Քնի խանգարումները տարեց հասակում

Քնի խանգարումները մեծահասակների մոտ չափազանց տարածված են: Այդ պայմանավորված է ինչպես քնի մեխանիզմները պայմանավորող կենտրոնների տարիքային փոփոխություններով, առաջնային քնի խանգումների առկայությամբ, այնպես էլ ծեր տարիքում մեծ տարածվածություն ունեցող հարակից սոմատիկ, նյարդաբանական և հոգեբուժական խանգարումներով:
Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, օրինակ Ալցհեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, պարկինսոնյան այլ համախտանիշները, և այլ բնույթի դեմենցիաները, ինչպես նաև գլխուղեղի անոթային ախտահարումները հաճախ ասոցիացված են քնի ցիրկադիանային խանգարումների, անքնության, քնի ապնոէի համախտանիշի, արագ (REM) քնի վարքային խանգարման և այլ պարասոմնիաների հետ։ Արտահայտված ցերեկային քնկոտությունը հաճախ հանդիպող և բազմապատճառաբանական խնդիր է:
Դեմենցիայով հիվանդների շրջանում գիշերային հալյուցինացիաները, միզապարկի դիսֆունկցիան և ցիրկադիանային խանգարումները բերում են քնի որակի անկմանը, ինչը բացասական ազդեցություն ունի ոչ միայն պացիենտի, այլ նաև նրա խնամակալի կամ ամբողջ ընտանիքի կյանքի որակի վրա:
Տարեցների մոտ հաճախ հանդիպող շաքարային դիաբետը, ճարպակալումը, սրտանոթային հիվանդությունները, շնչառական ապարատի հիվանդությունները ասոցիացված են քնի ապնոէի համախտանիշի և ցերեկային քնկոտության հետ: Վերջիններս էապես վատացնում են այդ խնդիրների ընթացքը և ընդհանուր ելքը։
Քնի խանգարումների վաղաժամ հայտնաբերումը, ճիշտ ախտորոշումը և բուժումը կարող են էապես ազդել գերիատրիկ պոպուլյացիայում առկա առողջական ռիսկերի և ընդհանուր կյանքի որակի բարելավման ուղղությամբ։
Հոդվածը տպագրվել է Գերիատրիայի 1-ին միջազգային համահայկական կոնգրեսի շրջանակներում լույս տեսած «Երրորդ տարիք» հոդվածների ժողովածուում։
Հեղինակ՝ Սամսոն Խաչատրյան,
Նյարդաբան-սոմնոլոգ, Սոմնուս քնի և շարժողական խանգարումների կլինիկա
Հոդվածի վերահրապարակման դեպքում ակտիվ հղումը դեպի www.gerontology.am պարտադիր է։