Դեմենցիա․ եթե խնամողը դուք եք

img

Հիշողության, մտածողության խանգարումից մինչև գիտակցության կորուստ։ Երբ մտերիմներից մեկը հիվանդանում է դեմենցիայով, այդ կարծես փորձություն է դառնում բոլոր նրանց համար, որոնք ստանձնում են հիվանդին խնամելու պարտականությունը։ Ինչպե՞ս օգնել խնամողին։

 

Վախ, մեղավորության զգացում, հուսահատություն և ներքին կռիվ «անարդարության» դեմ․․․ Շատ դժվար է նկարագրել այն ամենը, ինչ զգում են մարդիկ, որոնց ծնողներից կամ մտերիմներից մեկն օրեցօր կորցնում է իրեն։

 

Ուշադրության, հիշողության ու խոսքի թեթև խնգարումներ ունենում է 60-ն անց կանանց և տղամարդկանց 83%-ը։ Այդ պայմանավորված է տարիքային բնական փոփոխություններով և չի խանգարում նրան ապրել։ Տարեցների 25%-ի դեպքում, սակայն, այդ խանգարումները վերափոխվում են դեմենցիայի, որի ծանր ձևերը նաև կոչում են թուլամտություն կամ զառամախտ (մարազմ)։

 

Կարևոր չէ դեմենցիայի պատճառը․ գլխուղեղի աշխատանքի անդառնալի խանգարումները հիմնովին փոխում են մարդու կյանքը։ Նա սկսում է չհասկանալ ու չմտապահել նոր տեղեկությունները, չհիշել սեփական երեխաներին, իսկ մտերիմ ընկերներին կարող է համարել վաղուց մահացած բարեկամներ, դադարում է տրամաբանորեն մտածելուց։ Աստիճանաբար սպառում է կարողությունները և չի կարողանում մենակ մնալ, այլևս չի կարողանում ուրախանալ, զարմանալ, կարեկցել այլոց։ Մարդ կորցնում է իրեն, իր ես-ը։

 

Այլ կյանք է սկսվում նաև այն մարդու համար, որն ստանձնում է հիվանդի խնամքը։ Հանուն դրա հաճախ խնամողն ստիպված է լինում զոհաբերել աշխատանքը, տեսնել, թե ինչպես են տուժում հարաբերությունները կնոջ (ամուսնու), երեխաների, ընկերների հետ։

 

Կարդացեք՝ Խորհուրդներ դեմենցիայի ունեցող հիվանդների հարազատներին

 

Նորից սովորել խոսել և լսել

 

«Դեմենցիա» ախտորոշումը լուրջ ցնցում է ցանկացած մարդու համար։ Հիվանդությունն արագորեն սահմանափակում է այլ մարդկանց հետ շփման շրջանակները, քանի որ հիվանդն սկսում է դժվարությամբ հստակ խոսել, ոչ միշտ է հաջողվում ավարտել սկսած նախադասությունը, հիշել, թե ինչի մասին են խոսում։ Հիվանդությունն ունեցող մարդուն օգնելու համար հարազատներն ու ընկերները պետք է նորից սովորեն նրա հետ շփվել։ 10 խորհուրդ մտերիմներին։

 

1. Խոսեք դանդաղ և սահուն։

2. Խուսափեք ձայնի տոնը կտրուկ բարձրացնելուց։ Բառերի իմաստները մոռանալով, սակայն պահպանելով հուզական ապրումներ ունենալու հատկությունը, դեմենցիա ունեցող մարդն առաջին հերթին արձագանքում է ինտոնացիային։

3. Համոզվեք, որ հաջողվել է նրա ուշադրությունը սևեռել ձեր բառերի վրա։ Այդ նպատակով հոգատարությամբ, զգուշորեն դիպչեք նրան, նայեք ուղիղ աչքերին։ Եթե նա նստած է, դուք էլ նստեք կողքին, որպեսզի նրա հետ նույն մակարդակում լինեք։

4. Դուք ինքներդ պետք է սկսեք խոսել։ Դեմենցիայի խորությունից կախված՝ հիվանդն աստիճանաբար կդժվարանա ինքնուրույն սկսել զրույցը։

5. Հարցն այնպես ձևակերպեք, որ հնարավոր լինի պարզ պատասխաններ տալ՝ այո, ոչ, չգիտեմ։

7. Եթե հիվանդը ձեզ չի հասկանում, եթե անգամ մի քանի անգամ եք կրկնում նույն արտահայտությունը, փորձեք այլ կերպ ձևակերպել ձեր միտքը։

8. Անցյալի իրողություններն ավելի լավ են հիշում, քան ներկայինը։ Այդ պատճառով դեմենցիա ունեցող մարդու հետ փորձեք հաճախ խոսել հեռավոր անցյալի մասին, այդ հանգստացնում է նրան։

9. Եթե մտերիմ մարդն այլևս չի արձագանքում ձեր ասածներին, երբեք նրա ներկայությամբ նրա մասին երրորդ դեմքով չխոսեք, այդ դիպչում է նրա արժանապատվությանը։

 

Սիրել անկախ ամեն ինչից

 

Մինչ այժմ մարդկային բոլոր ողբերգություններից դեմենցիան, թերևս, ամենաքիչն է հետաքրքրել կինեմատոգրաֆիստներին։ Ավստրիացի ռեժիսոր Միքայել Հանեկեն համարձակվել է շոշափել այդ թեման։ Նրա ֆիլմը՝ «Սերը» (“Amour ”, 2012), որ Կաննում արժանացել է մրցանակների և որի մասին դեռ չեն դադարում խոսելուց, տարեց ամուսինների մասին մի սրտակեղեք պատմություն է։

 

Դիտել ֆիլմը՝ Любовь, 2012, Михаэль Ханеке

 

Ուղեղի կաթվածից հետո կինն աստիճանաբար կորցնում է բանականությունը։ Նրա վարքը ճիշտ և ճիշտ դեմենցիայի կլինակական պատկերն է։ Այնքան տիպիկ, որ ֆիլմը լիովին կարելի է օգտագործել որպես ուսումնական նյութ բժիշկ-ուսանողների համար։ Ֆիլմի գլխավոր արժեքը, սակայն, այդ չէ։ Այն իսկապես սիրո պատմություն է, դրա վեհության և բազմադեմության մասին է, ամեն բան հաղթահարելու կարողության մասին, եթե անգամ ստիպված է լինում վճարել ամենասարսափելի գինը։

 

Դիմակայել մեղավորության զգացմանը

 

Հոգ տանել մեկի մասին, որն այլևս երբեք չի գնահատի այդ հոգատարությունը, այնքան դժվար է, որ հոգնածությունը, թվում է, սիրո կամ անգամ համակրանքի տեղ չի թողնում մտերիմ մարդու հանդեպ, և նրա հետ ապրողն սկսում է իրեն մեղավոր զգալ։ Մի ճնշեք ձեր հույզերն ու ապրումները, փորձեք հասկանալ դրանք։

 

1. Միայնակ մի մնացեք ձեր խնդիրների հետ։ Ընտանեկան հոգսերը չպետք է կտրի արտաքին աշխարհի հետ կապը։ Մի ամաչեք և ընկերներին ու բարեկամներին ուղիղ խնդրեք, որ հաճախ այցելեն կամ զանգահարեն ձեզ։ Շփվեք այն մարդկանց հետ, որոնք եղել են այդպիսի իրավիճակում և հասկանում են ձեզ։

2. Մի հրաժարվեք օգնությունից։ Ուղիղ ասեք, թե ինչի կարիք ունեք, միշտ թույլ տվեք, որ շրջապատող մարդիկ զգան, թե ձեզ համար որքան կարևոր է նրանց մասնակցությունը։

3. Այնքան մի սպասեք, որ բացասական հույզերը դուրս հորդեն հիվանդի ներկայությամբ։ Համոզվեք, որ ձեզ ոչ ոք չի տեսնում և չի լսում, ու, օրինակ, հարվածեք բարձին, որպեսզի ազատվեք կուտակված լարվածությունից ու ագրեսիայից։

4. Եթե հուզականորեն հյուծվել եք ու սպառվել, դիմեք հոգեբանի կամ բժշկի։ Թույլ մի տվեք, որ դեպրեսիա սկսվի։

5. Մի մոռացեք ժամանակ հատկացնել նաև ինքներդ ձեզ։ Ամեն օր ժամանակ գտեք սիրած գործով զբաղվելու համար։

 

 

Ալեքսանդր Սոնին, հոգեբան․

«Կարևոր է առաջին ազդանշանները բաց չթողնելը»

 

 

Ի՞նչ կարող է անել ժամանակակից բժշկությունը դեմենցիայի դեմ պայքարում

 

Դեմենցիայի մի քանի ձևերի դեպքում հնարավոր է ամբողջովին վերականգնել հիշողությունն ու մտածողությունը։ Մյուս տեսակների դեպքում, օրինակ՝ Ալցհեյմերի, հնարավոր է միայն դանդաղացնել ախտանշանների զարգացումը, մեղմել դրանց դրսևորումները, սակայն հիվանդության վաղ փուլերում։ Այդ պատճառով խիստ կարևոր է անհանգստացնող առաջին իսկ ազդանշանների դեպքում դիմել նյարդաբանի։

 

Արժե՞ ճշմարտությունն ասել հիվանդին

 

Ճշմարտությունը հարկավոր է ասել ախտորոշումն իմանալուց անմիջապես հետո և հարազատ մարդուն ժամանակ տալ, որ գիտակցի այդ լուրը։ Իմանալով, թե ինչ է սպասվում, նա կկարողանա պլանավորել մոտ և հեռու ապագան, լուծել ֆինանսական և այլ հարցերը, կտակ կազմել և այլն։ Հնարավոր է, որ մարդ ցանկանա թողնել աշխատանքն ու իրականացնել, օրինակ, վաղեմի երազանքը։

 

Հիվանդության սկզբում նա կարող է մասնակցել թերապիայի մասին քննարկումներին։ Երբ ընտանիքի անդամները չեն համարձակվում ասել ճշմարտությունը, լարվածոթյուն է ստեղծվում, որը միայն մեծացնում է հիվանդացած հարազատի տագնապն ու անհանգստությունը։ Պետք է պատրաստ լինեք նաև այն բանին, որ հիվանդը ձեզ չի հավատա։ Այդ դեպքում ավելի լավ է դիմել մասնագետի, օրինակ՝ հոգեբանի խորհրդատվության։

 

Հնարավո՞ր է պաշտպանվել դեմենցիայից

 

Ցավոք ներկայում չկան այնպիսի միջոցներ, որոնք կանխում են դեմենցիայի հիմնական պատճառները կամ կանգնեցնում դրա զարգացումը, բայց հնարավոր է լավացնել սեփական հիշողությունը, ուշադրությունն ու մտածողությունը՝ հոգալով առողջ ապրելակերպի մասին։ խոլեստերինի մակարդակը նվազեցնող մթերքներ ուտելը, ալկոհոլից և ծխախոտից հրաժարվելը, չափավոր և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը դրական գործոններ են։

 

Շատ կարևոր է ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը։ Այն մարդիկ, որոնք շատ են կարդում, մտածողությունն ակտիվացնող վարժություններ են գրում, ինտելեկտուալ խաղեր են խաղում, նոր լեզուներ են սովորում կամ էլ 50 տարեկանից հետո նոր մասնագիտություն են ձեռք բերում, խանգարումների վտանգն զգալիորեն նվազում է։

 

Վերջապես, շփման լայն շրջանակը նվազեցնում է կոգնիտիվ խանգարումների առաջացման հավանականությունը։ Ազդեցություն է ունենում նաև ընտանեկան վիճակը․ նրանք, որոնք ապրում են ընտանիքի հետ, միջինում կրկնակի քիչ են կանգնում դեմենցիայով հիվանդանալու վտանգի առաջ։

 

 

Հոդվածի վերահրապարակման դեպքում հղումը դեպի gerontology.am կայքին պարտադիր է։

 

155
12/05/2019 10:03:27

Կարդացեք նաև

Խորհուրդներ դեմենցիա ունեցող մարդու հարազատներին

Հիվանդի համար օրակարգ կազմեք և փորձեք կարգավորել նրա գործունեությունը: Օրակարգը պետք է ներառի...

Ալցհեյմերի հիվանդություն․ եթե հիվանդը հարազատդ է

Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական թուլամտության՝ դեմենցիայի ամենատարածված ձևերից մեկն է․․․

Գերիատրիկ մերսում

Թերշարժունակությունը տարեցների հիմնական խնդիրներից մեկն է։

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo