Ոչ տիպիկ տեղայնացման պառկելախոց. բուժում, կանխարգելում

Ոչ տիպիկ տեղայնացման պառկելախոց. բուժում, կանխարգելում

Թեմայի հիմնական հարցերն են՝ մարմնի ինչ հատվածներում կարող են առաջանալ պառկելախոցեր, ինչպես բուժել, ինչպիսի քսուքներ ու լոսյոններ օգտագործել, ինչով փոխարինել հակապառկելախոցային ներքնակը ու բժշկական մահճակալը:

 

Ոչ տիպիկ տեղայնացման պառկելախոց

 

Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել ոչ տիպիկ տեղայնացման պառկելախոցի բուժմանը: Ոչ տիպիկ տեղայնացման պառկելախոց  կարող է լինել միջհետույքային ծալքերում և ականջախեցիներում: Սրանք, թեև հաճախ ախտահարվող հատվածներ են, սակայն  բուժման համար դժվար մասեր են, քանի որ դժվարություններ են առաջանում վիրակապման ժամանակ: Բացի այդ` պառկելախոցի նման տեղայնացումները պահանջում են ավելի մեծ ուշադրություն: Այդ և նման այլ դեպքերում ավելի հեշտ և էժան է պառկելախոցի առաջացման կանխարգելումը, քան բուժումը:

 

Այդպիսի տեղայնացման պառկելախոցի բուժումն ու կանխարգելումն սկսվում է որակյալ խնամքից. մաշկը պետք է լինի չոր, մաքուր, պաշտպանված, ինչը խոչընդոտում է պառկելախոցի տարածմանը:

 

Պետք է հիշել, որ բուժումը բավականին աշխատատար է և այնքան արագ չի կատարվում, ինչպես այլ տեղայնացման պառկելախոցի բուժման ժամանակ` ժամանակակից վիրակապերի առկայության պայմաններում:

 

Մաշկի չորությունն ապահովվում է տակդիրի հաճախակի փոխմամբ` գրեթե յուրաքանչյուր միզելուց ու կղազատումից հետո: Չորության պահպանման համար անհրաժեշտ է մեկ ժամվա ընթացքում առնվազն 1 անգամ ստուգել տակդիրը: Եթե  հնարավոր է, հիվանդին հաճախ պառկեցնել կողքի, զուգահեռաբար ցանկալի է, որ ախտահարված հատվածը տակդիրից ազատ լինի` ապահովելու օդի հետ վերքի շփումը: Այդ պահին անհրաժեշտ է աղի լուծույթով լվացումներ անել ապաքինման խոնավ միջավայրի պահպանման համար: Երբեմն պառկելախոցի բուժման ժամանակ կարելի է տեղադրել միզային կաթետեր (միզափողակ):

 

Մաքրության հասնելու համար պարտադիր է ամեն անգամ ոչ թե պարզապես փոխել տակդիրը, այլ մաքրել մաշկը հատուկ միջոցներով, օրինակ՝ փրփուրով  կամ հատուկ մաքրող անձեռոցիկներով:  Այդ պետք է անել զգուշորեն, ներծծող շարժումներով՝ բացառելով շփումը: Այդ ամենն անելուց հետո պետք է թողնել, որ տարածքը չորանա:  

 

Եթե վերքը մաքուր է և ոչ շատ խորը, վերը նշված միջոցառումները բավական են, իսկ եթե կան մեռուկացած, թարախային հատվածներ, վերքը լվանում են մետրոնիդազոլի լուծույթով, թողնում են, որ չորանա և վերքը պատում են բանեոցինի փոշով:  Կարևոր է, որ այն չսահի հատիկների, գնդիկների ձևով, որի դեպքում խոնավության մակարդակը կբարձրանա, իսկ տվյալ հատվածի չորացման ժամանակը կերկարի:

 

Երբեմն հետույքի մասերի միջև (դրանց միմյանց կպչելը բացառելու համար) կարելի է դնել բամբակե-թղթե հարթ մակերևույթով փափուկ անձեռոցիկ` զուգահեռաբար հետևելով, որպեսզի այն չճմրթվի և չթրջվի: Այն փոխվում է տակդիրի փոխմանը զուգահեռ:

 

Պառկելախոցի և մաշկային ցանի կանխարգելում

 

Պառկելախոցի կանխարգելումն իրականացվում է հետևյալ ուղղություններով.

  1. պառկելախոցի զարգացման ռիսկի ժամանակակից գնահատումը կատարվում է համապատասխան սանդղակների օգնությամբ: Օրինակ` Նորթոնի սանդղակը` ծերերի դեպքում, Վաթերլոյի սանդղակը` հիվանդների բոլոր խմբերում, Բրեյդենի սանդղակը` նյարդաբանական, վիրաբուժական, բուժքույրական խնամքի հաստատություններում պառկելախոցի առաջացման կանխատեսման համար, Մեդդլեյի սանդղակը` նյարդաբանական բաժանմունքներում: Միակ պայմանը այն է` մեկ բժշկական  հաստատությունում պետք է օգտագործվի  միևնույն սանդղակը, որպեսզի բացառվի արդյունքների սխալ մեկնաբանումը,
  2. անհրաժեշտ միջոցառումների համապատասխան ժամանակին  իրականացումն է.  անկողնում հիվանդների դիրքը փոխել ամեն 2 ժամը մեկ, մաշկը խնամել, պահպանել մաքրությունն ու խոնավացումը, բայց չթրջել, խուսափել մաշկը մեզով ու կղանքով կեղտուտելուց, հատուկ ուշադրություն դարձնել մաշկի այն հատվածներին, որտեղ առավել հաճախ է առաջանում  պառկելախոց, պահել անկողինը համապատասխան վիճակում. հետևել, որ չառաջանան ծալքեր անկողնու վրա, խուսափել անկողնու մեջ փշրանքներից, ժամանակին փոխել անկողնային սպիտակեղենը և ներքնաշորերը,
  3. բժշկական ծառայությունների և խնամքի համարժեք տեխնիկա, հատկապես տեղափոխման կանոնների պահպանում:

Մաշկային ցանի կանխարգելումը կատարվում է վերը նշված սկզբունքներին համապատասխան:

 

Զուգահեռաբար հատուկ ուշադրություն է դարձվում՝

 

  1. մաշկի մաքրմանը և չոր վիճակում պահպանմանը, հատկապես շփման ենթակա և մաշկային ցանի առաջացման  վտանգ  ունեցող տեղերում,
  2. ներքնազգեստի ճիշտ ընտրությանը, որը չպետք է լինի նեղ, կիպ, ներքնազգեստի ժամանակին փոխմանը,
  3. պաշտպանիչ միջոցների օգտագործմանը,
  4. սննդակարգին, որից պետք է բացառվեն ալերգիա առաջացնող ու քրտնարտադրությունը խթանող մթերքները,
  5. հիվանդասնեյակներում օպտիմալ միկրոկլիմայական պայմանների պահպանմանը:

 

Բժշկական անձնակազմի գործողոթյունները համակարգելու համար նպատակահարմար է հիվանդության պատմության մեջ ունենալ խնամքի քարտ, որտեղ  նշված կլինեն հիմնական միջոցառումները:

 

Քսուքների, լոսյոնների, տակդիրների մասին, ինչպես նաև հակապառկելախոցային ներքնակի ու բժշկական մահճակալի փոխարինման մասին կարդացեք ստորև նշված հոդվածում։

 

Կարդացեք՝ Պառկելախոցերի խնամքի միջոցները

 

Հոդվածը կազմեց Շողակաթ Սիմոնյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am -ին պարտադիր է։

 

23.05.2021 03:23 Նյութը դիտվել է՝ 128 անգամ: