Դեմենցիա (թուլամտություն) ունեցող տարեցների հետ վարվելակերպի կանոնները

Դեմենցիա (թուլամտություն) ունեցող տարեցների հետ վարվելակերպի կանոնները

Դեմենցիան ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի ձեռք բերման դժվարացմամբ կամ անհնարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումը: 


Դեմենցիայի ժամանակ տարեց մարդը տվյալ օրը կարող է լինել հանգիստ և ադեկվատ, իսկ հաջորդ օրը կարող է դուրս գալ տանից և անհետանալ որոշ ժամանակով: Հետևաբար՝ թուլամտություն ունեցող տարեցների հարազատները պետք է ամբողջովին վերակառուցեն սեփական կյանքը՝ առաջին տեղում դնելով տարեցի հետաքրքրություններն ու անվտանգությունը: Որոշ բժիշկներ պնդում են, որ նման մարդկանց հանդեպ անհրաժեշտ է շուրջօրյա հսկողություն, և երբ այդ ամենը մեկ մարդու ուսերին է դրված, բավականին բարդ է, քանի որ տվյալ մարդը նույնպես կարող է ունենալ աշխատանք, ընտանիք և հետևաբար՝ այդ շուրջօրյա հսկողությունը մեծ ջանքեր և ժամանակ կպահանջի հարազատից։
 

 

  • Խորհուրդ է տրվում ճիշտ պլանավորել  ռեժիմը, մանրակրկիտ մտածել կյանքի պայմանների մասին: Պետք Է տարեց մարդկանց խնամել՝ «չեմ կարողանում»-ի և «չեմ ցանկանում»-ի փոխարեն: Իհարկե դժվար է սիրել և հոգ տանել այն մարդու մասին, ով ձեզ կշտամբում է, մեղադրում կոպիտ վերաբերմունքի համար, բողոքում հարևաններին քաղցից և սարսափելի կյանքի պայմաններից: Ցավոք, թուլամտություն ունեցող մարդկանց համար սովորական է հարազատների թշնամաբար վերբերել։ Հարազատները պետք է հասկանան, որ այս խոսքերը չեն գալիս իրենց սիրելի մոր, հոգատար տատիկի կամ կենսուրախ հայրիկի անձից, որոնք ողջ կյանքում խելացի և բարի են եղել։ Նրանց փոխարեն՝ խոսում է ուղեղի բջիջները քայքայող հիվանդությունը: Կարևոր է հիշել կյանքում տեղի ունեցած բոլոր լավ բաները: Նայել դրական հիշողություններ արթնացնող լուսանկարներ, որը ուժ կտա թուլամտություն ունեցող մարդուն խնամելու և նրա մասին հոգ տանելու համար:
  • Անհրաժեշտ է հասկանալ, որ հիվանդի համար նույնպես դժվար է, քանի որ փոխվել է նրա սովորական ապրելակերպը: Հաճախ նա չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, չի ճանաչում շրջապատողներին, և անընդհատ նրան ուղեկցում է տագնապայնության և անհանգստության զգացումները: Անվերջ հարցեր տալով՝ տարեց մարդիկ փորձում են ստուգել, թե արդյո՞ք իրենց հարազատը իսկապես պատրաստ է իրենց օգնել, և արդյո՞ք չի լքի իրեն դժվարին իրավիճակում: Սա իրականում ուժեղ ներքին վախերի դրսևորում  է: 
  • Դեմենցիա ունեցող մարդու հետ անհրաժեշտ է հատուկ ձևով վերակառուցել վարքի և հաղորդակցության տակտիկան: Դրա համար պետք է.

 

 

  1. Խոսակցության նախաձեռնությունը վերցրե՛ք ձեր ձեռքը: Եղե՛ք առաջինը, ով կտա պարզ հարցեր, մի՛ շեղվեք, ուշադի՛ր լսեք պատասխանները:
  2. Խոսե՛ք դանդաղ, սահուն և անհրաժեշտության դեպքում կրկնե՛ք բառերը կամ արտահայտությունները:
  3. Փորձե՛ք պահպանել չեզոք երանգ և մի՛ բարձրացրեք ձեր ձայնը: Հիվանդը հաճախ մոռանում է տարրական բառերի իմաստները, և զրույցի ընթացքում առաջնորդվում է առաջին հերթին զրուցակցի տոնով:
  4. Հարցերը ձևակերպե՛ք այնպես, որոնց կարողանան պատասխանել միավանկ բառերով՝ «այո», «ոչ», «չգիտեմ»:
  5. Ավելի հաճախ հիշե՛ք անցյալի մարդկանց և փաստերը, քանի որ տվյալ հիվանդները հանգստություն են ունենում, երբ խոսքը ասվում է որևէ ծանոթ երևույթի մասին (ինչպես գիտենք, նրանք ավելի լավ են հիշում այն, ինչ տեղի է ունեցել տասնամյակներ առաջ, քան նախորդ օրվա իրադարձությունները):

 

 

  • Հոգ տանելով դեմենցիա ունեցող մարդու մասին՝ հարազատի համար դժվար է միշտ գտնվել հանգիստ և հավասարակշռաած վիճակում: Հետևաբար՝ հիվանդի նկատմամբ բարկության և բացասական պոռթկումների ի հայտ գալու ժամանակ պետք չէ, որ ինքներդ ձեզ մեղադրեք: Պարզապես պետք է փորձել այդ գրգռվածությունն ու պոռթկումները չթափել հիվանդի վրա, կարելի տվյալ պահին դուրս գալ սենյակից, գնալ կա՛մ պատշգամբ, կա՛մ փողոց, մի փոքր մենակ մնալ, հավաքել մտքերը: Կամ կարող եք զանգել ձեր ընկերներից մեկին, խնդրե՛ք, որ լսի ձեզ, ինչը հնարավորություն կտա հուզականորեն լիցքաթափվել: Սակայն պետք է այդ պահին այնպես անել, որ հիվանդը չլսի ձեր խոսակցությունը: Եթե ձեր դեպքում հոգնածությունը տանում է դեպի ուժասպառության, խորհուրդ է տրվում դիմել բժշկի, չպետք է թողնել, որ զարգանա դեպրեսիա: Եթե ինչ-որ մեկը օգնություն է առաջարկում, անպայման օգտագործե՛ք այն և հանգստացրե՛ք ձեր մարմինը:

 

 

Աղբյուրը՝    
www.pro-vozrast.ru

Հոդվածը կազմեց հոգեբան Վանեսա Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է:

 
 

03.09.2021 11:05 Նյութը դիտվել է՝ 211 անգամ: