Գերիատրիա․ հիվանդությունների առանձնահատկությունները տարեց հասակում

Գերիատրիա․ հիվանդությունների առանձնահատկությունները տարեց հասակում

«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ն 2018 թվականի մարտի 7-ին  «Անի Պլազա» հյուրանոցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր կոնֆերանս «Գերիատրիա․հիվանդությունների առանձնահատկությունները տարեց հասակում» թեմայով։ Այն մուլտիդիսցիպլինար հանդիպում էր և միտված էր միավորելու նեղ մասնագիտացում ունեցող մի շարք անվանի բժիշկների, որոնք ներկայացրին իրենց ոլորտում հիվանդությունների տարիքով պայմանավորված առանձնահատկությունները։ 

 

Նպատակային լսարանում թերապևտներն էին, ընտանեկան բժիշկները, սրտաբանները և նյարդաբանները։ Սպասված 60 ունկնդրի փոխարեն մասնակցեց 120-ը։

 

Տեղեկատվական նամակ

 

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  • Ներկայացնել տարեց և ծեր հասակում հիվանդությունների դրսևորման առանձնահատկությունները։
  • Ինչպես են այդ առանձնահատկություններն ազդում հիվանդությունների կանխարգելման, կլինիկական ընթացքի, ախտորոշման և բուժման վրա։
  • Նպաստել Հայաստանում գերիատրիայի (ծերաբուժություն) և գերոնտոլոգիայի (ծերունաբանության) մասին իրազեկվածության բարձրացմանը։ 
  • Նպաստել առողջության առաջնային պահպանման բժիշկների շարունակական կրթությանը, ինչպես նաև ոլորտի զարգացմամբ շահագրգռված մասնագետների միջև համագործակցությանը։

 

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Գերատրիան գիտություն է տարեցների՝ տարիքով պայմանավորված հիվանդությունների, ինչպես նաև այդ հիվանդությունների կանխարգելման մասին: Տարիքին համընթաց օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական և ախտաբանական մի շարք փոփոխություններ, օրինակ՝ նվազում է արյունատար անոթների պատերի էլաստիկությունը, թուլանում է ներզատիչ գեղձերի ակտիվությունը, օրգանիզմում բարձրանում է խոլեստերինի մակարդակը, տղամարդկանց դեպքում ծերունական տարիքում գերաճում է շագանակագեղձի միջին բիլթը, որը հանգեցնում է միզարձակման խանգարման, բջիջներում կուտակվում են թթվածնի ազատ ռադիկալներ, որոնք մեծացնում են թունավորման հավանականությունը և այլն։

 

Տարեց և ծեր մարդկանց օրգանիզմում ներծծման խանգարումը կարող է հանգեցնել դեղանյութերի կուտակման և համապատասխանաբար դեղորայքային թունավորման: Հետևաբար միևնույն դեղամիջոցի նշանակման ձևերը երիտասարդների և տարեցների շրջանում պետք է էապես տարբերվեն: 

 

Սրանցով պայմանավորված բազմաթիվ հիվանդություններ տարեց հասակում ունենում են այլ մեխանիզմներ, հետևաբար դրանց կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է յուրահատուկ մոտեցում: Պետք է հիշել, որ տարեց հասակում, որպես կանոն, դիտվում է հիվանդությունների համակցում (Comorbidity), որը շատ հաճախ անտեսվում է: 

 

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր առանձնահատկությունները՝ խիստ կարևորվում է թերապևտների, ընտանեկան բժիշկների, սրտաբանների, նյարդաբանների և առհասարակ տարեցների հետ աշխատող մասնագետների զինումը հատուկ գիտելիքներով և հմտություններով։ Հենց դրան էլ ուղղված էր կոնֆերանսը։ 

 

ՄԵԴԻԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

 

  1. armenia.unfpa.org Կոնֆերանս՝ նվիրված ծերաբուժության խնդիրներին
  2. yerevan.today Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմում
  3. med.news.am «Երրորդ տարիք» կամ «երկրորդ հասունություն». Հայաստանում տեղի ունեցած գիտաժողովում քննարկել են տարեց մարդկանց խնդիրները

 


 

AHAOPconference2018 AHAOPconference2018(2) AHAOPconference2018(3) AHAOPconference2018(4) AHAOPconference2018(5) AHAOPconference2018(6) AHAOPconference2018(7) AHAOPconference2018(8) AHAOPconference2018(9) AHAOPconference2018(10)
30.03.2020 02:31 Նյութը դիտվել է՝ 500 անգամ: