«Ես 30 տարեկան եմ և վախենում եմ ծերանալուց»․ ինչպե՞ս վարվել

«Ես 30 տարեկան եմ և վախենում եմ ծերանալուց»․ ինչպե՞ս վարվել

Ձեզ համար լավ լուր ունենք. ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես կարծում եք: Պարզվում է, որ կյանքի յուրաքանչյուր փուլին հնարավոր է և պետք է նախապատրաստվել, իսկ ծեր կամ տարեց լինելը չի նշանակում պարտադիր կորցնել սոցիալական կապերը, աշխատունակությունը և լինել տկար:

 

Ինչու՞ ենք վախենում ծերանալուց

 

Կյանքի հաջորդող փուլի հետ կապված վախը ձևավորվում է երկու պատճառով․ 

 

  1. Մեր հասարակությունը էյջիստական է․ թեպետ տարեցներին և կյանքի մեծ փորձ ունեցող մարդկանց հարգում են, այնուամենայնիվ էյջիզիզմը շատ տարածված է: Մենք ծերությունը ասոցացնում ենք ինչ-որ բացասական բանի՝ անկարողության, ճանաչողական խանգարումների, թուլամտության, կարողություններդ կիրառել չկարողանալու հետ: Չնայած, վերջին տարիներին ձևավորվում է էյջիզմը հաղթահարելու միտում. սա և´առանձին ընկերությունների կողմից տարեց մարդկանց համար աշխատանքային տեղերի ստեղծումն է, և´ ծեր մարդկանց համար նորաձևության մեջ ներգրավելը և այլն:
  2. Մեր հասարակության մեջ ինքդ քեզ կյանքի հաջորդ փուլին նախապատրաստելու մշակույթ չկա: Օրինակ՝ երբ մենք դպրոց ենք գնում, ծնողները մեզ նախապատրաստում են քոլեջ կամ բուհ ընդունվելուն: Երբ սովորում ենք համալսարանում, մտածում ենք այն մասին, թե ինչպես ընտանիք կազմենք, բնակարան գնենք, ծրագրում ենք մեր կարիերան: Բայց երբ դառնում ենք 40 տարեկան, չենք մտածում, որ մի օր կդառնանք 60 կամ 70, չենք մտածում ֆունկցիոնալ լինելու մասին, մտածում ենք՝ կկարողանա՞նք արդյոք աշխատել, ո՞վ պետք է մեզ խնամի, եթե տկարանանք: Այս փուլը ամբողջությամբ բաց է մնում:

 

Պասկալ Բրյուկները «Կարճատև հավերժություն. երկարակեցության փիլիսոփայությունը» գրքում գրում է, որ վերջին հարյուր տարվա քաղաքակրթության հասնելը մեզ նվիրել է երկրորդ կյանք: Նախկինում ապրում էին միջինում 45-50 տարի, իսկ այժմ՝ 80-90: Բայց մարդիկ չգիտեն, թե ինչպես տնօրինեն եղած ժամանակը:

 

 

«Ես 30 տարեկան եմ և վախենում եմ ծերանալուց»

 

Առաջնահերթորեն պետք է հասկանալ պատճառները: Եթե դուք վախենում եք, որովհետև անհանգստացած եք ձեր առողջական վիճակով, ապա պետք է աշխատել այդ ուղղությամբ: Հիմա ծերության կանխարգելման նոր մոտեցումներ են առաջացել․ նախկինում այն կետրոնացված էր դեֆիցիտի մասին նախազգուշացնելու և ռիսկի գործոնները վերացնելու վրա. եթե ծխում ես, ապա մի´ ծխիր, եթե խմում ես, ապա մի´խմիր: Նման մոտեցումից չեն հրաժարվում նաև այսօր: Առաջացել է նաև նոր ուղղություն. անգլերենում այն անվանում են «resilience», ռուսերենում՝ «неуязвимость», «жизнеспособность», հայերենում՝ ճկունություն: Այսպիսի մոտեցման դեպքում՝ համարում են, որ ցանկացած մարդ, նույնիսկ հիվանդությունների առկայության դեպքում, ունի ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս լինել կենսունակ: Կանխարգելման նոր մոդելները ուղղված են կենսունակության զարգացմանը: 

 

Եթե վախենում եք, որ տարեց հասակում մասնագիտական տեսանկյունից պահանջված չեք լինի, ապա մեկ այլ մասնագիտական ուղղվածություն ընտրեք: Եթե անհանգստանում եք միայնակ լինելու համար, ապա պետք է ստեղծել լայն սոցիալական կապեր: Գերոնտոլոգիայում միայնության սինդրոմը ընդգծվում է որպես առանձին պաթոլոգիական վիճակ, քանի որ այն ազդում է առողջության վրա: Սոցիալական պաշտպանության աշխատակիցների հետ մասնագետները հետազոտել են այն մարդկանց, որոնք ապրում են ընտանիքի հետ և միայնակ: Ուսումնասիրել են սուր շնչառական վարակի հաճախականությունը, քրոնիկ հիվանդությունների ընթացքը, մկանների ուժը, տեղաշարժվելու արագությունը և սնվելու բնույթը: Զարմանալիորեն այս երկու խմբերի մեջ տարբերություններ չկան: Բայց երբ տարեցներին բաժանում են ըստ միայնության զգացում ունենալու սկզբունքի (ըստ Ռասսելի և Ֆերգյուսոնի հարցաթերթիկի), ապա ստացվում են պարզ տարբերություններ:

 

Այն մարդիկ, որոնք միայնության զգացում ունեն, վատ են սնվում և տեղաշարժվում. նրանց դեպքում հիվանդացության ցուցանիշը բարձր է: Նրանք, որոնք իրենց միայնակ չեն զգում, ունեն հակառակ տվյալները: Մարդը կարող է ապրել ընտանիքի հետ, բայց ունենալ միայնության բարձր զգացում, օրինակ՝ երբ երեխաները ծեր ծնողների հետ շփվելու ժամանակ չունեն: Իսկ ինչ-որ մեկը, որ միայնակ է ապրում և ունի լայն սոցիալական կապեր, կամ կամավոր է, կամ ինչ-որ աշխատանք ունի, իրեն միայնակ չի զգում: Որքան մարդը շփվում է, որքան սոցիալապես պահանջված է, այնքան լավ են նրա առողջական ցուցանիշները:

 

 

«Ինչու՞ եմ վախենում տարիքիս մասին խոսելուց»

 

Հիմնական պատճառն այն է, որ հասարակության մեջ գոյություն ունեն էյջիստական դրույթներ: Եթե հանրությունը հանդուրժողական լիներ ցանկացած տարիքի մարդու նկատմամբ, ընդուներ բոլոր տարիքների հավասարության հնարավորությունը, ապա մարդը տարիքը թաքցնելու պատճառ չէր ունենա: Այս միտումները փոխելու համար պետք է պայքարել խտրականությունների դեմ: Հետաքրքիր է՝ չկա հանրություն, որ խտրականություն է դնում ծերերի ու երիտասարդների միջև, բայց խտրականացնում է՝ ըստ սեռի և կողմնորոշման: Խտրականացումը բազմակողմանի է: Մենք, ընդհանուր առմամբ, պետք է պայքարենք հանդուրժողական հասարակություն ստեղծելու համար:
Օրինակ՝ նախկինում «Lancome»-ն խզել էր իտալացի դերասանուհի Իզաբել Ռոսսելինիի հետ կնքած պայմանագիրը, երբ նա դարձել է 40 տարեկան: Բայց ժամանակները փոխվեցին, և երբ նա դարձավ 60 տարեկան, այս բրենդը խնդրեց դերասանուհուն վերադառնալ: Ընկերությունը փոխեց իր քաղաքականությունը և սկսեց աջակցել բոլորին՝ անկախ տարիքից:

 

Իրենց տարիքի մասին ազատ խոսող մարդկանց օրինակները շատ կարևոր են: Կարելի է հիշել Ստեֆանիա Ստանյուտային, ով իր բոլոր հաջողված դերերն ստանձնել է բավականին հասուն տարիքում՝ կատարելով տարեց գյուղացի կանանց դերեր և չամաչելով դրանից: Իսկ բելառուս Օլգա Շատիկոն, որը մասնագիտությամբ բժիշկ է, 70 տարեկանում դարձավ Instagram-ի աստղ: Լավ օրինակ է նաև Էդիտա Պիեխան, որը երբեք չի թաքցնում իր տարիքը, կամ Ալլա Պուգաչովան, որը չվախեցավ 64 տարեկանում մայրանալուց, և ազատ խոսում է այդ մասին: Ըստ էության՝ նա հակաէյջիզմի արշավ իրականացրեց և ցույց տվեց փոխնակ մայրության կարևորությունը: Որքան շատ են վառ անհատականություն ունեցող մարդիկ խոսում տարիքի մասին և ոգեշնչում սեփական օրինակով, այնքան արագ է հասարակությունը առաջադիմում:

 

«Ի՞նչ անել, եթե ես չեմ կարող ընդունել իմ արտաքին փոփոխությունները»

 

Արտաքին փոփոխությունները չընդունելը փակուղային ճանապարհ է: 60 տարեկանում կարելի է 30 տարեկան աղջկա դեմք ունենալ, նույնիսկ փոխել հոդերը և քայլվածքն ավելի թեթև դարձնել: Սակայն գլխուղեղում բոտոքս հնարավոր չէ անել: Պետք է ցանկացած տարիքում կարողանալ լինել գրավիչ: Կոսմետոլոգներն ասում են, որ իրենց դիմում են 18-20 տարեկան աղջիկներ, որոնք սարսափում են, երբ հայելու մեջ տեսնում են իրենց կնճիռները: Այդպես չպետք է լինի: Նախ վատ է, որ մարդը չի ընդունում իր տարիքը․ այդ դեպքում հոգեբանի հետ աշխատելու անհրաժեշտություն կա: Հետո պետք է կոսմետիկ մանիպուլիացիաների մշակույթ ձևավորել՝ որպես բժշկական միջամտություն: Վերջին տասնամյակներին «հիվանդների խնդրանքով» կոսմետոլոգիայում ներարկումային մեթոդների վերելք է, սակայն ինչպես յուրաքանչյուր բժշկական մանիպուլիացիա, այնպես էլ այդ կարող է ունենալ բարդություններ: Այդ պատճառով էլ պետք է լսել բժիշկներին և իրականացնել այդ մանիպուլիացիաները միայն խիստ ցուցումներով և միայն սերտիֆիկացված մասնագետի մոտ:

 

Վերջին տարիներին կոսմետոլոգիայի հարցերով զբաղվող բժշկական սիմպոզիումները նվիրված են բարդությունների առաջացմանը: Եվ իսկապես, զննելով այս ծառայություններից 10-15 տարի օգտվող հիվանդերին, մենք տեսնում ենք, որ տեսքը լավ պահպանելու համար անհրաժեշտ է ավելի հաճախ իրականացնել պրոցեդուրաները: Իսկ դրանք հանգեցնում են մաշկի վաղօրոք ծերացման, որը իր հերթին պահանջում է ավելի մեծ միջամտություններ, նաև զարգանում են ենթամաշկի շերտերի փոփոխություններ, առաջանում են շարակցական հյուսվածքի և սպիացման խնդիրներ: Կնճիռները պետք է ընդունել որպես խելքի և իմաստնության նշան: Վախ կարող է առաջանալ նրանից, որ շրջապատը չի ընդունում մարդուն: Երբ կանայք դիմում են կոսմետոլոգիական շտկման, նրանց ասում են՝ «Դուք շատ լավ տեսք ունեք: Դուք գեղեցիկ եք: Ինչու՞ եք ուզում կատարելագործվել», իսկ նրանք պատասխանում են՝ «Իմ ամուսինն ինձ չի ընդունում»: Բայց կա տղամարդու առողջության հասկացությունը: Հնարավոր է, որ տղամարդը կնոջը չի ընդունում ոչ թե այն պատճառվ, որ նա «տգեղ է», այլ այն պատճառով, որ նրա դեպքում նկատվում է տարիքային անդրոգեն դեֆիցիտ՝ արական կլիմաքս: 

 

«Ես իմ արտաքինի պատճառով տարակուսանքի մեջ եմ  և իմ ուժերը ծախսում եմ ավելի երիտասարդ երևալու համար: Նորմա՞լ է»

 

Պետք է հասկանալ, թե այն ինչպես է կապված մարդու կյանքի և սոցիալական ֆունկցիաների հետ: Եթե մարդն առողջ ապրելակերպ ունի, ապա հիանալի է: Բայց եթե դրա պատճառով կյանքի որակը վատանում է, ապա առաջ է գալիս հոգեբանական անհարմարություն, սոցիալական կապերը խզվում են, ավարտվում է կարիերան և առողջության հետ կապված խնդիրներ են առաջանում, անհրաժեշտ է մտածել այդ մասին:
Կա այսպիսի մի հասկացութուն՝ «մահվան հետևից վազել», երբ մարդը հյուծում է իրեն դիետաներով և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, ինչն առաջ է բերում առողջական խնդիրներ․ այդ պաթոլոգիական վիճակ է: Այստեղ անհրաժեշտ է հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնություն, ինչպես նյարդային անորեքսիայի դեպքում: Կարևոր է հիշել, որ ժամանակակից աշխարհը բանականության աշխարհ է: Մենք պետք է պահպանենք ինքներս մեզ՝ որպես անհատ, զարգացնելու մշակույթը: Քանի որ անհատը ավելի խորը հասկացություն է, քան արտաքին տեսքը, այդ պատճառով էլ համաչափ զարգացման համար անհրաժեշտ է ուժ և ժամանակ ներդնել ոչ միայն ֆիզիկական տեսքի, առողջության և գեղեցկության, այլև խելքի համար:

 

«Ի՞նչ անել, եթե ես ինձ հիմա ավելի վատ եմ զգում, քան նախկինում. ես դժվարությամբ եմ աշխատում և դժվարությամբ եմ ամեն ինչ հասցնում անել»

 

Տարիքը և աշխատունակությունը ոչ մի կերպ կապված չեն: Կայուն հավասարության պայմաններում մարդը 70 տարեկանում կարող է նույնքան աշխատունակ լինել, որքան 30-ում: Վերցնենք ԱՄՆ-ի վերջին երկու նախագահների օրինակը: Երբ Թրամփն ընտրվեց, 71 տարեկան էր (այդ ժամանակ ԱՄՆ-ի առաջին դեմքի դեպքում՝ բացարձակ ռեկորդ էր), Բայդենը՝ 78 (միանգամից 7 տարով գերազանցեց Թրամփի ռեկորդը): Նրանք հաջողությամբ հոգնեցուցիչ ընտրարշավեր էին անցկացնում, իսկ երկիրը քվեարկում էր նրանց օգտին: Եթե մարդու աշխատունակությունը, ի տարբերություն կյանքի այլ փուլի, նվազել է, ապա պետք է հասկանալ, թե այդ ամենը ինչի հետ է կապված: Կարող է հոգեբանական բնույթի խնդիր լինել կամ կարող է խնդիրը կապված լինել առողջության հետ: Օրինակ՝ անեմիան (սակավարյունություն) առաջին էտապներում արտահայտված չէ, բայց հոգնածություն է առաջացնում: Կամ պատճառը վահանագեղձի ֆունկցիայի նվազումն է: Անհրաժեշտ է դիմել թերապևտի: Գոյություն ունի հետազոտության բազային ծրագիր, որը բացահայտում է այս վիճակների հնարավոր պատճառները: 30 տարեկանում մարդկանց 10%-ի դեպքում է առկա հիպերտոնիա, 60 տարեկանում՝ 50-60%-ի: Բայց 30 տարեկանում հիպերտոնիա չունեցող մարդը և 60 տարեկանում հիպերտոնիա չունեցողը հավասարապես աշխատունակ են, իսկ դրա առկայության դեպքում հավասարապես աշխատունակ չեն: Այն պատճառով, որ տարիքի հետ հիվանդություն ունեցող մարդկանց թիվը շատանում է, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ աշխատունակությունը կորցնելու պատճառը տարիքն է, թեպետ խնդիրը ոչ թե տարիքն է, այլ հիվանդությունը:

 

 

«Ինձ թվում է, որ ես մինչև խոր ծերություն չեմ ապրի․ ի՞նչ են նշանակում այսպիսի մտքերը»

 

Մարդը պետք է մտածի երջանիկ ապագայի մասին: Ոչ ոք չգիտի՝ ինչպես և երբ կավարտվի իր կյանքը: Ինչ-որ մեկը կարող է ապրել հարյուր տարի և մահանալ վթարի հետևանքով, մեկ ուրիշը 40 տարեկանում կարող է մահանալ օնկոլոգիական հիվանդության պատճառով: Դրա համար պետք է երջանիկ ապրել հիմա և մտածել ապագայի հեռանկարների մասին: Պետք է հասկանալ, թե ինչու են առաջանում այդպիսի մտքերը: Այլ բաների հետ, այդպիսի մտքերի վրա ազդում է նաև հասարակության փորձը: Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ միջին հաշվով աշխարհում տղամարդիկ կանանցից 5 տարով քիչ են ապրում: Մենք տեսնում ենք շատ օրինակներ, երբ մարդիկ մահանում են միջին տարիքում, և սկսում ենք այդ ամենը մեզ վերագրել: Կյանքի ֆոնը ինքնին դեպրեսիվ է: Անխոցելի լինելու համար պետք է  հասկանալ, որ նախկին աշխարհը չի լինի և պետք է կարողանալ նոր աշխարհում ապրել:

 

«Ի՞նչ անել երկար ապրելու համար»

 

Ի՞նչն է կյանքում ամենաբարդը: Ինքդ քեզ քո մասին պատմելը: Ուրիշներին կարելի է խաբել՝ ասելով, որ 20 տարեկան ես, ուրիշի դեր կատարելով, և ինչ-որ բան թաքցնելով (և սա վերաբերում է ոչ միայն տարիքին): Բայց երբ մարդն իր մասին ճշմարտությունն ընդունում է, նա իրեն ավելի լավ է զգում: Կարևոր է ձեր սեփական կյանքով ապրելը, այլ ոչ թե ուրիշների համար մոդելավորվածով: Երբ մարդն իր կյանքն է ապրում, նա բացահայտվում է ամբողջությամբ՝ որպես անհատ, նրա առողջական վիճակն ավելի լավ է լինում: Ծերության օրոք նա երջանիկ է, որ իզուր չի ապրել: Գլխուղեղի ծերացումը կանխարգելելու միջոցներից մեկը օտար լեզուներ սովորելն ու դրանք անընդհատ օգտագործելն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ երկլեզու մարդկանց ճանաչողական ունակությունները ավելի երկար են պահպանվում: Այդ պատճառով էլ երկլեզու մարդիկ ունեն ծերությունը կանխարգելելու հրաշալի հնարավորություն: Իսկ եթե դրան ավելացնեն նաև երրորդ լեզուն, ապա հոյակապ կլինի: Եվս մի մեթոդ է կրթվելը: Որքան շատ է մարդը սովորում, այնքան լավ կոգնիտիվ պահուստ է ունենում, որը կարող է օգտակար լինել ծեր և տարեց հասակում: Սովորելը ոչ միայն երբեք էլ ուշ չէ, այլև պետք է ամբողջ կյանքի ընթացքում: Ավելի կարևոր է սիրել կյանքը և մարդկանց:

 

 Հեղինակ՝ Կիրիլ Պրոշչաև, բ.գ.դ., պրոֆեսոր, «Գերոնտոլոգիա» կենտրոնի ղեկավար, Մոսկվա

 

Հոդվածը թարգմանեց Սյուզաննա Ղազարյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am -ին պարտադիր է։

 

11.11.2021 12:09 Նյութը դիտվել է՝ 63 անգամ: