Գերիատրիա և գերոնտոլոգիա

img

Գերիատրիան (ծերաբուժություն) բժշկագիտության ճյուղ է, որն զբաղվում է տարեց և ծեր հասակում ծերացմանը հատուկ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ուսումնասիրմամբ, դրանց կանխարգելմամբ և բուժմամբ։ Այն պետք է տարբերել գերոնտոլոգիայից (ծերաբանություն), որն ուսումնասիրում է մարդու ծերացման կենսաբանական, սոցիալական և հոգեբանական ասպեկտները, դրա պատճառները և դրա դեմ պայքարի միջոցները։ Գոյություն ունի նաև գերոհիգիեանա, որն ուսումնասիրում է ավագ տարիքային խմբերի ընդհանուր և հատուկ հիգիենայի հարցերը, գերոնտոհոգեբանություն, որն ուսումնասիրում է տարեցների և ծերերի հոգեբանությունն ու վարքի առանձնահատկությունները։ 

 

Գերիատրիան ունի բազմաթիվ ենթաճյուղեր՝ ըստ բժշկագիտության տարբեր մասնագիտացումների՝ օնկոգերիատրիա, գերիատրիկ արյունաբանություն, գերիատրիկ նյարդաբանություն, գերիատրիկ սրտաբանություն և այլն։ 

 

Գերիատրիան, որպես գիտություն, երիտասարդ է, ընդ որում՝ XXI դարի բժշկության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկն է։ Այդ պայմանավորված է համընդհանուր մի երևույթով՝ բնակչության ծերացմամբ, որն իսկական մարտահրավեր է ժամանակակից հասարակության համար։

 

Գերիատրիա, թե՞ հերիատրիա 

 

Հատուկ ուշադրություն ենք ուզում հրավիրել «գերիատրիա» տերմինի ծագումնաբանության վրա, քանի որ պետական փաստաթղթերում թյուրիմացաբար նշված է և առողջապահության մասնագետների կողմից շարունակվում է կիրառվել «հերիատրիա» սխալ ձևը։ Բառն առաջացել է հունարեն գերոն (gérōn)` ծերունի արմատից և -իատրիա ( iatréia)` բուժում իմաստն արտահայտող ածանցից։ Սխալը, թերևս, պայմանավորված է ռուսերենի ազդեցությամբ, որում «գ» տառը հայերենի որոշ բառերում տառադարձվում է «հ»-ով։ Պետք է գրել և արտասանել «Գ»-ով՝ գերիատրիա (գերոնտոլոգիա)։ 

 

Գերիատրիայի և մեծերի ստանդարտ բժշկության տարբերությունը 

 

Գերիատրիան տարբերվում է մինչև 60 տարեկան անձանց ստանդարտ բժշկությունից, որովհետև կենտրոնանում է հենց տարեցների առանձնահատուկ կարիքների վրա։ Ծերացող օրգանիզմի օրինաչափություններին համապատասխան փոխվում են նաև հիվանդությունների դրսևորումներն ու դրանց բուժման ընթացքը, ի հայտ են գալիս միայն տարեց հասակին բնորոշ համախտանիշներ (ծերունական ասթենիա, ընկնելը, սարկոպենիա, թերսնուցում և այլն) ու ախտանշաններ, որոնց ճիշտ վարումը կարող է էապես բարձրացնել տարեցների կյանքի որակը։ 

 

Տարիքին համընթաց օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական և ախտաբանական մի շարք փոփոխություններ, օրինակ՝ նվազում է արյունատար անոթների պատերի էլաստիկությունը, թուլանում է ներզատիչ գեղձերի ակտիվությունը, օրգանիզմում բարձրանում է խոլեստերինի մակարդակը, տղամարդկանց դեպքում ծերունական տարիքում գերաճում է շագանակագեղձի միջին բիլթը, որը հանգեցնում է միզարձակման խանգարման, բջիջներում կուտակվում են թթվածնի ազատ ռադիկալներ, որոնք մեծացնում են թունավորման հավանականությունը և այլն։ Տարեց և ծեր մարդկանց օրգանիզմում ներծծման խանգարումը կարող է հանգեցնել դեղանյութերի կուտակման և համապատասխանաբար դեղորայքային թունավորման: Հետևաբար միևնույն դեղամիջոցի նշանակման ձևերը համեմատաբար երիտասարդ մեծահասակների և տարեցների դեպքում պետք է էապես տարբերվեն: 

 

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ բազմաթիվ հիվանդություններ տարեց հասակում ունենում են այլ մեխանիզմներ, հետևաբար դրանց կանխարգելման և բուժման համար յուրահատուկ մոտեցում է անհրաժեշտ: Նշենք նաև, որ տարեց հասակում սովորաբար դիտվում է հիվանդությունների համակցում (կոմորբիդություն), ինչը կարող է զգալիորեն փոխել ընդհանուր վիճակի բարելավման մարտավարությունը: 

 

Գերիատրիկ «հսկաներ» 

 

Այսպես կոչված «գերիատրիկ հսկաները» խանգարումների այն հիմնական կատեգորիաներն են, որոնք ի հայտ են գալիս տարեց հասակում, հատկապես՝ երբ ուժերը հատնում են։ Դրանց շարքում են շարժման պակասը, անմիզապահությունը, հիշողության (ինտելեկտի) խանգարումը։ 

 

Տեսողության խանգարումն ու լսողության կորուստը տարեցների ամենատարածված խնդիրներից են։ Լսողության թուլացումը կամ կորուստը կարող է հանգեցնել մեկուսացվածության, դեպրեսիայի և կախվածության, քանի որ մարդն այլևս չի կարողանում լիարժեք խոսել մարդկանց հետ, ինֆորմցիա ստանալ հեռախոսով կամ ներգրավվել սովորական շփման մեջ, օրինակ՝ խանութում կամ փոստում։ 

 

Տեսողության խնդիրները հանգեցնում են ընկնելուն (խոչընդոտների հանդիպելիս), դեղերը սխալ խմելուն (քանի որ չեն կարողանում ընթերցել խմելու կարգը), ֆինանսական միջոցները չտիրապետելուն և բազում այլ խնդիրների։ 

 

Գերիատրիկ համախտանիշներ 

 

Ներկայում գերիատրիայի ոլորտում առանձնացվում է համախտանիշների երեք մեծ խումբ։ 

 

1. Սոմատիկ՝ թերսնման համախտանիշ, սարկոպենիա, պառկելախոցեր, անմիզապահություն և անկղապահություն, ընկնելու համախտանիշ և քայլքի խանգարում, գլխապտույտ և ատակսիա, ցավային համախտանիշ, լսողության և տեսողության խանգարում, գիտակցության կորուստ:

 

2. Հոգեկան՝ ծերունական թուլամտություն (դեմենցիա), դելիրիում, վարքի և հարմարման խանգարումներ:

3. Սոցիալական՝ ինքնասպասարկման հմտությունների կորուստ, կախվածություն այլ մարդկանց օգնությունից, սոցիալական մեկուսացում, բռնության զոհ դառնալու վտանգ, ընտանեկան կապերի խզում և այլն։ 

 

Տարեցների հիվանդությունների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ զբաղվում է գերիատրը, որի դերին և մասնագիտական առանձնահատկություններին կանդրադառնանք առանձին հոդվածով։

 

Հոդվածը վերահրապարակելիս հղումը սկզբնաղբյուրին՝ gerontology.am կայքին, պարտադիր է։

 

 

 

552
23/07/2019 15:06:15

Կարդացեք նաև

Պառկելախոցեր

Պառկելախոցը մաշկի, ենթամաշկի ստորին շերտի փափուկ հյուսվածքների մեռուկացումն է․․․

Քնի խանգարումների դերը տարեցների մոտ

Քնի խանգարումները մեծահասակների շրջանում չափազանց տարածված են․․․

Պոլիպրագմազիա (բազմադեղաբուժում / Polypharmacy)

Պոլիպրագմազիան (polypharmacy) մի քանի դեղերի միաժամանակյա կիրառումն է և հաճախ հանդիպում է...

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo