Կայացավ Գերիատրիայի 2-րդ միջազգային կոնգրեսը

img

Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, կայացավ գերիատրիայի 2-րդ միջազգային կոնգրեսը, որը կազմակերպել էր Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ Այն Հայաստանում ծերաբուժության զարգացման ճանապարհին կարևորագույն քայլերից մեկն էր։ Համաժողովի այս տարվա կարգախոսն էր՝ «Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին»։ 

 

Կոնգրեսի ընթացքում Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ժամանած մի շարք անվանի մասնագետներ ներկայացրին տարեց հասակին բնորոշ հիվանդությունների  և համախտանիշների առանձնահատկությունները, դրանց բուժման և կանխարգելման մոտեցումներն ու առողջ ծերացման գլխավոր սկզբունքները։ Մասնավորապես՝ դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպական գերիատրիկ բժշկության միության (EuGMS) նախագահ պրոֆեսոր Ֆինբար Մարտինը, Գերիատրիկ ուռուցքաբանության միջազգային միության ներկայացուցիչ պրոֆեսոր Մարտին Էքստերմանը, Ռուսական գերոնոտոլոգիական գիտահետազոտական կենտրոնի սրտաբան պրոֆեսոր Յուլիա Կոտովսկայան և նյարդաբան Էլեն Մխիթարյանը, Իսրայելից պրոֆեսիոնալ գերիատրներ Աննա Գիչկան և Պոլինա Կեմելմանը։

 

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը։

 

«Տարեցները միշտ նշանակալի դեր են խաղացել հասարակության մեջ` որպես առաջնորդներ, խնամատարներ և ավանդույթի պահպանողներ: Այնուամենայնիվ, նրանք նաև շատ խոցելի են, շատերը հայտնվում են աղքատության մեջ, հաշմանդամություն են ձեռք բերում կամ բախվում են խտրականության... Հայաստանը, միջազգային չափանիշներով, ծերացող բնակչություն ունի. 2018-ին երկրում 65+ բնակչության մասնաբաժինը կազմել է 11,6%, և, ՄԱԿ-ի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը այն կհասնի 23%-ի... Տարեց լինելը մեր ապագան է։ Եկեք այնպես անենք, որ ունենանք հնարավորինս լավ, առողջ և պտղաբեր ապագա։ Եկեք կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին», - նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողը։

 

Ըստ ՀՀ առողջապահության փոխնախարարի, տարեցների մասնաբաժինը շարունակելու է աճել, և այդ պայմաններում Առողջապահության նախարարության դերակատարումը մեծանում է նոր ծրագրեր մշակելու, նոր լուծումներ գտնելու առումով, որպեսզի կարողանանք ապահովել բնակչության բժշկական ծառայությունների անհրաժեշտ ծավալը։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը նշեց, որ 2020-2024 թվականների ռազմավարության շրջանակներում նախատեսվում են մի շարք ծրագրեր։

 

«Մեզ համար մեծ պատիվ է արտասահմանից ժամանած մեր հյուրերի ներկայությունը, որոնք եկել են իրենց փորձը կիսելու և մեր երկրում իրենց ներդրումն ունենալու համար։ Այսօր Տարեցների միջազգային օրն է և բոլորիս մտքում կան բազմաթիվ շնորհավորանքներ, բայց եկեք այս անգամ շնորհավորանքների փոխարեն ուղղակի գործ անենք։ Եկեք ամեն պահ մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխվի տարեցների կյանքի որակը», - նշեց Արթուր Թորոսյանը։

123
05/10/2019 12:39:16

Կարդացեք նաև

Գերիատրիայի երկրորդ միջազգային կոնգրես

«Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ կյանքին»

Դասընթաց բուժքույրերի և խնամողների համար

Դասընթացը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից...

Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրես

Կոնգրեսի նշանաբանն է՝ Հանուն առողջ ծերության

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo