ԱՀԿ ուղեցույց | Ծանր աստիճանի ՍՇՎ-ի կլինիկական վարումը COVID-19-ի կասկածի դեպքում․ տարեցների խնամքը

Ծանր աստիճանի սուր շնչառական վարակի կլինիկական վարումը COVID-19-ի կասկածի դեպքում․
COVID-19 ունեցող տարեցների խնամքը՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր ուղեցույցի։
Մեծ տարիքը և համակցված հիվանդությունները, ինչպես օրինակ դիաբետը և հիպերտենզիան, COVID-19 ունեցող հիվանդների մահվանը նպաստող հիմնական գործոններն են [1]։ Այդ պատճառով տարեցները մահվան բարձր ռիսկի տակ են և բնակչության ամենախոցելի խումբն են։
Շատ կարևոր է ընդունել, որ տարեցներն ունեն բարձրակարգ բժշկական օգնություն՝ ներառյալ ինտենսիվ թերապիա, ստանալու այն նույն իրավունքները, ինչ մյուսները։
Եթե տարեցն ամենայն հավանականությամբ ունի COVID-19 կամ կասկած կա, որ ունի, պետք է անհատակենտրոն գնահատում իրականացնել, ընդ որում՝ ոչ միայն սովորական անամնեզի հավաքագրման, այլև նրա կյանքը, արժեքները, առողջական վիճակի վերահսկման հարցում առաջնահերթությունները և նախասիրությունները հասկանալու միջոցով։
Պետք է ապահովել բազմամասնագիտական թիմի՝ բժիշկների, բուժքույրերի, դեղագետների և այլ բուժաշխատողների համագործակցությունը համակցված հիվանդությունների և ֆունկցիոնալության նվազման խնդիրների լուծմանն ուղղված որոշումների հարցում։
Դիտարկում 1. Ֆիզիոլոգիական փոփոխությունները տարիքին համընթաց հանգեցնում են ներքին կարողությունների թուլացման՝ թերսնուցման, կոգնիտիվ ֆունկցիաների նվազման, դեպրեսիվ ախտանշանների, և այդ վիճակները պետք է համակողմանիորեն կառավարվեն։
COVID-19 ունեցող հիվանդների բուժման ընթացքում խորհուրդ է տրվում վաղ վեր հանել անտեղի դեղորայքի նշանակումները, որպեսզի կանխվեն դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները և փոխազդեցությունները։
Դիտարկում 2. Տարեցները բազմադեղության բարձր ռիսկի տակ են նոր նշանակված դեղորայքի, տարբեր դեղամիջոցների սխալ համատեղման և խնամքի պակասի պատճառով, ինչը մեծացնում է առողջության համար բացասական հետևանքների վտանգը։
COVID-19-ի բուժման և վարման ամբողջ ընթացքում որոշումների և նպատակներ դնելու հարցում հարկավոր է ներգրավել խնամողներին և ընտանիքի անդամներին։
1. Zhou F, Yu T, Du R, Fan G, Liu Y, Liu Z et al. Clinical course and risk factors for mortality of adult inpatients with COVID-19 in Wuhan, China: a retrospective study. Lancet, 2020. doi: 1016/S0140-6736(20)30566-3.
Աղբյուրը՝ Clinical management of severe acute respiratory infection (SARI) when COVID-19 disease is suspected. Interim guidance, 13 March 2020
Թարգմանությունը՝ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։