Կանխում ենք տանն ընկնելը

img

Ընկնելու վտանգը

 

Ընկնելը տարեց հասակին բնորոշ համախտանիշ է։ Հազարավոր տարեցներ ընկնում են ոչ միայն դրսում, այլև իրենց իսկ տանը։ Նրանցից շատերը լուրջ վնասվածքներ են ունենում՝ ներառյալ կոտրվածքներ (ազդրոսկրի վզիկի, ձեռքերի և ոտքերի դիստալ (հեռակա) հատվածների, կոնքի ոսկորների, ողների և այլն)։ Եթե անգամ լուրջ վնասվածք չի լինում, միևնույնն է, երբեմն ընկնելն այնքան վախեցնող է լինում, որ տարեցն սկսում է խուսափել այս կամ այն բանն անելուց, որովհետև վախենում է կրկին ընկնելուց։ 

 

Ընկնելուն հաճախ նպաստում են արտաքին պատճառները, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձնում առօրյայում։ Իրականում հնարավոր է դրանք հեշտությամբ վերացնել և ապահով միջավայր ստեղծել։

 

Հանձնարարականներ

 

Տան ամեն սենյակում ստուգեք հատակի վիճակը։ Հատակի մակերեսը պետք է լինի հարթ, ուղիղ, չլինի սայթաքուն։

 

Ապահովեք տան լավ լուսավորվածությունը։ Օգտագործեք բարձր հզորությամբ լամպեր․ լուսածորող լամպերն ավելի խնայող են և վառ լուսավորող։

 

Տանը տեղաշարժվելը պետք է հարմար լինի ձեզ համար։ Ազատեք անցումները և միջանցքները։ Անհրաժեշտության դեպքում որևէ մեկին խնդրեք տեղափոխել կահույքը։

 

Հատակն ազատեք ավելորդ իրերից (կոշիկները, պայուսակները, արկղերը, ընտանի կենդանիների պարագաները և այլն)։ Երբեք հատակին մի դրեք դրանք։

 

Հաճախ օգտագործվող իրերը դրեք պահարանի ներքևի դարակներում (մոտավորապես գոտկատեղի բարձրության)։

 

Հավաքեք փոքրիկ գորգերը, որոնք հեշտությամբ սահում են հատակի վրայից, կամ էլ երկկողմանի կպչուն ժապավեն օգտագործեք դրանք հատակին կպցնելու համար։

 

Ստուգեք անկողնու բարձրությունը։ Նստելն ու վեր կենելը պետք է հարմար լինի ձեզ համար։ Ներքնակի վերին սահմանը պետք է լինի ծնկների մակարդակին։

 

Անհրաժեշտ բոլոր իրերը՝ ակնոց, գրքեր, թերթեր, դեղորայք, ջուր, ժամացույց և այլն, պետք է դրված լինեն անկողնում գլխամասի մոտ։

 

Լուսամփոփն այնպես հարմարեցրեք, որ պառկած վիճակում այն անջատելն ու միացնելը հեշտ լինի։

 

Լարերը, մալուխները (լամպի, հեռախոսի, երկարացնող լարի և այլն) փաթաթեք կամ ամրացրեք պատին, որպեսզի ոտքի տակ չընկնեն, անհրաժեշտության դեպքում էլեկտրիկի կանչեք, որպեսզի հավելյալ վարդակներ դնի։

 

Մասնագետի հրավիրեք, որպեսզի լոգարանում վաննայի (լոգախցիկի) և զուգարանի մոտ բռնակներ դնի։

 

Լոգարանի հատակին և լոգախցիկում սայթաքելը կանխող գորգ կամ ինքնակպչուն ժապավեն կպցրեք։

 

Որևէ մեկին խնդրեք, որ աստիճանի բոլոր եզրերը սպիտակ (կարմիր) ներկի կամ դրանց սպիտակ (կարմիր) ժապավեն կպցնի, որպեսզի տեսանելի լինեն։

 

Ինչի՞ց խուսափել

 

  • Պահարանի վերին դարակներից ինքնուրույն իրեր վերցնելուց։
  • Տանն առանց հետնամասի հողաթափեր կրելուց, որոնք մեծացնում են ընկնելու հավանականությունը և հաճախ դուրս են գալիս ոտքերից։
  • Աթոռի վրա կանգնելուց և ձեռնասանդուղքի վրա բարձրանալուց։

 

Հանձնարարականներ ընկնելու վտանգը կանխելու համար

 

Հաճախ ֆիզիկական վարժություններ արեք։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը լավացնում է կոորդինացիան և ամրացնում է օրգանիզմը։

 

Խորհրդակցեք ձեր բժշկի հետ և խնդրեք վերանայել դեղորայքը, որ ընդունում եք։ Դրանցից որոշները կարող են քնկոտություն առաջացնել կամ թուլացնել ուշադրությունը։

 

Տարին մեկ անգամ դիմեք ակնաբույժի և ստուգեք տեսողությունը։ Վատ տեսողությունը մեծացնում է ընկնելու հավանականությունը։

 

Փորձեք միշտ դանդաղ վեր կենալ պառկած և նստած տեղից։ Հաճախ տարեցներն ընկնում են, որովհետև պարզապես շտապում են տեղից վեր կենալիս։

 

Եթե դժվարանում եք կապել կոշիկի թելերը, ավելի լավ կլինի դրանք փոխարինեք լայն ռեզինով կամ կպչուն ամրակով։

 

Հավելյալ հանձնարարականներ

 

Առաջին օգնության ծառայությունների հեռախոսահամարները գրեք և ամրացրեք տան հեռախոսների կողքին։

 

Հեռախոսը հատակին մոտ դրեք, որպեսզի ընկնելու և վեր կենալ չկարողանալու դեպքում հնարավոր լինի օգտվել։

 

Բջջային հեռախոսը պահեք գրպանում, որպեսզի կարողանաք տագնապի նշան տալ ընկած մնալու դեպքում։

 

Գրեք և հասանելի տեղում դրեք ձեր բժշկի, հարազատների և ընկերների անուններն ու հեռախոսահամարները․ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են բժշկական կարևոր տեղեկություններ տալ։

 

Ձեր հարազատները պետք է իմանան, թե որտեղ եք պահում ձեր անձնագիրը, ծննդյան վկայականը, բժշկական ապահովագրության թղթերը և անձնական այլ փաստաթղթերը, կոմունալ վճարումների կտրոնները և այլն։

 

 

 

Հոդվածը վերահրապարակելիս հղումը սկզբնաղբյուրին՝ gerontology.am կայքին, պարտադիր է։

 

 

 

 

 

 

556
27/07/2019 02:16:50

Կարդացեք նաև

Սննդի հիմնական բաղադրամասերը

Մարդկանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ապահովող կարևորագույն բաղադրամասերը․․․

Ֆիզիկական ակտիվություն․ հանձնարարականներ

Մեծահասակների համար ֆիզիկական ակտիվությունը նույնքան կարևոր է, որքան երիտասարդների համար․․․

Մարդու հոգեբանական տարիքը․ թեստ և մեթոդիկա

Այս թեստի շնորհիվ կարելի է ինքնուրույն գնահատել ձեր կյանքի տարբեր ժամանակահատվածները՝ ....

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo