Պարկինսոնի հիվանդություն

img

Պարկինսոնի հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Ջ․ Պարկինսոնը (J․ Parkinson), 1817 թվականին։ Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է։ Հաճախ հիվանդանում են տարեց տղամարդիկ։

Հիվանդությունը կլինիկորեն բնորոշվում է մկանների տոնուսի բարձրացում, շարժողության սահմանափակմամբ ու դանդաղմամբ (բրադի կամ օլիգոկինեզիա) և ձեռքերի դողով: Թեև Պարկինսոնի հիվանդությունը համարվում է ինքնուրույն նոզոլոգիկ միավոր, բայց կարող է առաջ գալ որպես տարբեր հիվանդությունների՝ ինֆեկցիոն հիվանդությունների, ինտոքսիկացիաների, աթերոսկլերոզի և այլնի դեպքում:

Առաջացումը

Հիվանդության էթիոլոգիայի հարցը դեռևս վերջնականապես լուծված համարել չի կարելի: Այդ ուղղությամբ առաջադրված են եղել մի շարք տեսություններ: Մի խումբ գիտնականներ ՊՀ-ն դասում են սիստեմային-դեգեներատիվ հիվանդությունների շարքին, որի ժամանակ ախտահարվում են ենթակեղևային գորշ գոյացությունները:

Գիտնականների մի այլ խումբ հիվանդության հիմքում դիտում են բիոքիմիական պրոցեսների խանգարումները: Այդ փաստն ապացուցվում է նրանով, որ ՊՀ-ի ժամանակ տեղի է ունենում մի շարք ամինների (թիամին, տրիպամին), քացախաթթվի քանակի բարձրացում, որով և պայմանավորվում է հիվանդության կլինիկական ախտանիշների առաջացումը:

Մեկ այլ տեսության համաձայն հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի (կատեխոլամինների փոխանակության նյութ) անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի մեդիատորների հիմնական համակարգերի հավասարակշռության խախտման և շարժողության կարգավորման խանգարման։ Գլխուղեղի մորֆոլոգիական հետազոտությամբ հայտնաբերվում է ենթակեղևային գոյացությունների սև նյութի բջիջների քայքայում։

Կլինիկական բնութագրությունը

Քրոնիկ դանդաղ և պրոգրեսիվ ընթացող հիվանդություն է: Հիվանդանում են հիմնականում 50-60 տարեկան հասակում, հաճախ՝ տղամարդիկ: Հիվանդության բնորոշ և վաղ ախտանիշներից մեկը համարվում է իրանի ու ծայրանդամների մկանների էքստրապիրամիդալ տիպի տոնուսի բարձրացումը: Աչքի է ընկնում հիվանդի յուրահատուկ դիրքը՝ գլուխը և իրանը թեքված են առաջ, դեմքը՝ անեմիկ, դիմականման, ճարպոտ, հայացքը հառած մի կետի վրա, ձեռքերը ծալված արմնկային և տարածված նախադաստակային, իսկ ոտքերը՝ կոնքազդրային և ծնկային հոդերում:

Հիվանդը լինում է կաշկանդված, դիտվում է շարժողության աղքատացում,դանդաղեցում, քայլվածքը՝ դանդաղ, մատների, գլխի, ստորին ծնոտի դող, խոսակցությունը դանդաղ, մոնոտոն, անհասկանալի քթի մեջ (ռնգային խոսք) և գերթքահոսություն: Հոգեպես հիվանդը լինում է գերգրգռված, ընկճված, լացկան, կպչուն, պահանջում է մաքսիմալ ուշադրություն իր հանդեպ: Ողնուղեղային հեղուկում առանձնապես փոփոխություններ չեն հայտնաբերվում:

Բուժումը

Բուժումն իրականացվում է դոֆամինի կոնցենտրացիան նորմալացնող 1-ին դոֆային և արտանի խմբի պատրաստուկներով (սակայն հաճախ առաջացնում են կողմնային երևույթներ), կենտրոնական ազդեցության խոլինոլիտիկ դեղամիջոցներ։ Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում կատարվում է վիրաբուժական միջամտություն՝ ստերեոտաքսիկ մեթոդով։ Ներկայումս Պարկինսոնյան հիվանդությունն անբուժելի է: Բուժման բոլոր մեթոդների հիմքում ընկած է հիվանդության ախտանիշների թուլացումը (սիմպտոմատիկ բուժում): Լեվոդոֆան Պարկինսոնյան հիվանդության բուժման ամենաարդյունավետ միջոցն է: Այն դոֆամինի անմիջական նախորդն է, որն առաջանում է որպես նորադրենալինի սինթեզի միջանկյալ արգասիք՝ թիրոզինից, դոֆա-դեկարբոքսիլազ ֆերմենտի ազդեցությամբ:

 

Նյութի կազմումը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա

Հոդվածի վերահրապարակման դեպքում սկզբնաղբյուրի ակտիվ հղումը պարտադիր է։

388
12/05/2019 10:14:23

Կարդացեք նաև

Սարկոպենիա․ մկանային զանգվածի կորուստ

Սարկոպենիան հունարեն տերմին է (սարկոս՝ մարմին, պենիա՝ կորուստ): Առաջին անգամ այդ տերմինը տվել է

Ասթենիա (քրոնիկ հոգնածության համախտանիշ)

Ասթենիա հունարեն բառ է, նշանակում է թուլություն (ասթենիկ վիճակ, ասթենիկ համախտանիշ, ասթենիկ...

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo