Խորհուրդներ դեմենցիայի երևույթներ ունեցող հիվանդների հարազատներին

Խորհուրդներ դեմենցիայի երևույթներ ունեցող հիվանդների հարազատներին

Հիվանդի համար օրակարգ կազմեք և փորձեք կարգավորել նրա գործունեությունը: Օրակարգը պետք է ներառի հիվանդի համար սովորական զբաղմունքներ:

 

Օգնեք նրան պահպանել սեփական արժանապատվության զգացումը: Նրա ներկայությամբ մի քննարկեք իր վիճակը, նրա ուշադրությունը մի սևեռեք իր անհաջողությունների վրա, ցույց մի տվեք ձեր դժգոհությունը, զայրույթը, վիրավորվածությունը: Պահպանեք հանգստություն, դիմեք հումորի օգնությանը։

 

Ապահովեք հիվանդի անվտանգությունը

· Հավաքեք ծակող, կտրող առարկաները, կենցաղային թույները, դեղամիջոցները,
· հիվանդին մենակ թողնելիս անջատեք գազի ելքը,
· կահույքի սովորական դիրքը մի փոխեք,
· ապահովեք սենյակների լուսավորությունը,
· վերահսկեք սենյակի ջերմաստիճանը,
· ուշադիր եղեք սննդի որակի հարցում,
· լոգարանում և զուգարանում բռնակներ ամրացրեք և ռետինե գորգեր փռեք,
· կահույքը պետք է չճոճվի, ակներ չունենա,
· գորգերի անկյունները ամրացրեք հատակին,
· կոշիկները պետք է լինեն ամուր հետևամասով, կոշիկ հագնելու հատուկ հարմարանք տվեք հիվանդին։

 

Պահպանեք շփումը

· Հարգանքով վերաբերվեք հիվանդին,
· խոսեք պարզ՝ գլուխը պահելով նրա դեմքի մակարդակին,
· բարեհամբույր եղեք, սեր ու ջերմություն տվեք,
· ուշադիր լսեք նրան,
· ուշադրություն դարձրեք շփման ոչ խոսքային միջոցներին,
· փորձեք հասկանալ, թե որ շարժումները որ խոսքերի համադրությամբ են հասանելի հիվանդին,
· համոզվեք, որ հիվանդը լսում է ձեզ։

 

Պահպանեք անձնական հիգիենան

· Պահպանեք հիվանդի լվացվելու սովորությունները,
· լվացվելը հաճելի դարձրեք հիվանդի համար,
· եթե հրաժարվում է լողանալ, հետաձգեք այն,
· թույլ տվեք հիվանդին ինքնուրույն անել այն, ինչ կարող է,
· մարմնի որոշակի հատվածներ փակ թողեք, եթե ամաչում է,
· մի մոռացեք անվտանգության մասին։

 

Հագնվելու վերաբերյալ

· Հագուստը դրեք այն դիրքով և հերթականությամբ, որով պետք է հագցնեք,
· խուսափեք կոճակներով հագուստից,
· մի շտապեցրեք։

 

Զուգարան գնալու մասին

· Հիշեցրեք գնալ զուգարան,
· զուգարան գնալու ռեժիմ,
· զուգարանի դռանը վառ գույնով նկար փակցրեք,
· դուռը թեթևակի բաց թողեք,
· երեկոյան սահմանափակեք հեղուկի ընդունումը,
· գիշերը անկողնու կողքը գիշերանոթ դրեք,
· օգտագործեք տակդիրներ։

 

Սնունդը

· Հիշեցրեք սնվելու անհրաժեշտության մասին,
· տվեք այնպիսի սնունդ, որը կարելի է ձեռքով վերցնել,
· սնունդը փոքրիկ կտորների բաժանեք,
· պատրաստեք տրորված կերակուրներ (հիվանդության ուշ շրջանում),
· մի շտապեցրեք սնվելիս,
· սնունդը մատուցեք տաք վիճակում,
· մի տվեք մեկ չափաբաժնից ավելին (հնարավոր է, որ փսխում առաջանա),
· հիվանդը պետք է քաղցած չմնա։

 

Քնի խանգարում

· Ցերեկվա ընթացքում պետք չէ քնել,
· հարկավոր է օրվա ընթացքում զբոսնել,
· ապահովեք անկողնու հարմարավետությունը։

 

Թափառելու հակում

· Հագուստի գրպանում հեռախոսահամար և անձնական տվյալներով գրություն դրեք կամ այն ամրացրեք հագուստի տեսանելի հատվածում,
· ունեցեք վերջին շրջանում արված լուսանկար,
· հիվանդի տնից հեռանալու ցանկությունը արգելակող լավագույն միջոցներից է չկոտրվող հայելու ամրացումը ելքային դռանը: Տեսնելով սեփական արտացոլանքը՝ նրա ուշադրությունը շեղվում է և մոռանում է տնից դուրս գալու մասին։

 

Հալյուցինացիաներ՝ պատրանքներ

· Հիվանդի հետ մի վիճեք նրա տեսածի կամ լսածի կապակցությամբ,
· վախի դեպքում փորձեք հանգստացնել հիվանդին՝ բռնելով նրա ձեռքը, մեղմորեն զրուցելով,
· Նրա ուշադրությունը սևեռեք իրականում առկա առարկաների վրա,
· բժշկից ճշտեք արդյո՞ք վիճակի վատացումը կապված է դեղամիջոցների ընդունման հետ։

 

Ագրեսիվ պահվածք

· Ագրեսիայի դեպքում ցույց մի տվեք ձեր անհանգստությունը կամ վախը,
· խուսափեք պատասխան ագրեսիայից,
· շատ մի մոտեցեք հիվանդին․ այդ ընդունվում է որպես սպառնալիք,
· զբաղեցրեք հիվանդին, շեղեք նրա ուշադրությունը,
· պարզեք ագրեսիայի պատճառը, հետևեք, որ այդ գործոնը չհայտնվի,
· հաճախակի ագրեսիայի դեպքում անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն:

 

Նյութի կազմումը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Հոդվածի վերահրապարակման դեպքում սկզբնաղբյուրի ակտիվ հղումը պարտադիր է։

07.03.2020 15:16 Նյութը դիտվել է՝ 162 անգամ: