Սթրեսը և դրա հաղթահարումը աղետային իրավիճակներում

Կորոնավիրուսի համաճարակը սթրեսային է շատերի համար․ հիվանդության հետ կապված վախն ու տագնապը կարող են ճնշել և բուռն զգացումներ ու ապրումներ առաջացնել երեխաների և տարեցների շրջանում:
Սթրեսի հաղթահարումը ձեզ, ձեր խնամքի ներքո գտնվող մարդկանց:
Մեզնից յուրաքանչյուրը տարբեր կերպ է արձագանքում սթրեսային իրավիճակներին: Եվ այն, թե ինչպես ենք արձագանքում համաճարակին, կախված է մեր ապրած կյանքից, փորձից, հասարակությունից ու նաև այն հատկանիշներից, որոնցով տարբերվում ենք այլ մարդկանից:
Ճգնաժամի սթրեսն առավել ծանր կարող են տանել՝
- տարեցները և քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ռիսկային խմբում են COVIDE 19-ի դեպքում,
- երեխաները և պատանիները,
- բուժաշխատողները և բժիշկները, որոնք աշխատում են COVID-19 ունեցող հիվանդների հետ,
- մարդիկ, որոնք ունեն հոգեկան առողջության խնդիրներ՝ ներառյալ հոգեակտիվ նյութերի (նաև ալկոհոլ) ընդունման խնդիրները։
Համաճարակի ժամանակ սթրեսը կարող է արտահայտվել՝
- սեփական ու սիրելի մարդկանց առողջության հանդեպ վախով և անհանգստությամբ,
- քնի կամ ուտելու հետ կապված փոփոխություններով,
- քնի կամ կենտրոնացման հետ կապված դժվարություններով,
- քրոնիկ հիվանդությունների վատթարացմամբ,
- ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի, նմանատիպ այլ միջոցների չարաշահմամբ և այլն։
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ պետք է շարունակեն իրենց բուժումը և զգուշանան նոր կամ ավելի վատ ախտանշանների առաջացումից:
Մի քանի խորհուրդ ինքներդ ձեզ աջակցելու համար
- Առժամանակ դադարեք նորություններին հետևել։ Շարունակ համաճարակի մասին լսելը կարող է տխրեցնել ու մտահոգել:
- Հոգ տարեք ձեր ֆիզիկական վիճակի: Խորը շունչ քաշեք, զբաղվեք մեդիտացիայով: Փորձեք առողջ սնունդ ուտել, շատ քնեք և խուսափեք ալկոհոլից ու թմրամիջոցներից:
- Ժամանակ տրամադրեք լիցքաթափվելու համար: Փորձեք անել բաներ, որոնք հաճույք կպատճառեն ձեզ։
- Շփվեք այլոց հետ: Ձեր մտահոգություններն ու ապրումները կիսեք այն մարդկաց հետ, որոնց վստահում եք:
Կարդացեք՝ Ինչպե՞ս պահպանել ֆիզիկական ակտիվությունը․ հանձնարարականներ
Դիմեք մասնագետի, եթե օրեր շարունակ սթրեսը խանգարում է ձեր առօրյա կյանքին:
Նվազեցրեք ձեր և այլոց սթրեսը
COVID-19- ի մասին ճշգրիտ տեղեկությունները տարածելը, իրական վտանգները հասկանալն ու մյուսներին էլ հասկացնելը կարող է համաճարակը քիչ սթրեսային դարձնել:
Կարանտինից դուրս եկած մարդկանց համար
Վարակակրի հետ շփվելու և COVID-19 ունենալու կասկածի պատճառով մյուսներից մեկուսանալը կարող է սթրեսային լինել, եթե անգամ հետո ժխտվի վարակի առկայությունը։ Յուրաքանչյուր ոք տարբեր զգացումներ է ունենում կարանտինից դուրս գալուց հետո, ներառյալ՝
- խառն զգացումներ, հանգստություն,
- վախ և անհանգստություն ձեր ու ձեր սիրելիների առողջության համար,
- սթրես ինքներդ ձեզ վերահսկելու կամ ուրիշների կողմից վերահսկվելու պատճառով,
- տխրություն, զայրույթ կամ հիասթափություն այն բանից, որ ձեր ընկերները կամ սիրելիները անհիմն վախենում են ձեզ հետ շփվելուց և վարակվելուց, եթե անգամ հաստատվել է, որ վարակիչ չեք,
- մեղավորության զգացում կարանտինի ընթացքում նորմալ չաշխատելու կամ ծնողական պարտականություններ չկատարելու պատճառով,
- հուզական կամ հոգեկան առողջության փոփոխություններ:
Աղետի, համաճարակի ընթացքում կամ դրանցից հետո սթրես, տագնապ, վիշտ ու անհանգստություն զգալը բնական է։ Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում, և ձեր զգացումներն էլ կփոխվեն ժամանակի ընթացքում։
Ուշադրություն դարձրեք ձեր զգացումներին և ընդունեք դրանք։ Արտակարգ իրավիճակում ձեր հուզական առողջության մասին հոգ տանելով կկարողանաք ավելի պարզ դատել և արձագանքել առաջնային խնդիրներին ձեզ ու ձեր ընտանիքին պաշտպանելու համար։
Աղբյուրը՝ cdc.gov
Թարգմանությունը՝ Նենե Գալստյանի, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։