Ասթենիա (քրոնիկ հոգնածության համախտանիշ)

img

Ասթենիա հունարեն բառ է, նշանակում է թուլություն (ասթենիկ վիճակ, ասթենիկ համախտանիշ, ասթենիկ հակազդում, նյարդահոգեկան թուլություն, քրոնիկ հոգնածության համախտանիշ): Հիվանդագին վիճակ է, որը դրսևորվում է խիստ հոգնածությամբ, սպառվածությամբ, տրամադրության ծայրահեղ անկայունությամբ, ինքնատիրապետման ցածր մակարդակով, անհամբերությամբ, քնի խանգարմամբ, տևական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը տանելու անկարողությամբ, բարձր ձայների, վառ լույսի, սուր հոտերի նկատմամբ անհանդուրժողականությամբ:

Ասթենիան մի վիճակ է, երբ սովորական ուժի զգայունությունը և ընկալումը զուգորդվում են ոչ ադեկվատ, թույլ երանգավորումով (շեմը բարձր է): Ասթենիան առաջանում է ատոնիայի պատճառով և բնութագրվում է թուլությամբ և ժամանակից շուտ առաջացող հոգնածությամբ: Ասթենիան կարող է առաջանալ ներքին օրգանների հիվանդությունների, վարակների, թունավորումների, հուզական, մտավոր և ֆիզիկական գերծանրաբեռնվածության, աշխատանքի, սննդի և հանգստի, սխալ գրաֆիկի, ինչպես նաև նյարդային և հոգեկան հիվանդությունների արդյունքում:

Կարող է ի հայտ գալ նաև ներքին օրգանների հիվանդությունների սկզբնական փուլերում (օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդության), ուղեկցել այդ հիվանդությանը որպես դրա դրսևորումներից մեկը (խոցային և քրոնիկ հիվանդություններ), կամ հանդես գալ որպես սուր հիվանդության ավարտի հետևանք (թոքաբորբ, գրիպ, բրուցելյոզ):

Հիվանդների ցածր տրամադրությունը կարող է ուղեկցվել նաև քմահաճությամբ, ափերի հիպերհիդրոլիզով (խոնավ և սառր վիճակ), օդի բացակայության զգացումով և լացով: Ասթենիայի դրսևորումը կախված է այն առաջացնող հիմնական հիվանդությունից: Աթերոսկլերոզի դեպքում նկատվում է հիշողության խանգարում և լացկանություն: Հիպերտոնիկ հիվանդության դեպքում՝ գլխացավեր և սրտի շրջանում տհաճ զգացողություններ:

Պետք է նշել, որ ասթենիկ սինդրոմի առաջացմանը կարող է նպաստել երկարատև, մոնոտոն աշխատանքը, հատկապես՝ արհեստական լուսավորումը և փակ տարածքը, հաճախ՝ գիշերային հերթապահությունները, կարճ ժամանակում նոր տեղեկության մշակում, երբեմն կարող է առաջանալ նոր աշխատանքի տեղափոխվելիս:

Ասթենիայի առանձնահատկությունների ճշգրտումը հաճախ նպաստում է հիմնական հիվանդության ճանաչմանը: Բուժումը կազմակերպվում է ասթենիայի հիմնական պատճառի հայտնաբերման և վերացման ուղղությամբ: Անհրաժեշտ է նաև ընդհանուր վերականգնողական բուժում, աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպում, զբոսանք, կանոնավոր սննդակարգ և քնի վերականգնում:

 

Նյութի կազմումը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի

Հոդվածի վերահրապարակման դեպքում հայերեն սկզբնաղբյուրի ակտիվ հղումը դեպի Ասոցիացիան պարտադիր է։ 

78
12/05/2019 10:09:03

Կարդացեք նաև

Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Ջ․ Պարկինսոնը (J․ Parkinson), 1817

Սարկոպենիա․ մկանային զանգվածի կորուստ

Սարկոպենիան հունարեն տերմին է (սարկոս՝ մարմին, պենիա՝ կորուստ): Առաջին անգամ այդ տերմինը տվել է

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo