Միայնությունը տարեց հասակում

Միայնությունը տարեց հասակում

Տարեց հասակում մարդկանց դեպքում, տարբեր պատճառներով պայմանավորված, կարող է առաջանալ միայնության զգացում: Տարեցները իրենց կարող են զգալ ընկճված, միայնակ, երբ նույնիսկ շրջապատված են սիրելիներով, հարազատ մարդկանցով:

 

 

 

 

 

 

 

Առանձնացնենք մի քանի պատճառներ, որոնք տարեց մարդկանց շրջանում առաջացնում են միայնության զգացում.

 

  • Որոշ բաներ դադարում են հետաքրքրել տարեց մարդուն, հետաքրքրությունների շրջանակը սկսում է նվազել: Եթե երիտասարդության տարիքում մարդիկ ցանկանում են նոր հայտնագործություններ, ճանապարհորդություններ, կարողանում են հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել օտարների հետ, ապա ծերության ժամանակ նույնիսկ նվազում է ընկերների քանակը: Նրանց դեպքում նոր բան սովորելու ցանկությունը անհետանում է:
  • Հոգեկան խնդիրներ-Տարիքին զուգահեռ ի հայտ են գալիս հոգեկան հիշողության, մտածողության, ընկալման որոշակի խանգարումներ: Այս ամենի պատճառով տարեց մարդը նվազագույնի է հասցնում իր շփումը ու սկսում մեկուսանալ:
  • Ընտանիքի հետ կապի խզում-Տարեցները կարող են նեղանալ այն պատճառով, որ իրենց երեխաները կամ թոռները ուշադիր չեն, կարող են հիշել հին վեճերը, որ ավելի են սրում իրավիճակը: Բոլոր հարազատների հետ հարաբերությունները կարող են ավարտվել: Այս դեպքում միայնությունը դառնում է շոշափելի:
  • Թոշակի անցնելը-Երբ մարդը դադարում է աշխատել, և անցնում է թոշակի, կարող է ընկճվել: Հաճախ նրանց համար դժվար է առանց հաղորդակցության և շփման, ինչի պատճառով էլ տարեց մարդը դժվարանում է գոյատևել,  որի արդյունքում էլ առաջանում է միայնության զգացում։ 
  • Շատ հիվանդություններ-Տարբեր հիվանդություններ թույլ չեն տալիս մարդուն աշխատել, վարել ակտիվ կյանք: Այս ամենը տանում է միայնության․ տարեց մարդը իրեն անօգնական է զգում:
  • Պահպանողական հայացքներ-Տարեցներն առանձնանում են հաստատված սովորություններով: Նրանք դժվարանում են ընկալել ցանկացած փոփոխություն ու գաղափար: Պահպանողականությունը հաճախ դժվարացնում է իրավիճակին այլ տեսանկյունից նայելը: Բացի այդ, այն խոչընդոտում է նոր զբաղմունքների և հեռանկարների առկայությունը: 

 

Շարունակական միայնության զգացումը տարեց մարդկանց դեպքում, կարող է դառնալ ոչ միայն էմոցիոնալ, այլ նաև ֆիզիկական և սոցիալական բնույթի լուրջ խնդիր: Անընդհատ ընկճված մարդը ավելի շատ է տառապում քրոնիկ հիվանդություններով (մասամբ պայմանավորված է նրանով, որ նա ստիպված է անընդհատ իր ուշադրությունը կենտրոնացնել դրանց վրա): 

 

Կարելի է առանձնացնել միայնության հաղթահարման երեք հիմնական ասպեկտ.

 

  1. Կապվածություն կոնկրետ մարդուն–Կարող են լինել թոռները, երեխաներ կամ պարզապես մտերիմ ընկերները: Նման հարաբերությունները կհեշտացնեն հաղթահարել միայնության զգացումը և աստիճանաբար դուրս կբերեն մեկուսացումից: Եվ եթե այդ մարդն անտարբեր չլինի տարեց հարազատի նկատմամբ, նա, անշուշտ, կօգնի գտնել նոր ընկերներ և ինչ-որ բան իր սրտով, և այդպիսով տարեցը կկարողանա վերջնականապես հաղթահարել սոցիալական միայնությունը:
  2. Ակտիվ ներգրավվածություն հասարակության մեջ–Որքան հաճախ և ավելի շատ է տարեց մարդը շփվում (նշանակություն չունի՝ հասակակիցների կամ երիտասարդների հետ), այնքան քիչ է նա մտածում միայնության և իր խնդիրների՝ հատկապես առողջության մասին: 
  3. Կենդանների հետ շփում-Այլընտրանքային տարբերակ է նրանց համար, որոնք ապրում են միայնակ և հնարավորություն չունեն հաճախ շփվել հարազատների կամ ընկերների հետ: Այս դեպքում  տարեց մարդը կարող է  կիսել իր մտքերը կենդանու հետ և իր հոգում կուտակված ողջ սերը: 

Տարեց մարդու կյանքը հեշտացնելու, նրան ավելի երջանիկ և ինքնավստահ դարձնելու համար անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի խուսափենք միայնության զգացումից: Այս դեպքում հիմնական խնդիրն է վերականգնել կայուն սոցիալական կապերը, մարդուն շրջապատել մարդկանցով (ոչ միայն իր հասակակիցների, այլ նաև այլ սերունդների ներկայացուցիչների) և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ տարեց մարդը ստիպված կլինի անընդհատ շփվել այլ մարդկանց հետ: 

 

Ծերության տարիքում միայնության զգացումը հաղթահարելը հնարավոր է, պարզապես ցանկալի է հետևել մի քանի խորհուրդների.

 

  • Եղե՛ք սոցիալապես ակտիվ-Մեծահասակների շրջանում նույնիսկ խանութ կամ պոլիկլինիկա գնալը արդեն համարվում է «պայծառ» իրադարձություն՝ առօրյա պասիվ կյանքի՝ հեռուստացույց նայելու, թերթ կարդալու և այլնի ֆոնի վրա: Այգում զբոսնելը, նոր մարդկանց հանդիպելը, բաց երկնքի տակ դոմինո խաղալը կամ շախմատ խաղալը  միայնության դեմ պայքարի լավագույն զենքներն են։ 
  • Ստեղծագործե՛ք-Ձեռքերի շարժիչ հմտությունները խթանում են նյարդային համակարգի՝ հատկապես ուղեղի աշխատանքը: Այն դրականորեն է ազդում ճանաչողական բոլոր գործառույթների` ուշադրության, մտածողության, հիշողության վրա, որոնք տարիքի հետ սկսում են մարել: Իսկ խաչբառերը, սուդոկուն և այլ հանելուկները լուծելը օգնում են պայքարել ծերության դեմ և տալիս են շատ դրական հույզեր։ Հետևաբար՝ ցանկալի է, որ կանայք ասեղնագործությամբ զբաղվեն, իսկ տղամարդիկ՝ ինչ–որ բան վերանորոգելով, որը հնարավորություն կտա նրանց հաղթահարել միայնության զգացումը:
  • Գտե՛ք ձեր համար հետաքրքիր զբաղմունք-Հնարավոր է, որ աշխատանքային գործունեությանը զուգահեռ, ձեր սիրելի հոբբիով զբաղվելու հնարավորություն չեք ունեցել, հիմա ճիշտ ժամանակն է, որ ամբողջ ազատ ժամանակը, ցանկության դեպքում, նվիրեք ձեր սիրելի զբաղմունքին: Եթե չունեք հոբբիներ, փորձեք ինչ-որ նոր բան, օրինակ՝ ուլունքագործություն, օրիգամիների պատրաստում կամ այլ որևէ զբաղմունք: Մտերիմների հետ հարաբերությունները էլ ավելի լավացնելու համար կարող եք ձեր կողմից պատրաստածը նվիրել նրանց:  

 

Իհա'րկե, հնարավոր է հաղթահարել կամ ընդհանրապես խուսափել միայնությունից, ինչի համար կան շատ եղանակներ: Ընտրե՛ք մի քանիսը և հետևե՛ք խորհուրդներին: Դուք հաստա՛տ հաջողության կհասնեք:

 

 

Աղբյուրների ցանկ

1․ www. teplye-besedy.ru

2․ www. sgc-opeca.ru/

3․ www. gk-sp.ru/

 

Հոդվածը կազմեց հոգեբան Վանեսա Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է:

19.08.2021 15:11 Նյութը դիտվել է՝ 127 անգամ: