Տարեցների պաշտպանությունը COVID-19 համաճարակի ժամանակ

COVID-19-ը (SARS CoV2) նոր հիվանդություն է, որը ռիսկային է համարվում տարեցների համար։ Չինաստանում նախնական ուսումնասիրությունները, հիմնվելով COVID-19-ի ավելի քան 44000 դեպքերի վրա, ցույց են տվել, որ հիվանդների ընդհանուր մահացությունը կազմում է 2.3% ՝ հասնելով 8% -ի 70-79 տարեկանների և գրեթե 15% -ի մինչև 80 և 80-ից բարձր տարեկան անձանց շրջանում: ԱՀԿ-ն այն նկարագրել է որպես «վերահսկվող համաճարակ», որի համար բոլոր երկրները պետք է պատրաստվեն և արձագանքեն դրան:
Այն խնդիրներ է առաջացնում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, որոնք ունեն թույլ առողջապահական և խնամքի համակարգեր, ինչպես նաև ճամբարներում ապրող փախստականների և տեղահանված խմբերի ընդունող երկրների համար:
Այս համաճարակը կարող է ճնշվել, բայց միայն այն դեպքում, եթե մարդիկ համերաշխ լինեն և առավել ռիսկային գոտում գտնվողներին պաշտպանելու ու խնամելու համար միջոցներ ձեռնարկեն։
Ձեզ ենք ներկայացնում Halp Age International-ի մշակած 6 կարևոր ուղերձ այն անձանց, որոնք որոշումներ են կայացնում համաշխարհային և ազգային մակարդակով։
1) Հավասարություն և խտրականության բացառում
Տարեց մարդիկ ունեն առողջ լինելու իրավունք՝ ներառյալ բոլորի հետ հավասար հիմունքներով տեղեկատվության, խնամքի և բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք: Առողջապահական ծառայությունների մատուցման խտրականության ռիսկը պետք է վերահսկվի բարձր ռիսկային բոլոր խմբերի՝ ներառյալ տարեցների համար։
2) Նախապատրաստում և պլանավորում
Նախապատրաստական և պլանավորման աշխատանքներում պետք է հաշվի առնվեն տարեցների համար լրացուցիչ ռիսկերը: Երկրներին խորհուրդ է տրվում գործել համաձայն ԱՀԿ համընդհանուր ռազմավարական պատրաստվածության և արձագանքման ծրագրի, որը ներկայացնում է, թե ինչպես է պետք իրականացնել հանրային առողջապահական միջոցառումները COVID-19-ի վերահսկման համար։
3) Հանրային տեղեկատվություն՝ տարեցների իրազեկում
Բնակչության և ռիսկի խմբերի հետ կանոնավոր հաղորդակցումն ամենակարևոր քայլերից մեկն է՝ ուղղված վարակի կանխարգելմանը, կյանքեր փրկելուն և անբարենպաստ հետևանքները նվազագույնին հասցնելուն։ Տեղեկատվությունը պետք է տրամադրվի տարբեր ձևաչափերով և տեղական լեզուներով` լուծելու գրագիտության (ներառյալ տեխնիկական), լեզվի և հաշմանդամության խոչընդոտները, որոնց հաճախ բախվում են տարեցները:
4) Հասանելիություն և աջակցություն
Համաճարակի բռնկման ժամանակ պետք է ձեռնարկվեն տարեցներին աջակցելու հատուկ միջոցառումներ։ Դրանք ներառում են՝ ալկոհոլի հիմքով ախտահանման սանիտարական միջոցների հասանելիություն այն վայրերում, որտեղ ջուրը սահմանափակ է, կարանտինում կամ մեկուսացված տարեց մարդկանց սոցիալական աջակցության և առաջին անհրաժեշտության պարագաների մատչելիություն, տեղաշարժի ազատությունը սահմանափակող հավասար և անաչառ մոտեցում:
5) Հակամարտության գոտի և փախստականներ
Կառավարությունների և մարդասիրական կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակների պլանավորումը պետք է հաշվի առնի տարեց փախստականների և տեղահանվածների առջև ծառացած բարձր ռիսկը և ապահովի առողջապահական և խնամքի մատչելիություն՝ ներառյալ ազգային առողջապահական համակարգեր և հիվանդանոցներ մուտք գործելն անկախ նրանց իրավական կարգավիճակից։
6) Զարգացման և մարդասիրական գործունեության ֆինանսավորում
Տարեցներին հաճախ անտեսում են զարգացման ռազմավարության և ֆինանսավորման, մարդասիրական գործունեության պլանավորման ընթացքում։ Տարեցներն ամենաշատն են վտանգի ենթարկվում և նրանք պետք է հստակ հիշատակվեն և հաշվի առնվեն ֆինանսավորմանն ուղղված հայտերի և որոշումների բոլոր մակարդակներում և բոլոր իրավիճակներում։
Խնդրում ենք հաշվի առեք՝ COVID-19-ը լուրջ հիվանդություն է, բայց կան բաներ, որ բոլորս կարող ենք անել մեզ և ուրիշներին պաշտպանելու համար։ Նախազգուշական խելամիտ միջոցներ ձեռնարկելը կարևոր է, բայց պետք չէ խուճապին տեղիք տալ։
Թարգմանությունը՝ Անի Հովհաննիսյանի
Խմբագրումը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Աղբյուրը՝ helpage.org
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։