Ինչու՞ է պետք սեղանի խաղեր խաղալ

Ինչու՞ է պետք սեղանի խաղեր խաղալ

Այն, որ սեղանի խաղերը միշտ ուրախալի են ու հետաքրքիր, գիտեն բոլորը: Իսկ ձեզ հայտնի՞ է, որ այդ նաև ուղեղն առողջ և ակտիվ պահելու կախարդական բանալին է: Տարբեր պահանջներ և ունակություններ ունեցող մարդիկ հավաքվում են մի սեղանի շուրջ մեկ նպատակով՝ որպեսզի զվարճանան: Բայց, ըստ էության, խաղալը շատ օգտավետ է լինում առողջության համար տարբեր տեսանկյուններից և ցանկացած տարիքում: Այժմ կխոսենք սեղանի խաղերի օգտակարության և առավելությունների մասին։

 

Ապահովում են լավ ինքնազգացողություն

Սեղանի խաղերի «կողմնակի» ազդեցություններից մեկը ծիծաղն է: Այն իր հերթին շատացնում է «երջանկության» հորմոնների քանակը և ուրախության զգացում առաջացնում: Ընկերական շրջապատում անկեղծ բարձրաձայն ծիծաղը և ուրախությունը կարող են խթանել էմպատիան և վստահելի հարաբերություններ կառուցել շրջապատի հետ:

 

Ընտանիքի հետ անցկացրած ժամանակը դարձնում են ուրախ և հետաքրքիր

Ընտանեկան հավաքույթները երբեմն անհնար են թվում, քանի որ բոլորը տարբեր գրաֆիկ ունեն և յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում: Բայց ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ ժամանակ առ ժամանակ պետք է միասին հավաքվել, որովհետև առանց շփման հարաբերությունները կարող են տուժել: Մի խոսքով՝ սեղանի խաղեր խաղալը հարազատների հետ մտերմությունը պահպանելու և ընտանեկան կապերն ամրապնդելու շատ լավ միջոց է:

 

Նվազեցնում են գլխուղեղի հիվանդությունների զարգացման ռիսկը

 

Սեղանի խաղերի հիմնական առավելություններից մեկն իմացական գործընթացների խանգարումների, օրինակ՝ դեմենցիայի և Ալցհայմերի հիվանդության ռիսկի նվազումն է: Երբ ձեր ուղեղն զբաղված է, նյարդային կապերն ավելի են ամրանում, ստեղծվում են նոր կապեր: Իսկ որքան ուժեղ է ուղեղը, այնքան կայուն և առողջ է նրա աշխատանքը:

 

Արագացնում են պատասխան ռեակցիաները

Նույնիսկ եթե դուք վաղուց երեխա չեք, միևնույնն է՝ խաղից ստանում եք ձեր օգուտը: Որքան շատ եք խաղում, այնքան լավ և արագ եք արձագանքում շրջապատող միջավայրին և փոխազդում նրա հետ: Օրինակ՝ ձեզ համար դժվար չի լինի գտնել  մեքենայի բանալիները (գուլպայի զույգը, հեռակառավարման վահանակը և այլն) առանց տունը տակնուվրա անելու: Խաղերը նվազեցնում են արյան ճնշումը: Խաղալով դուք ծիծաղում եք և արյան մեջ էնդոֆրինը տարածելու հետ մեկտեղ նվազում և կայունանում է զարկերակային ճնշումը: Մկանները հանգստանում են, և արյունն ազատ շրջանառվում է մարմնում: Նման կերպով դուք հաջողությամբ կնվազեցնեք կաթվածի և սրտի հիվանդությունների  առաջացման հավանականությունը:

 

Ամրացնում են իմունիտետը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական զգացումները, դեպրեսիաները, սթրեսը նվազեցնում ենօրգանիզմի՝ հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը, և հակառակը՝ դրական զգացմունքները և մտքերը, ուրախ ժպիտը և հաճույքն օգնում են պայքարել սթրեսի դեմ և բարձրացնում են իմունիտետը: Խաղի ընթացքը մեծ ուրախություն է պարգևում, այդ պատճառով էլ դուք պաշտպանված եք, և ձեզ չեն վախեցնում հիվանդությունները: Ունեն թերապևտիկ ազդեցություն:

 

Սեղանի խաղերից շատերը մանր մոտորիկայի ներգրավվածություն են պահանջում, օրինակ՝ քարտեզի վրա պատկեր տեղափոխելը, ինչպես նաև այնպիսի գործողություն, որտեղ պետք է կոորդինացիա և ճարպկություն: Պարբերաբար պրակտիկան և ակտիվությունը լավացնում են այս հմտությունները, ինչը կարևոր է հոգեկան կամ ֆիզիկական խանգարումներ ունեցող մարդկանց, ծերերի և վթարից հետո վերականգնվողների համար: Սեղանի խաղերն աշխատանքային թերապիայի և մարմնամարզության հետ օգնում են ժամանակի ընթացքում լավացնել մկանների և նյարդերի գործառույթը:

 

Մեղմում են սթրեսը և օգնում թոթափել հուզական լարվածությունը

Ընկերների շրջապատում սեղանի խաղերը հանգստանալու հոյակապ միջոց են:  Որոշ մարդիկ այդ նպատակովընտրում են ալկոհոլ կամ այլ կասկածելի մեթոդներ, բայց մենք արդեն գիտենք՝ ինչպես հանգստանանք, որպեսզի պահպանենք մեր առողջությունը:

 

Բացի իրենց զվարճալի կողմերից՝ սեղանի խաղերը շատ օգտակար են մարդու սոցիալիզացիայի համար, քանի որ խթանում են զարգացնելու մի շարք հատկություններ..

 

Անձնային որակներ՝ ցանկացած խաղ ուղեկցվում է հատուկ կանոններով, իսկ բարդ խաղային իրավիճակները լուծելու համար մարդ պետք է ինքնուրույն պատասխանատու որոշումներ կայացնի և ընտրություն կատարի, որից կարող է կախված լինել խաղի ընթացքը: Այդ ամենը խոսում է համբերատարության, կարգապահության և իրենց կատարած գործողությունների պատասխանատվության կարևորության մասին: Սեղանի խաղերում կարող են վառ արտահայտվել ղեկավարելու կամ կատարողի դերում լինելու ունակությունները, որոնք օգտակար են առօրյա կյանքում խնդիրների լուծումները գտնելիս:

 

Ինտելեկտ՝ խաղալը նպաստում է պատկերավոր մտածողության զարգացմանը, տրամաբանորեն մտածելուն, ուշադիր լինելուն, տեսողական հիշողության ամրապնդմանը, դյուրըմբռնությանը, հնարամտությանը և մտավոր այլ կարողությունների պահպանմանն ու զարգացմանը:

 

Հաղորդակցում՝ սովորաբար խաղին մասնակցում է առնվազն երկու խաղացող, այդ իսկ պատճառով արդյունավետության համար անհրաժեշտ է հաղորդակցվել և համաձայնության գալ հակառակորդի հետ: Իրավիճակները, որոնցում հայտնվում է մարդը խաղալիս, կարող են անուղղակիորեն արտացոլել դեպքեր կյանքից, հանրային շփումներից, առօրյայից, ինչն օգնում է մարդուն ավելի արագ կողմնորոշվել և շփվել մարդկանց հետ իրական կյանքում, կոնֆլիկտներից ելք գտնել, ընկերական շփումներ պահպանել:

 

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի մեծահասակների ցերեկային կենտրոնում հաճախ ենք սեղանի խաղեր խաղում, օրինակ՝ «Դիքսիթ», «Այլ կերպ», լոտո, դոմինո, «Եռանարդի», ստրատեգիական խաղեր,  և փորձը ցույց է տվել, որ մեծահասակներն այդ անում են հաճույքով ու խաղից ստացած օգուտն զգալով։

 

 

Հոդվածը կազմեց Սյուզաննա Ղազարյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am -ին պարտադիր է։

 

23.05.2021 02:44 Նյութը դիտվել է՝ 203 անգամ: