Խնամքը կյանքի ավարտին

img

Երբ ձեր հարազատը ծանր վիճակում է, նրա համար շատ կարևոր է ձեր ներկայությունը, իսկ ձեզ պետք է ուժ նրան աջակցելու համար։

 

Ծանր է հասկանալը, որ քեզ համար սիրելի մարդը հեռանում է։ Ցավում ենք և ուժ մաղթում։ Մի քանի բան կա, որ ձեզ կօգնի տանը պահպանել հանգստության ու սիրո մթնոլորտը։

 

Կյանքի վերջին օրերն ու ժամերը լռության, անկեղծության և ամենակարևոր խոսքերն ասելու պահերն են։

 

Ընդհանուր խորհուրդներ

 

Անպայման շփվեք՝

 

  • հարցրեք նրան, թե ինչ է ուզում, կատարեք նրա ցանկությունները,
  • հարցրեք, թե արդյոք չի՞ ուզում շփվել հոգևորականի հետ (իր հավատքի հոգևոր ներկայացուցչի),
  • եթե արդեն անկեղծորեն խոսել եք մահվան մասին և պահը հարմար եք համարում, հարցրեք նրան թաղման կարգի մասին գուցե ցանկանա կոնկրետ հրահանգներ տալ իր իրերի վերաբերյալ,
  • մարդուն իր զգացմունքներն ու ապրումներն արտահայտելու հնարավորություն տվեք,
  • նրան ոչ մի հարցում մի մեղադրեք, ընդհակառակը, ներեք և ներողություն խնդրեք,
  • մի խոչընդոտեք փոքր երեխաների կամ թոռների հետ շփվելուն այդ կարևոր է և՛ երեխաների, և՛ նրա համար,
  • խուսափեք անտեղի լավատեսությունից, «դիմացի», «կլավանաս», «ամեն ինչ լավ կլինի» արտահայտություններից,
  • մի վախեցեք լռությունից ու խոսքի դադարներից լռության պահին ձեր հարազատն ինքը կսկսի խոսել և կասի ամենակարևորը,
  • մահամերձ մարդուն մենակ չթողնեք,
  • ականջալուր եղեք ձեր զգացումներին, արտահայտեք դրանք, խոսեք, քանի դեռ ժամանակ ունեք,
  • մի ամաչեք խոսել ձեր սիրո մասին,
  • խոսեք հանդարտ, փորձեք լաց չլինել և չբղավել,
  • հպվեք նրան, շոյեք, այդ կուժեղացնի ձեր կապը։

 

Սենյակում՝

 

  • օրը մի քանի անգամ օդափոխեք սենյակը (զգուշացեք միջանցիկ քամուց),
  • հիվանդի համար ամենահարմար ջերմաստիճանն ապահովեք (մահամերձ մարդիկ կամ խիստ քրտնում են, կամ մրսում),
  • անհրաժեշտության դեպքում օդի խոնավացուցիչ օգտագործեք,
  • սիրելի երաժշտությունը միացրեք կամ էլ բնության ձայներ (թռչունների ձայն, ծովի ալիքների ձայն և այլն)։

 

Խուսափեք՝

 

  • կտրուկ և բարձր ձայներից (հեռախոսի կամ դռան զանգ, դռան փակվելու ձայն և այլն),
  • վառ լուսավորությունից,
  • արհեստական լռությունից այն կարող է ճնշող լինել,
  • մարդկանց անհանգիստ անցուդարձից։

 

Խնամեք հիվանդին մինչև վերջին պահը՝

 

  • քսուքով կամ լոսյոնով խոնավացրեք նրա մաշկը, եթե կարիքը կա,
  • հատուկ ուշադրություն դարձրեք ինտիմ հիգիենային,
  • բարդ միջամտություններ մի արեք (գլուխ լվանալ, լողացնել և այլն),
  • հիվանդին թեթև, բամբակյա, ազատ հագուստ հագցրեք,
  • խոնավացրեք բերանը (սառույցի կտորներով, թրջած բամբակով և այլն),
  • շրթունքներին հիգիենիկ շրթներկ քսեք (խուսափեք արոմատիզացված բալզամներից դրանք կարող են չորություն և գրգռվածություն առաջացնել),
  • ատամնային պրոթեզները մի դրեք դրանք կարող են հարմար չլինել ու տհաճություն պատճառել նրան։

 

Կյանքի վերջին ժամերը

 

Մահվան ժամը հնարավոր չէ հստակ կանխատեսել։ Որոշ մարդիկ անգամ նպատակ են դնում ապրել մինչև կարևոր մի իրադարձության օրը (տարեդարձ, ընտանիքի համար կարևոր տոն և այլն) և մահանում են դրանից հետո։ Մենք չգիտենք, թե երբ մահը վրա կհասնի, բայց կիմանանք, երբ այն մոտենա։

 

Փոփոխություններ, որ լինում են մահվանից ժամեր և օրեր առաջ

 

Հոգնածություն, թուլություն

 

Կյանքի վերջին օրերին (ժամերին) մարդ դադարում է ինքնուրույն տեղաշարժվել, այդ պատճառով՝

 

  • անկողնում հարմար դիրք ապահովեք նրա համար,
  • մի անհանգստացրեք նրան և դիրքը մի փոխեք առանց անհրաժեշտության, բժշկին հարցրեք՝ կարելի՞ է շրջել նրան մի կողմից մյուսը։

 

Սնվելու և ջուր խմելու պահանջմունքի նվազում (բացակայություն)

 

Եթե հիվանդն այլևս չի ուտում և ջուր չի խմում, մի վախեցեք, սակայն իմացեք, որ այդ կարող է առաջացնել՝

 

  • ծայրանդամների այտուցվածություն,
  • բերանի խոռոչի և աչքերի լորձաթաղանթի չորություն։

 

 

Մարդկանց մեծամասնությունը կյանքի վերջում քաղց և ծարավ չի զգում։ Այդ բնական է։ Մարմինը հանգչում է։

 

 

Փորձեք հասկանալ, որ սնվելու ցանկության բացակայությունից դուք եք տանջվում, այլ ոչ թե հիվանդը։ Նրան կերակրելու ցանկությունը սիրո և հոգատարության դրսևորում է, սակայն հիմա, երևի, նրան այդ բոլորովին պետք չէ։ Մարդն ինքնուրույն որոշելու իրավունք ունի։ Եթե նա սեղմում է ատամները, ուրեմն չի ցանկանում ուտել։

 

Կլլման խանգարում

 

Դադարեցրեք դեղորայք և սնունդ տալը։ Պարզապես նրա գլուխը կողքի շրջեք։

 

Շնչառական անբավարարություն

 

Հնարավոր է, որ շնչառությունը մակերեսային դառնա, հաճախակի, առիթմիկ կամ հազվադեպ, արտաշնչելիս սուլոցի թույլ ձայնով (վերջինն արտաշունչն է, այլ ոչ թե ներշունչը)։ Եթե շնչառությունը բարձր է, սուլոցով, հավատացեք, որ այդ ձեզ է անհանգստացնում, այլ ոչ թե ձեր հարազատին։

 

Մահից առաջ մարդ շնչում է կրծքավանդակի վերին հատվածով միայն։

 

 

Հիվանդի կողքին եղեք, բռնեք նրա ձեռքը, քնքշանքի խոսքեր շշնջացեք։

 

 

Անմիզապահություն և անկղապահություն

 

Ժամանակին փոխեք տակդիրն ու անկողնու սպիտակեղենը։ Մահանալուց հետո մարդու մարմինը թուլանում է, և մեզի ու կղանքի մնացուկները դուրս են գալիս օրգանիզմից։ Չվախենաք։ Այդ բնական ֆիզիոլոգիական պրոցես է։

 

Հիվանդը չի թարթում կոպերը, աչքերը բաց են

 

Պարբերաբար խոնավացրեք աչքերն արհեստական արցունքով կամ օֆտալմոլոգիական գելով։

 

Գիտակցության մակարդակի նվազում

 

Հիվանդը շարունակ կիսաքուն վիճակում է, հիշողության կորուստ է ունենում հաճախակի, չի արձագանքում ձեր խոսքերին և հպումներին։

 

Մենք չգիտենք, թե մարդն ինչ է զգում առանց գիտակցության կամ կոմայի ընթացքում։ Հիմնվեք այն փաստի վրա, որ նա լսում է ձեզ։ Այդ պատճառով՝

 

  • շփվեք նրա հետ,
  • նրա մասին երրորդ դեմքով մի խոսեք,
  • նրա ներկայությամբ մի քննարկեք նրան վերաբերող հարցեր,
  • մի վիճեք նրա ներկայությամբ,
  • բռնեք նրա ձեռքը,
  • նրա սիրելի երաժշտությունը միացրեք։

 

Խոսքի խանգարում

 

Նա չի խոսում կամ անադեկվատ բաներ է ասում։

 

 

Համբերատար եղեք, փորձեք նշանների միջոցով հաղորդակցվել, այնպիսի հարցեր տվեք, որոնց նա կկարողանա պատասխանել այո կամ ոչ։

 

 

Սահմանային դելիրիում (զառանցանք)

 

  • Շփոթվածություն, անհանգստություն
  • Հոգոցներ

 

Որոշ մարդիկ մահանալիս ակնհայտորեն անհանգիստ վիճակում են լինում, բայց հավատացեք, որ այդ ավելի շատ ձեզ է անհանգստացնում, քան նրան։ Նա կարող է և չզգալ իր հոգոցները, անկանոն շնչառությունը և այլ նշանները նրա հոգոցներն ու հառաչանքները ոչ միշտ են ֆիզիկական ցավի մասին վկայում։

 

Պարզապես նրա կողքին եղեք, բռնեք ձեռքը, խոսեք նրա հետ։

 

Ցավ

 

  • Հառաչանքներ, հոգոց, պարանոցի և ուսագոտու մկանների լարվածություն։
  • Անհանգստություն, դեմքի խոժոռում։

 

Ցավը միշտ չէ, որ ուղեկցում է մահվանը։ Եթե բժիշկը, սակայն, խորհուրդ է տալիս ուժեղ ցավազրկող օգտագործել, լսեք նրան և մի վախեցեք այն տալ հիվանդին։ Ցավազրկողը չի նպաստի մահվան արագացմանը և կթեթևացնի ձեր հարազատի վիճակը։

 

Հազվադեպ, անսպասելի նշաններ

 

  • Առույգություն մահվանից րոպեներ առաջ։
  • Շեշտակի ներշունչ, վիճակի կտրուկ վատացում։

 

Այլ նշաններից են՝

 

  • եղունգների գույնի փոփոխություն,
  • վերջույթների ջերմաստիճանի փոփոխություն,
  • դիմագծերի սրություն,
  • դեմքի վրա բաց, սպիտակավուն քիթբերանային եռանկյուն։

 

 

Երբեմն մարդ չի մահանում կարծես թե հարազատներից թույլտվության է սպասում։ Ասեք ամենակարևորը։

 

Ներիր ինձ։ Ներում եմ քեզ։ Շնորհակալ եմ քեզ։ Մնաս բարով։

 

 

Որպեսզի ավելի լավ հասկանաք Ձեր հարազատին և նրա պահանջմունքներն այդ շրջանում, մի քանի հարց տվեք ձեզ՝

 

  • Կյանքի վերջում ձեզ համար ի՞նչն ամենակարևորը կլիներ (օրինակ՝ բժկական լավ խնամք, հարազատներին հրաժեշտ տալու հնարավորություն, գործերը կարգի բերելու հնարավորություն և այլն):
  • Ընտանիքում կա՞ն անհամաձայնություններ, որոնք կարող են անհանգստացնել ձեր հարազատին։ Գուցե պետք է կանխա՞վ մտածել ժառանգության մասին։
  • Կա մեկը (մարդ, կենդանի), որին ձեր հարազատը կուզենար տեսնել մահվանից առաջ։ Ի՞նչ գործեր կուզենար ավարտել։ Ի՞նչ մտքեր կան, որ անհանգստացնում են նրան։
  • Գիտե՞ք ձեր հարազատի վերջին կամքը (ցանկանու՞մ է, որ կրոնական ծես արվի, որտե՞ղ է ցանկանում, որ իր մարմինը հանգրվանի մահվանից հետո, գուցե արդեն իսկ գաղտնի նախապատրաստե՞լ է այդ ամենը)։

 

Չմոռանաք այդ ամբողջ դժվարին շրջանում հոգ տանել ինքներդ ձեր մասին։ Եթե չի հաջողվում միայնակ հաղթահարել, դիմեք մասնագետի։

 

Աղբյուրը՝ pro-palliativ.ru 
Թարգմանությունը և ադապտացիան՝ gerontology.am

 

570
30/10/2019 13:46:32

Կարդացեք նաև

Խորհուրդներ դեմենցիա ունեցող մարդու հարազատներին

Հիվանդի համար օրակարգ կազմեք և փորձեք կարգավորել նրա գործունեությունը: Օրակարգը պետք է ներառի...

Գերիատրիկ մերսում

Թերշարժունակությունը տարեցների հիմնական խնդիրներից մեկն է։

Ալցհեյմերի հիվանդություն․ եթե հիվանդը հարազատդ է

Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական թուլամտության՝ դեմենցիայի ամենատարածված ձևերից մեկն է․․․

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo