Տարեցների ներուժը որպես մշակութային ժառանգության պահպանման ռեսուրս

Տարեցների ներուժը որպես մշակութային ժառանգության պահպանման ռեսուրս

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի ներքո գործող մեծահասակների զբաղվածության, ժամանցի և գլխուղեղի առողջության կենտրոնում, որի այցելուները 63 տարեկանն անց անձինք են, ազգային մշակույթն առանձնակի կարևորություն ունի։ 2021 թվականի հունվար ամսից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ գործում է մշակութային բաղադրիչը, որի շրջանակներում այցելուները զբաղվում են կարպետագործությամբ, ասեղնագործությամբ և տիկնիկագործությամբ։

 

Ծրագիրն այժմ շարունակվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Տարեցների ներուժը որպես մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» խորագրով։ Ուսուցանող մասնագետն Արմինե Խաչատրյանն է՝ ասեղնագործող, տիկնիկագործ, «Լևոն Գալչյան» արվեստի կենտրոնի տնօրեն, որի աշխատանքներով Հայաստանը բազմիցս ներկայացվել է միջազգային մշակութային փառատոններում և ցուցահանդեսներում։

 

Ծրագիրը եզակի է և նախադեպը չի ունեցել Հայաստանում, այն շեշտը դնում է մեծահասակների շարունակական (ցկյանս) կրթության, տարեցների ուժեղ կողմերի և ներուժի բացահայտման, ձեռագործության տեսակների միջոցով մտավոր և ֆիզիկական առողջության պահպանման և երիտասարդ սերնդին փորձի փոխանցման վրա։

 

Ապացուցված է, որ ստեղծագործական աշխատանքները նպաստում են՝

 

  • մեծահասակների հիշողության և առհասարակ կոգնիտիվ ֆունկցիաների բարելավմանը և պահպանմանը,
  • սթրեսի, տագնապայնության և դեպրեսիայի ռիսկի նվազեցմանը,
  • ֆիզիկական հնարավորությունների ընդլայնմանը (օգնում է լավացնել կոորդինացիան, նվազեցնում է ցավը մի շարք հիվանդությունների, օրինակ՝ արթրիտի դեպքում),
  • մոտոր հմտությունների պահպանմանը,
  • գլխուղեղի առողջության խթանմանը,
  • առողջ հաղորդակցմանն ու շփմանը,
  • ինքնագնահատականի բարձրացմանը և ինքնավստահությանը,
  • անկախությանը և ինքնուրույնությանը,
  • դեմենցիայի կանխարգելմանը,
  • դեմենցիա ունենալու դեպքում՝ հիվանդության զարգացման դանդաղեցմանը և իմացական գործընթացների խթանմանը։

 

Ծրագրի շրջանակներում առանձին հանդիպումներ են նախատեսված նաև երեխաների հետ, որոնց ընթացքում մեծահասակներն իրենց յուրացրած հմտությունները և գիտելիքները կփոխանցեն նրանց։ Նպատակը մշակութային արժեքների փոխանցումն է և սերունդների արդյունավետ շփումը։ 

1 2 3 4 5 6 7 8 9 10
02.07.2021 18:39 Նյութը դիտվել է՝ 286 անգամ: