Պատերազմ․ ճիշտ հաղորդակցումը առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելիս

Շատ կարևոր է, թե ինչպես եք շփվում դիսթրես ապրող մարդու հետ։ Ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդիկ կարող են ընկճված, տագնապած կամ շփոթված լինել: Շատերը պատահածում մեղադրում են իրենք իրենց: Լինելով հանգիստ ու հասկացող՝ դուք օգնում եք սթրեսի մեջ հայտնված մարդկանց ապահով ու պաշտանված զգալ, հասկացված ու հարգված լինել, ունենալ այն համոզմունքը, որ իրենց մասին պատշաճ կերպով հոգ կտանեն:
Սթրեսային իրավիճակում հայտնված մարդիկ, հավանաբար, կցանկանան ձեզ պատմել, թե ինչ է իրենց հետ տեղի ունեցել: Լսել կարողանալը նույնպես մեծ օգնություն է։
Այնուամենայնիվ, պետք չէ մարդկանց ստիպել պատմել իրենց ապրածը: Որոշ մարդիկ չեն ուզում խոսել կատարվածի կամ իրենց անձնական ապրումների մասին: Ընդամենը ուզում են, որ դուք նստեք նրանց կողքին` թեկուզև լուռ: Ասեք նրանց, որ մոտակայքում կլինեք, եթե խոսելու ցանկություն ունենան, առաջարկեք սնունդ, ջուր: Շատ մի խոսեք, թույլ տվեք նրանց մնալ լռության մեջ: Մնալով լռության մեջ` մարդը կհանգստանա և ցանկության դեպքում նույնիսկ կփորձի կիսել իր ապրումները ձեզ հետ։
Հետևեք ձեր խոսքին ու մարմնի լեզվին, մասնավորապես` դեմքի արտահայտությանը, աչքերով շփմանը, ժեստերին, նստել֊ելնելու դիրքին: Պահպանեք քաղաքավարության կանոնները՝ հաշվի առնելով նաև տարիքը, սեռը, սովորույթները և դավանանքը:
Ստորև բերված են հուշումներ, թե ինչ կարելի է ասել և անել, ինչը `ոչ: Ամենակարևորը՝ եղեք բնական և անկեղծ, երբ տուժածին օգնություն եք առաջարկում:
ԱՍԵԼ ԵՎ ԱՆԵԼ
- Փորձեք խոսելու համար գտնել հանգիստ տեղ, որտեղ ձեզ ոչ ոք չի խանգարի:
- Հարգե՛ք գաղտնիությունը և հնարավորության դեպքում մի՛ բացահայտեք ձեզ տրամադրված անձնական տեղեկությունները:
- Եղեք նրա կողքին, բայց պահեք պատշաճ հեռավորություն` ելնելով նրա տարիքից, սեռից:
- Ցույց տվեք, որ ուշադիր լսում եք նրան` գլուխը պարբերաբար շարժելով, կրկնելով նախադասության վերջին բառը և այլն (ակտիվ կամ էմպաթիկ լսելու հնարքներ):
- Եղեք հանգիստ ու համբերատար:
- Ներկայացրեք առավելագույն տեղեկությունը, եթե ունեք: Անկեղծ ասեք, թե ինչ գիտեք կամ չգիտեք. «Չգիտեմ, բայց կփորձեմ ճշտել»։
- Ներկայացրեք տեղեկությունը պարզ բառերով և հասկանալի ձևով:
- Փորձեք կարեկցանք դրսևորել, երբ մարդիկ ձեզ պատմում են իրենց զգացմունքների, կորստի կամ կարևոր իրադարձությունների մասին (տան կորուստ, սիրելիի մահ և այլն)` օգտագործելով «Ցավալի է: Հհասկանում եմ, թե որքան դժվար է ձեզ համար» արտահայտությունները:
- Ուշադրություն դարձրեք տուժածի` բարդ իրավիճակից ինքնուրույն դուրս գալու ջանքերին:
- Լռելու հնարավորություն տվեք:
ՉԱՍԵԼ ԵՎ ՉԱՆԵԼ
- Մի՛ ստիպեք մարդուն պատմել իր հետ պատահածը:
- Մի՛ ընդհատեք և մի՛ շտապեցրեք ձեր զրուցակցին (Օրինակ` մի՛ նայեք ժամացույցին և մ՛ի խոսեք բարձր ձայնով):
- Մի՛ դիպեք մարդուն, եթե վստահ չեք, որ այդ կօգնի։
- Գնահատական մի՛ տվեք մարդու արածին կամ չարածին, նրա հույզերին: Մի՛ ասեք. «Դուք չպետք է ձեզ այդպես պահեք» կամ «Դեռ պետք է ուրախանաք, որ փրկվել եք»:
- Մի՛ ասեք այն, ինչ չգիտեք:
- Մի՛ օգտագործեք հատուկ տերմիններ:
- Մի՛ տվեք կեղծ խոստումներ և հավաստիացումներ:
- Մի՛ պատմեք ուրիշների անձնական պատմությունը:
- Մի՛ պատմեք ձեր անհանգստությունների մասին:
- Մի՛ մտածեք և մի՛ վարվեք այնպես, կարծես թե դուք պարտավոր եք լուծել նրա բոլոր խնդիրները:
- Մի՛ զրկեք մարդուն սեփական ուժերի նկատմամբ հավատից և իրենց մասին հոգ տանելու կարողությունից:
- Մի՛ խոսեք մարդկանց մասին բացասական պիտակավորմամբ (օր`. գիժ, խելառ):
Թարգմանությունը՝ Հերմինե Հովսեփյանի
Խմբագրումը՝ Քրիստինե Սայիլյանի
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Աղբյուրը՝ Psychological first aid: Guide for field workers
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։