Ինչպե՞ս պետք է սնվեն 50-ն անց կանայք

img

Դաշտանադադարի շրջանում կինն ավելի արագ է գիրանում, քանի որ մկանային զանգվածն սկսում է փոխարինվել ճարպային հյուսվածքով: Այդ պայմանավորված է նյութափոխանակության դանդաղմամբ, ինչի արդյունքում սննդի ածխաջրերի և ճարպերի մնացորդներն անխուսափելիորեն պահուստավորվում են որպես ճարպային հյուսվածք:

Հորմոնային փոփոխությունները կարող են հանգեցնել մի շարք նոր ախտանշանների և զգացողությունների (ջերմային առհոսք, գիշերային քրտնարտադրություն, գլխացավ և այլն), ինչպես նաև մեծացնել սրտի հիվանդությունների առաջացման վտանգը և նպաստել անոթային ճնշման բարձրացմանը:

Կլիմաքսի ժամանակ արյան մեջ էստրոգենների մակարդակի անկումը մեծացնում է օստեոպորոզի առաջացման վտանգը: Բացի այդ, ստամոքսահյութի ցածր թթվայնությունը նվազեցնում է օգտակար սննդանյութերի յուրացման արագությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնհայտ է դառնում, որ 50 տարեկանից հետո կինը պետք է հատուկ ուշադրություն դարձնի իր սննդակարգին: Այդպիսի «դիետայի» հիմնական նպատակը բնականոն քաշի և սրտի ու ոսկորների առողջության պահպանումն է:

Ավելի շատ վիտամին B12

Վիտամին B12-ը շատ կարևոր է նյարդային համակարգի համար: Առանց այդ վիտամինի անհնար է ԴՆԹ-ի բնականոն ձևավորումը, իսկ այդ պարագայում անհնար է նաև վնասված բջիջների վերականգնումը: Սովորաբար վիտամին В12-ը սննդից առանձնացվում է թթու ստամոքսահյութի ազդեցությամբ, սակայն տարիքին համընթաց ստամոքսահյութի թթվայնությունը պակասում է, ինչը դժվարացնում է վիտամին В12-ի ներծծումը: Փորձեք սննդում ավելի շատ օգտագործել ձկան և մսի անյուղ տեսակները:

Քիչ աղ, շատ բջջանյութ

Տարիքին համընթաց անոթային հիպերտենզիայի զարգացման վտանգը մեծանում է: Բարձր ճնշումը մեծացնում է սրտի կաթվածի, ինսուլտի, սրտի անբավարարության և անգամ հանկարծակի մահվան վտանգը: Անոթային հիպերտենզիայի և նրա հետևանքների վտանգը նվազեցնելու նպատակով հարկավոր է նվազեցնել աղի քանակը, ինչպես նաև ազատվել ավելորդ քաշից:

Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում օգտագործել առավելագույնը 1.5 գր աղ, ինչը հավասար է թեյի գդալի կեսին: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ աղն ամենամեծ քանակով պարունակվում է պատրաստի սննդամթերքներում՝ չիփսում, պահածոյացված, սառեցված ուտեստներում և այլն: Փորձեք ինքներդ ձեզ համար ուտելիքներ պատրաստել, որպեսզի վերահսկեք աղի քանակը:

Բջջանյութը սննդի կարևոր բաղադրիչներից է: Այն բարելավում է մարսողությունը, ինչպես նաև թույլ տալիս արագ հագենալ, իսկ դա նշանակում է ավելի քիչ ուտել: Մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում նուշը, կանաչ ոլոռը, ամբողջական ցորենից պատրաստված հացը, շագանակագույն բրինձը, կաղամբը և այլն: Բջջանյութը հնարավոր է ընդունել նաև հաբերի տեսքով:

Ո՛չ երկաթի հավելումներին

Կանանց մեծամասնությունը 50 տարեկանում արդեն իսկ թևակոխել է դաշտանադադարի շրջան: Դա նշանակում է, որ ամիսը մի քանի օր այլևս արյուն չեն կորցնում: Այդ հանգամանքով պայմանավորված՝ օրգանիզմում երկաթի պահանջը նվազում է մինչև օրական 8մգ (նախքան դաշտանադադարը՝ 18մգ):

Եթե մուլտիվիտամինային հավելանյութեր եք օգտագործում, ապա ստուգեք բաղադրությունը. դրանք չպետք է երկաթ պարունակեն: Ձեզ անհրաժեշտ երկաթի քանակությունն այժմ ստանում եք սննդի միջոցով, իսկ այդ տարրի ավելցուկն օրգանիզմում կարող է կործանարար ազդեցություն ունենալ լյարդի, սրտի և այլ օրգանների վրա:

Վիտամինային հավելումներ կարելի է ընդունել միայն անհրաժեշտության դեպքում և միայն բժշկի նշանակմամբ:

Ավելի շատ կալցիում և վիտամին D

Ձեր ոսկորների առողջությունը չպետք է երկրորդական դառնա: Վերջիններիս կոտրման վտանգը մեծանում է հիսունն անց կանանց շրջանում: Եթե դաշտանադադարի փուլում եք և փոխարինիչ հորմոնային թերապիա եք անցնում, ապա պետք է օրական 1500մգ կալցիում ստանաք:

 

Սկզբնաղբյուրը՝ www.sotskiy.am

508
12/05/2019 09:34:50

Կարդացեք նաև

Հիշողության վատացումը և հեռուստացույցը

Երկարատև հեռուստացույց նայելը վատացնում է տարեցների հիշողությունը...

Սեռական կյանքը 50-ից հետո. տարիքը լուրջ գործոն չէ

Կա մի կարծրատիպ, որ 50 տարեկանից հետո սեռական կյանք գոյություն չունի, իսկ եթե լինում է, ուրեմն...

Գիտական սեմինար Սալոնիկում, Հունաստան

«Երկարատև խնամքի կարիք ունեցող գերիատրիկ պացիենտը. համայնքից ինստիտուտ և հակառակը»

© 2020 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo