ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Բնակչության ծերացումը (տարեց և ծեր մարդկանց թվաքանակի աճը բնակչության ընդհանուր թվակազմում) բնորոշ է բոլոր զարգացած երկրներին: Այդ բնագավառի հիմնախնդիրները պայմանավորել են ծերաբանության և ծերաբուժության արագ զարգացումը:
Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին։ Իսկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումները վկայում են, որ Հայաստանը շուտով կհատի այդ շեմը։ Ըստ կանխատեսումների 2050թ-ին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23%-ը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12.9 %-ը` 387.659 մարդ, որոնց 32%-ն աղքատ է։

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Հայաստանում ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր բոլոր տարիքի մարդկանց համար՝ ապահովելով նրանց ակտիվ ու արժանապատիվ ծերացման գործընթացը և միաժամանակ բարձրացնելով տարեցների կյանքի որակը։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ

- Ներդնել գերոնտոլոգիայի և գերիատրիայի ծառայությունների համակարգ։
- Նպաստել գերոնտոլոգիական և գերիատրիկ կրթության զարգացմանը։
- Բարելավել տարեցների խնամքի ծառայությունների տեսականին և որակը։
- Բարձրացնել տարեցների՝ իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը։
- Խթանել տարեցների առավել երկար աշխատանքային կյանքի ապահովումը։
- Ամրապնդել միջազգային համագործակցությունը ծերացման հիմնախնդիրների լուծման նպատակով։

ՄԵՐ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ

Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն են՝ առողջապահություն (գերիատրիա), սոցիալական (տարեցների խնամքին ուղղված սոցիալական ծառայություններ), կրթություն։

ԳԵՐԻԱՏՐԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈւՆԸ

Ծերացող հասարակության մեջ բժշկասոցիալական խնդիրներն առաջին պլանում են հայտնվում։ Ըստ այդմ՝ տարեցների առողջությամբ և խնամքով զբաղվող հատուկ կենտրոնների և բուժհաստատությունների անհրաժեշտություն է ծագում։ Տարեց հասակում քրոնիկական մի շարք հիվանդություններ են հայտնաբերվում, որոնք խորանում են սոցիալական խնդիրների և զարգացող ծերունական ասթենիայի պատճառով։
Տարիքին համընթաց օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական և ախտաբանական մի շարք փոփոխություններ։ Դրանցով պայմանավորված՝ բազմաթիվ հիվանդություններ տարեց հասակում ունենում են այլ մեխանիզմներ, հետևաբար դրանց կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է յուրահատուկ մոտեցում և մասնագիտական հատուկ պատրաստվածություն։ Ընդ որում՝ տարեց հասակում, որպես կանոն, դիտվում է հիվանդությունների համակցում (comorbidity), ուստի միևնույն դեղամիջոցի նշանակման ձևերն էլ երիտասարդների և տարեցների շրջանում պետք է էապես տարբերվեն: Այս հարցում մեծ կարևորություն է ստանում նաև ծերաբուժական դեղաբանության զարգացումը Հայաստանում։

Գերիատրիան՝ ծերաբուժությունը, գերոնտոլոգիայի՝ ծերաբանության, ուղղություններից մեկն է և զբաղվում է տարեց հասակի հիվանդությունների ուսումնասիրմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ, իսկ որպես մասնագիտություն երիտասարդ է․ միայն 80-ական թվականների վերջերին է պաշտոնական կարգավիճակ ստացել։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈւՄ

  • Առողջապահական ծառայություններ
  • Սոցիալական ծառայություններ
  • Մասնագիտական կարողությունների զարգացում