Ալցհեյմերի հիվանդություն․ ի՞նչ անել, եթե հիվանդ է ընտանիքի անդամը

Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական թուլամտության՝ դեմենցիայի ամենատարածված ձևերից մեկն է։ Սովորաբար առաջանում է 65 տարեկանից հետո, սակայն գոյություն ունի նաև հիվանդության հազվադեպ մի ձև, որն ի հայտ է գալիս ավելի վաղ։ Հիվանդության առաջացման պատճառները, ընթացքի առանձնահատկությունները դեռևս լիովին պարզ չեն, ախտորոշման նպատակով կատարվում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ուշադրություն է դարձվում վարքին և մի շարք այլ ցուցիչների։

Հիվանդության հիմքում ընկած է ուղեղի հյուսվածքների և բջիջների աստիճանաբար մահը, որը հիմնականում սկսվում է ուղեղի այն կենտրոններում, որոնք պատասխանատու են հիշողության և մտածողության համար։ Մարդն աստիճանաբար կորցնում է հիշողությունը, առողջ մտածողությունը, մաթեմատիկական ունակությունները, չի կարողանում հասկանալի խոսել և դադարում է շարժվել, սկսում է մոռանալ բարեկամներին և ինքն իրեն։

Թերապիայի ժամանակակից մեթոդներն օգնում են միայն որոշակիորեն մեղմել հիվանդության ախտանշանները, սակայն դրանք չեն դադարեցնում կամ դանդաղեցնում հիվանդության զարգացումը։ Շատ կարևոր է ժամանակին հայտնաբերել առաջին ախտանշանները, որոնք տարբերվում են սովորական ծերունական մոռացկոտությունից, և դիմել բժշկի։

Հիմնական ախտանշաններն են՝
- դժվարություն խոսելու ժամանակ ճիշտ բառեր գտնելու հարցում,
- կարճատև հիշողության վատացում,
- բավականին մեծ դժվարություն ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում,
- խուճապ անսովոր իրավիճակներում,
- դժվարություն տան սովորական աշխատանքները կատարելիս, օրինակ՝ ճաշի եփելիս,
- նախասիրությունների, նախկինում ունեցած զբաղմունք սիրելի տեսակների հանդեպ հետաքրքրության կորուստ,
- ժամանակի բաշխման հարցում սխալ կողմնորոշում,
- նախաձեռնելու և աշխատելու ցանկության կորուստ,
անտարբերություն և մեկուսացում։

Աստիճանաբար, կախված հիվանդության ընթացքից, մոռացկոտությունն ուժեղանում է, մարդը դառնում է անօգնական, չի կարողանում սպասարկել ինքն իրեն և սկսում է չգիտակցել, որ հիվանդ է։ Առաջանում է թափառելու հակում, հազվադեպ՝ տեսողական հալյուցիանցիաներ։ Հիվանդության ուշ փուլերում հիվանդն սկսում է մոռանալ իր մտերիմներին, ընտանիքի անդամներին, չի կարողանում տեղաշարժվել, խոսել և հասկանալ ուրիշներին։

Ի՞նչ անել, եթե հիվանդ է ընտանիքի անդամը

1․Հիվանդի համար օրվա ռեժիմ սահմանեք և ընդգրկեք սովորական զբաղմունքներ՝ նրան ազատելով որոշում կայացնելու խնդրից։
2․Նրան սիրելի գործով զբաղվելու հնարավորություն տվեք՝ աշխատել բակում, շյուղերով գործել և այլն։ Ֆիզիկական ցանկացած ակտիվություն կարող է ճնշել հիվանդության սրացումը։
3․Ուշադրություն մի դարձրեք նրա անհաջողություններին, քանի որ այդ կհանգեցնի սթրեսի, որն էլ իր հերթին կարող է բարդությունների առաջացման պատճառ դառնալ։
4․Տանն ապահով միջավայր ստեղծեք, թաքցրեք կտրող և ծակող գործիքները, դեղերը, թույները և այլն։
5․Մի փոփոխեք իրերի մշտական տեղն ու դասավորվածությունն այնտեղ, որտեղ ապրում է հիվանդը։
6․Պահպանեք հիվանդի հետ շփումը, փորձեք խոսել հասկանալի, դանդաղ, պարզ, աչքերի մեջ նայելով։ Հարգալից եղեք, միշտ լսեք և համբերատարությամբ պատասխանեք նրան, անգամ եթե նրա խոսքն իմաստ չի արտահայտում կամ նույն բանը մի քանի անգամ է կրկնում կամ հարցնում։
7․Խուսափեք մանր կոճակներ ունեցող հագուստներից, նախընտրելի է ռետինե գոտկատեղով տաբատներ և շղթայով հագուստներ գնել։ Մի շտապեցրեք հիվանդին, թույլ տվեք ինքնուրույն հագնվել։
8․Սնունդը մանր-մանր կտրատեք, քանի որ ուշ փուլերում հիվանդը դժվարանում է լավ ծամել և կուլ տալ։
9․Եթե հիվանդը հաճախ է կորցնում իր իրերը և շրջապատի մարդկանց մեղադրում է գողության մեջ, գտեք տեղեր, որտեղ հիվանդը կարող է դրանք թաքցնել։
10. Ունեցեք բանալիների կրկնօրինակը, թաքցրեք օրիգինալ փաստաթղթերը՝ անձնագիր, թոշակի վկայագիր, սեփականության փաստաթղթեր և այլն, աղբը թափելուց առաջ ստուգեք աղբարկղը։
11․Եթե հիվանդը դուրս է գալիս տնից, հնարավոր է, որ մոլորվի և կորցնի տունդարձի ճանապարհը։ Նրա գրպանում անպայման թուղթ դրեք, որի վրա գրված կլինի նրա անուն- ազգանունը, տան հասցեն և ընտանիքի անդամներից մեկի հեռախոսահամարը։ Փորձեք դռների վրա հայելի ամրացնել, քանի որ հայելու մեջ սեփական արտացոլանքը կարող է շեղել դուռը բացելու ցանկությունից։
12․Փորձեք տանը հանգստություն պահպանել, հիվանդի ագրեսիվ պահվածքին ագրեսիվությամբ չպատասխանել։ Փորձեք հետևել և հասկանալ, թե ինչն է նրան բարկացնում և ինչն է ուրախություն պատճառում։
13․Ընտանիքի այլ անդամների օգնությունից մի հրաժարվեք, պետք չէ հիվանդի խնամքի ամբողջ ծանրությունը կրել ձեզ վրա։ Ժամանակ հատկացրեք նաև ինքներդ ձեզ։
Նկատի ունեցեք՝ Ալցհեյմերի հիվանդությունը կախված չէ սոցիալական դիրքից, մարդու կրթությունից կամ ազգային պատկանելիությունից։


Նյութի կազմումը՝ Անի Հովհաննիսյանի,
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածի վերահրապարակման դեպքում սկզբնաղբյուրի ակտիվ հղումը պարտադիր է։