի, ենթամաշկի ստորին շերտի փափուկ հյուսվածքների մեռուկացումն է, որն առաջանում է նրանց սնուցման խանգարման հետևանքով: Պառկելախոցերը դասակարգվում են ըստ ծանրության աստիճանի։

 

1. Մաշկի ամբողջականությունը խախտված չէ: Կա կայուն հիպերէմիա, ցիանոտիկ երանգ, մաշկն ունի գրգռված տեսք:

2. Պառկելախոցն ունի մակերեսային վերքի տեսք, էպիդերմիսը խոցոտված է, նկատվում են բշտեր՝ լցված հեղուկով:

3․ Առաջանում է նեկրոզ, որը տարածվում է դերմայի ամբողջ խորությամբ, ընդգրկում է ենթամաշկային ճարպաբջջանքը: Ստորին շերտի հյուսվածքները և օրգանները վնասված չեն, վերքի հատակը ծածկված է դեղնավուն, մեռուկացած հյուսվածքով:

4. Նեկրոզը տարածված է ջլերի, մկանների, ոսկրերի վրա: Վերքի հատակը լցված է մեռուկացած, մուգ մոխրագույն հյուսվածքով:

 

Պառկելախոցերի առաջացումը պայմանավորված է 3 հիմնական գործոններով՝

  • ճնշում,
  • «կտրող ուժ»,
  • շփում:

 

Պառկելախոցերն ավելի հաճախ առաջանում են ցցուն ոսկրերի հատվածներում․ երկարատև մեջքի վրա պառկած վիճակում՝ ծոծրակ, թիակ, սրբոսկր, կրունկ, ոտքերի մատներ, կողքի պառկած՝ կոնքազդրային հոդ, ծնկահոդ, նստած վիճակում՝ պոչուկի, նստաթմբերի շրջանում:

 

Բուժքույրը պետք է կիրառի Նորտոնի սանդղակը, որը թույլ է տալիս որոշել պառկելախոցերի զարգացման ռիսկի աստիճանը 5 ցուցանիշների վերլուծության հիման վրա՝

 

  • ֆիզիկական վիճակ,
  • հոգեկան վիճակ,
  • ակտիվություն,
  • շարժունակություն,
  • անմիզապահություն, անկղապահություն:

 

Կանխարգելումը

 

1. Անհրաժեշտ է Նորտոնի սանդղակով գնահատել պառկելախոցի զարգացման ռիսկը։

 

2. Օգտագործել ճնշումը մեղմացնող միջոցներ՝ օդային, ջրային, գելային ներքնակներ, բարձեր, օրորոցանման կախոցներ, ռետինե օղակ և այլն։

 

3. Ուսուցանել օգտվել շարժվելու միջոցներից՝ վերմահճակալային, կողմնային ձողեր, ձգան։

 

4. Օգտագործել փոքր շփում առաջացնող բնական նյութից պատրաստված սավաններ: Անկողնու սպիտակեղենը փոխել ճիշտ հնարքներով։

 

Ամեն օր խնամել մաշկը, օգտագործել փափկեցնող քսուքներ: Արտաթորումից հետո պարտադիր կատարել հիգիենիկ լվացում: Մարմնի ռիսկի զոնաների վրա սանմշակումից հետո կիրառել սառը և տաք ֆեն՝ արյան շրջանառությունը տվյալ հատվածում ակտիվացնելու նպատակով։

 

  • Խնամառուի դիրքը փոխել 2 ժամը մեկ։
  • Սնունդը հարստացնել սպիտակուցներով, վիտամիններով և տալ անհրաժեշտ քանակի հեղուկ:

 

Բուժումը

1-ին աստիճանի պառկելախոցերի բուժումը։ Ազատել ճնշումից, մաշկը մշակել կամֆորայի սպիրտով (առանց մերսման), իրար հաջորդելով օգտագործել չիչխանի և մասուրի յուղ: Կարելի է օգտագործել թաղանթ առաջացնող հեղուկացիր (սփրեյ) կավիլոն: Օգտագործել ճնշումը մեղմացնող միջոցներ:

 

2-րդ աստիճանի պառկելախոցերի բուժումը։ Մաշկը մաքրել ջրածնի պերօքսիդով, քլորհեքսիդինով կամ քլորամֆենիկոլով: Կիրառել օդաթափանց կպչուն թաղանթե վիրակապ օփսայթ կամ ջրակոլոյիդ վիրակապ դուրդերմ, գրանուֆլեքս, կոմֆիլ+: Թեփոտված վերքի դեպքում՝ գրանուգել, սոլկոսերիլ:

 

3-րդ աստիճանի պառկելախոցերի բուժումը։ Վերքի սանացիայից հետո՝ ջրադոնդողային գրանուգել, ջրակոլոյիդ գրանուֆլեքս օգտագործել: Վիրակապը փոխել 2 օրը մեկ:

 

4-րդ աստիճանի պառկելախոցերի բուժումը։ Վերքը ազատել նեկրոզից, մշակել, օգտագործել ալգինատներով վիրակապ: Ալգինատն ստանում են կանաչ, կարմիր ջրիմուռներից: Այդ նյութերը շտկում են և վերականգնում թերությունները: Ունեն հակամիկրոբային, հեմոստատիկ, պատող, իմունոմոդուլյատոր, հակատոքսիկ ազդեցություն: Կարելի է օգտագործել օրինակ սորբսան:

 

Դիրքեր

 

Խնամառուին տեղաշարժելով անկողնում՝ բուժքույրը պետք է հաշվի առնի ինչպես նրա, այնպես էլ իր անձնական մարմնի բիոմեխանիկայի կանոնները: Խնամառուին կարելի է հարմարեցնել մեջքի, կողքի, փորի, Սիմսի կամ Ֆաուլերի դիրքում:

 

Հոդվածը վերահրապարակելիս հղումը gerontology.am կայքին պարտադիր է։

106
26/06/2019 09:42:26

Կարդացեք նաև

Քնի խանգարումների դերը տարեցների մոտ

Քնի խանգարումները մեծահասակների շրջանում չափազանց տարածված են․․․

Պոլիպրագմազիա (բազմադեղաբուժում / Polypharmacy)

Պոլիպրագմազիան (polypharmacy) մի քանի դեղերի միաժամանակյա կիրառումն է և հաճախ հանդիպում է...

Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունը (ՊՀ) պրոգրեսիվող նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն առաջանում է․․․

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo