Սարկոպենիա․ մկանային զանգվածի կորուստ

img

Սարկոպենիան հունարեն տերմին է (սարկոս՝ մարմին, պենիա՝ կորուստ): Առաջին անգամ այդ տերմինը տվել է Իրվին Ռոզեմբերգը 1989 թվականին՝ նշելով ծերացման ընթացքում մկանային զանգվածի նվազումը:

Այսօրվա դրությամբ սարկոպենիան հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ համարվում է հիվանդություն: Այդ պրոբլեմը մինչև վերջին ժամանակները չէր գրավում գերոնտոլոգներին: Միայն վերջին մի քանի տարիներին հասկանալի դարձավ, որ սարկոպենիան մահացության գործոններից մեկն է 65-ից բարձր տարիքի անձանց դեպքում: Սարկոպենիան, սակայն, զարգանում է 65-ից բարձր տարիքի ոչ բոլոր անձանց մոտ, այսինքն՝ սարկոպենիայի համար կան պատճառներ:

Սարկոպենիան կմախքային մկանների ատրոֆիկ, դեգեներատիվ տարիքային փոփոխություններ են, որոնց արդյունքում առաջանում է մկանային զանգվածի և ուժի կորուստ: Սարկոպենիայի հետևանքով առաջանում է մեծահասակների անկարողություն և անկախության կորուստ:

Ծերու­­­նա­­­կան սարկոպենիան առաջանում է, երբ օրգանիզմում նվազում է սպիտակուցների քանակը: Օրգանիզմում սննդի հետ ներմուծված ամի­նաթթուներից մշտական սինթեզվում են սպիտակուցային նյութեր: Ծերերի մոտ սպիտակուցների սինթեզը նվազում է: Սպիտակուցային սինթեզը նվազում է, քանի որ մարում են հորմոնային որոշ ֆունկցիաներ, ավելի կոնկրետ՝ աճի հորմոնի և տեստոստերոնի արտադրությունը դադարում է կամ զգալիորեն իջնում:

Սարկոպենիայի պատճառ է վիտամին D-ի պակասը, որի հետևանքով ամինաթթուների ներծծումը խանգարվում է, ինչը բերում է սպիտակուցների նյութափոխանակության խանգարման, խանգարվում է նաև CA-ի և P-ի ներծծումը, ինչի հետևանքով զարգանում են օստիոպորոզներ և արթրոզներ: Առաջանում են նյարդային համակարգի դեգեներատիվ փոփոխություններ և մկանների դեներվացիա: Մկանային հյուսվածքը վերափոխվում է ճարպային հյուսվածքի: Այդ ամենի հետևանքով իջնում է մկանային հյուսվածքի որակը, նվազում է մկանային զանգվածը, մկանային ուժը, խանգարվում է շարժումների կոորդինացիան: Առաջին հերթին սարկոպենիան բերում է արագ մկանաթելերի ֆունկցիոնալ հնարավորության արագ կորստի: Արագ մկանաթելերը պատասխանատու են հավասարակշռության պահպանման համար:

Սարկոպենիան հաճախ հանդիպում է այլ համախտանիշների կազմի մեջ, օրինակ՝ կախեքսիայի: Այդ վիճակը պայմանավորված է բոլոր օրգանների և համակարգերի ֆունկցիայի պրոգրեսիվող նվազումով: Արտահայտվում է քաշի անկմամբ, թուլությամբ, դանդաղ քայլվածքով, հաճախակի ընկնելով, հավասարակշռության կորստով, ախորժակի անկումով, կոգնիտիվ ֆունկցիաների և սոցիալ ակտիվության նվազումով: Սարկոպենիան առաջաց­նում է մարդու համար շատ պրոբլեմներ, քանի որ մեծանում է ընկնելու, կոտրվածքների, տրավմաների ռիսկը: Առաջանում են բարդություններ՝ կապված ինքնասպասարկման հետ, փոխվում է կյանքի որակը, մեծանում է մահացությունը:

Ախտանիշներ

Տարբերում են առաջնային և երկրորդային սարկոպենիա։

Առաջնայինը պայմանավորված է հետևյալ գործոններով՝ հորմոնային տեղա­շարժ (աճի հորմոնի, վիտամին D-ի և D հորմոնի նվազում), մկանային զանգվածի նվազում, սակայն մարմնի զանգվածը չի պակասում, քանի որ մկանային հյուսվածքը փոխարինվում է ճարպային հյուսվածքով, նյարդային համակարգի դեգեներացիա, մկանաթելերի դեներվացիա:

Առաջնային սարկոպենիան ունի անդառնալիորեն զարգացող բնույթ:

Երկրորդայինը որոշ գործոնների հետևանք է՝ սխալ սնուցում (սպիտակուցների բացակայություն), անբավարար ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Հաճախ լինում է ամբողջովին կամ մասամբ հետ զարգացում էթիոլոգիկ գործոնի ռեմիսիայի դեպքում: Պոլիմորբիդ կոչվում է սարկոպենիան, որը զարգանում է ծերերի մոտ բազմաթիվ այլ ախտորոշումների ֆոնի վրա: Հաճախ դա զարկերակային հիպերտենզիան է, գաստրիտը, խոցային հիվանդությունը, ինսուլտը, չարորակ նորագոյացությունները, ՄԻԱՎ-ը, ՁԻԱՀ-ը, երիկամային անբավարարությունը, քրոնիկ բրոնխիտի հաճախակի սրացումները:

Սարկոպենիան զարգանում է 3 փուլով.


1. Նախասարկոպենիա՝ նկատվում է մկանային զանգվածի նվազում առանց ֆունկցիայի և ուժի նվազման։
2. Նվազում է աստիճանաբար և՛ մկանային զանգվածը , և՛ ֆունկցիան, և՛ ուժը։
3. Ամենածանր ձևն է, երբ 3 պարամետրերն էլ ծայրահեղ նվազում են:

Ախտորոշում

Նախքան բուժումը անհրաժեշտ է իրականացնել մի շարք ախտորոշիչ միջացառումներ: Ամենատարածված մեթոդներից են՝

· դինամոմետրի սեղմումը,
· նստած դիրքից կանգնելու հնարավորությունը,
· կքանստելու հնարավորությունը,
· աստիճաններով քայլելու հնարավորությունը։

Օգնում է ախտորոշման համար քայլերի արագության որոշումը: Մեծահասակը պետք է քայլի 4 մետր, եթե 1 վայրկյանում անցնում է 0.8 մետր, ապա ախտորոշվում է առողջ վիճակ, եթե 1 վայրկյանում չի կարողանում հաղթահարել այդ տարածությունը, ապա կասկածում են սարկոպենիա:

Ախտորոշման համար կատարում են գործիքային հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա, մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիա: Սակայն այս հոտազոտությունները թանկարժեք են: Ավելի հաճախ կիրառվում է երկֆոտոնային ռենտգենյան աբսորբցիոմետրիան: Այս պրոցեդուրան թույլ է տալիս գնահատել ճարպային և մկանային կոմպոնենտների ծավալը:

Նաև մեզի հետազոտությամբ որոշում են արտազատվող K-ի մակարդակը:

Բուժում

Լավ է սկսել ադեկվատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (զբոսանք, լող, վարժություններ): Ամենակարևորը, որ ծանրաբեռնվածությունը լինի ռեգուլյար:

Ապացուցված է, որ ռեգուլյար ուժային ծանրաբեռնվածությունը մեծացնում է մկանային հյուսվածքի ունակությունը և սպիտակուցի սինթեզը:

Դեղորայքային բուժում՝ նման դեղամիջոց դեռ գոյություն չունի: Աճի հորմոնը տվեց մինիմալ էֆեկտ: Հորմոնը մեծացնում է սպիտակուցի սինթեզը և մկանային զնգվածը, բայց մկանային ուժը և ֆունկցիոնալ հնարավորությունը չի ավելանում: Տեստոսթերոնը տվեց բավականին դրական ազդեցություն մկանային զանգվածի և ուժի վրա, սակայն մեծահասակների մոտ առաջացրեց մի շարք անցանկալի բարդություններ՝ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկ, կանանց մոտ՝ վիրիլիզացիա: Սարկոպենիան կանխելու և կորեկցիայի համար այսօր ուսումնասիրվում է օմեգա-3-ի պոտենցիալ հնարավորությունները:

Ամենաէֆեկտիվ և անվտանգ բուժման միջոցն է վիտամին D-ի ակտիվ մետաբոլիտները: Ալֆակալցիդոլ (ալֆա D3,տևա), օրը 1 մկգ.: Ավելանում է մկանային մասսան, ակտիվանում է մկանային ֆունկցիան, նվազում է ընկնելու ռիսկը, ինքնասպասարկման հնարավորությունները մեծանում են: Սնունդը պետք է հարուստ լինի սպիտակուցներով, աղքատ ճարպերով և ածխաջրատներով: Պետք է սնվել օրը 6 անգամ, ճիշտ է դիմել դիետոլոգին, քանի որ ճիշտ սնուցումը և ֆիզիկական վարժությունները տալիս են լավ արդյունք:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ ներկայումս տարվում են աշխատանքներ սարկոպենիայի դեղորայքային բուժման նոր միջոցներ հայտնաբերելու համար:

 

Հոդվածի վերահրապարակման դեպքում սկզբնաղբյուրի հղումը gerontology.am-ին պարտադիր է։

 

329
11/05/2019 03:23:35

Կարդացեք նաև

Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Ջ․ Պարկինսոնը (J․ Parkinson), 1817

Ասթենիա (քրոնիկ հոգնածության համախտանիշ)

Ասթենիա հունարեն բառ է, նշանակում է թուլություն (ասթենիկ վիճակ, ասթենիկ համախտանիշ, ասթենիկ...

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo