Ինչպե՞ս հաղթահարել վիրավորանքը

Ինչպե՞ս հաղթահարել վիրավորանքը

Շատ հաճախ մենք վիրավորում ենք, նեղանում, արդյունքում ունենում ենք բացասական հույզերի կուտակում, որոնք հաղթահարել չի ստացվում։ Իսկ  բացասական հույզերի արտամղման բացակայությունը կարող է առաջացնել բազմաթիվ հոգեսոմատիկ ազդեցություններ՝ ընդհուպ մինչև չարորակ նորագոյացություններ։ Այս և այլ ազդեցություններից կարելի է խուսափել, եթե ունենք հստակ տեղեկություն, թե ինչ է վիրավորանքը, ինչպես թույլ չտալ, որ վիրավորանքը վերածվի երկարատև զայրույթի, որը կվնասի մեզ սկզբում հոգեպես, այնուհետև՝ ֆիզիկապես։

 

Շատ անգամ նմանօրինակ զգացում ունենում ենք մեզ համար կարևոր մարդկանց վարքի պատճառով, որ ի սկզբանե հաղորդակցման միջոցով չենք լուծել, չենք քննարկել և լռելու, չարտահայտվելու որոշում ենք կայացրել, ինչի արդյունքում էլ հետագայում մեզ երկարատև զայրույթի, տխրության ենք դատապարտում։ Ստացվում է, որ դուք պատժելու եք լոկ ձեզ, և արդյունքում ոչ միայն չեք լուծելու խնդիրը, այլև  վնասելու եք ձեզ՝ մասնավորապես ձեր հոգեկան և ֆիզիկական առողջությունը։

 

 

Այս ամենից հետո, երբ դուք արդեն գիտեք, թե ինչի կարող է հանգեցնել վիրավորանքի երկարատև պահպանումը, արդեն կարող եք հասկանալ, թե ինչպես վարվեք վիրավորանքի հետ, որը կամա, թե ակամա արդեն ձեր հոգում է և սկսել է վնասել ձեզ։ Պետք է հստակ հասկանալ, որ այն երբեք չի օգնի հասնել ձեր նպատակներին, վիրավորանքի միակ ելքը ձեզ վնասելն է, և դրական որևէ հետևանքի մասին խոսք լինել չի կարող։ Նման դեպքերում լավ և շատ արդյունավետ կլիներ, եթե խոսեիք և հարթեիք խնդիրը, սակայն եթե ձեզ համար վիրավորանքի աղբյուրը անհասանելի է, ապա կան մի քանի վարժություններ, որոնք կատարելով դուք կմեղմեք զայրույթի աստիճանը, և կկարողանաք արդյունավետորեն ազատվել տհաճ և ձեզ վնասող ազդեցություններից։ Ձեզ ենք ներկայացնում դրանցից մեկը․

 

 

«Ինչպես կոտրեմ վիարվորանքը գույներով»

 

Վարժության համար անհարժեշտ է փակել աչքերը, թուլացնել լարվածությունը և փորձել պատկերացնել, որ ձեր վիրավորանքը մոխրագույն ամպ է։ Տեսեք, թե որտեղ է այն գտնվում, որոշ ժամանակ անց  հնարավոր է, որ տհաճություն և անհարմարություն զգաք։ Այնուհետև պատկերացրեք, որ ամպը ձեզնից հեռանում է և չքվում օդում։

 

Վարժության շարունակության համար ձեզ պետք կգան գունավոր մատիտներ և թուղթ։ Անհրաժեշտ է նկարել մոխրագույն ամպը, այնուհետև այն գունավորել առավել վառ գույնով (օրինակ՝ դեղին)՝ մտքում անդադար կրկնելով․ «Ես ոչնչացնում եմ վիրավորանքը, և այն կորցնում է իր ուժը»։ Ներկե՛ք այնքան, քանի դեռ մոխրագույնը ամբողջությամբ չի անհետացել։ Եթե նույնիսկ վարժության ավարտին չունենաք վիճակի թեթևացում, ապա համոզված եղեք, որ որոշ ժամանակ անց կունենաք արդյունք։ Մեր հոգեկանը դանդաղ  է ենթարկվում փոփոխությունների և միանգամից արդյունք չտեսնելը նորմալ է։ Ամենակարևորը, որ ձեր գիտակցությունը ընդունի վիրավորանքի անհետացման վերաբերյալ ձեր դիրքորոշումը։

 

Վարժության վերջին փուլում պատկերացրեք, որ դուք նստած եք ձեզ վիրավորած անձի հետ։ Բռնե՛ք նրա ձեռքը և շնորհակալություն հայտնե՛ք ձեզ տված դասի համար, փորձե՛ք այդ կոնտակտում լինել հնարավորինս հուզական, այդպես արդյունքը ավելի ակնհայտ կլինի։ Ընդհանրացնելով վիրավորանքի մասին տեղեկությունը՝ կարող եք անել հետևություններ և անգամ վիրավորանքի մասին դիրքորոշման չնչին փոփոխությունը ձեզ կդրդի լինել առավել զգույշ ձեր հանդեպ և չվնասել ձեր հոգեկան և ֆիզիկական առողջությունը։

 

Աղբյուրը՝
Шевченко М. А.- «Психологические цветовые и рисуночные тесты для взрослых и детей».-Москва:-изд.АСТ., 2016.

 

 

Հոդվածը կազմեց հոգեբան Հասմիկ Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է։

 


 

29.10.2021 12:19 Նյութը դիտվել է՝ 43 անգամ: