Շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման կլինիկական ուղեցույց

Շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման կլինիկական ուղեցույց

Ամփոփագիր

 

Տարեցների մոտ շաքարային դիաբետը կարող է դրսևորվել տարբեր կլինիկական առանձնահատկություններով, որոնք միշտ չէ, որ հանդիպում են երիտասարդ պացիենտների շրջանում և պահանջում են անհատական մոտեցում՝ հաշվի առնելով ինչպես պացիենտի տարիքը, այնպես էլ ուղեկցող տարբեր գործոնների առկայությունը։ Հիվանդության արդյունավետ վարման համար բժշկի կողմից նվազագույնը պետք է հաստատվեն թիրախային նպատակներ, որոնց իրագործմանը բժիշկը պետք է հասնի պացիենտի և նրա հարազատի/խնամակալի հետ միասին։ Դրա համար անհրաժեշտ է հայտնաբերել և արդյունավետ վարել այնպիսի ախտաբանական վիճակներ, ինչպիսիք են հիպերտոնիկ հիվանդությունը, հիպերգլիկեմիան, տրամադրության խանգարումները, ինչպես նաև պետք է իրականացնել գերիատրիկ համախտանիշների սքրինինգային հետազոտություններ և,
հայտնաբերելու պարագայում, նշանակել համապատասխան բուժում։
 

 

Նպատակ

 

Ուղեցույցի նպատակն է լուսաբանել տարեցների մոտ շաքարային դիաբետի վարման առանձնահատկությունները, առաջարկել հիվանդության վարման վերաբերյալ ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև բարձրացնել, հատկապես, առաջնային օղակի բժիշկների կողմից իրականացվող ախտորոշիչ և բուժական միջոցառումների արդյունավետությունը։
 

 

Մեթոդաբանություն

 

Սույն ուղեցույցը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից կազմված աշխատանքային խմբի կողմից: Փաստաթղթի հիմքն են հանդիսացել Գերիատրիայի ամերիկյան միության (American Geriatrics Society (AGS) կողմից 2003թ. ներկայացված «Շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման կլինիկական ուղեցույցների» (Guidelines for Improving the Care of the Older Person with Diabetes Mellitus) 2013թ-ի թարմացումը, AGS համակարգային ամփոփումների և մեթավերլուծությունների առանցքային տվյալները, ինչպես նաև Cochrane library, PubMed և UpToDate էլեկտրոնային շտեմարանների տվյալները: Տեղեկատվության որակը գնահատելիս և խորհուրդների ուժը որոշելիս հիմք է ընդունվել ԱՄՆ-ի Կանխարգելման ծառայությունների հանձնաժողովի ապացույցների գնահատման համակարգը: Տեղայնացման/ադապտացիայի աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա: Պատասխանատու համակարգողը և աշխատանքային խմբի անդամները հայտարարագրել են իրենց շահերի բախման բացակայության մասին տեղեկատվությունը: Ուղեցույցի բոլոր դրույթները քննարկվել և հավանության են արժանացել Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից:
 

 

Արդյունքներ

 

Հիմնվելով վերոնշյալ ապացուցողական մեթոդաբանության վրա՝ ուղեցույցում լուսաբանվել են տարեցների մոտ շաքարային դիաբետի վարման, կլինիկական դրսևորումների, հաճախ հանդիպող բարդությունների, բժիշկ-պացիենտ հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև կյանքի որակի բարելավման հիմնահարցերը։ Ընդհանուր առմամբ, ուղեցույցում ձևակերպվել է 40 խորհուրդ։
 

 

Հետևություններ

 

Միջազգային փորձագետների մեծ խումբ շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման բազմաթիվ կարևոր սկզբունքների վերաբերյալ եկել է համաձայնության: Չնայած այն փաստին, որ որոշ մասը չունի ապացուցելիության բարձր մակարդակ, այնուամենայնիվ, այս մեթոդաբանությամբ մշակված տեղեկատվությունը շաքարային դիաբետով տարեցների կյանքի որակի բարելավման հիմքն է:

 

Հիմնական բառեր

 

Շաքարային դիաբետ, տարեցներ, գերիատրիկ համախտանիշներ, ուղեցույցներ, ինքնավերահսկում, անկումներ, անկման համախտանիշ, դեպրեսիա, դիաբետիկ ոտնաթաթ, անմիզապահություն, խնամք։

 

Պատասխանատու համակարգող

 

Թորոսյան Ա․Դ․ - Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր/նախագահ, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր/նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անեսթեզիոլոգիայի և
ռեանիմատոլոգիայի» ամբիոնի կլինիկական օրդինատոր։ Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0097, Նորաշեն 23-54, հեռ․՝ +37493174146, էլ․փոստ՝ dr.artur.torosyan@gmail.com

 

Աշխատանքային խմբի անդամներ

 

1. Հովհաննիսյան Ա.Գ. - «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, իմունոլոգ, իմունականխարգելման ծառայության պատասխանատու, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման բաժնի
փորձագետ-մեթոդաբան։ Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0051, Կոմիտաս 49/4, հեռ՝ +374 10 239044, էլ. փոստ՝ ahovhannisyan@vardanants.am
2. Մանուկյան Ա․Մ․ - «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի» ամբիոնի կլինիկական օրդինատոր։ Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0087, Տիտոգրադյան 14, հեռ․՝ +374 98 140696, էլ․ փոստ՝ araksman94@gmail.com
3. Մովսեսյան Ն․Տ․- Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս, ցավի կառավարման և պալիատիվ խնամքի մասնագետ, Ցավերի ուսումնասիրության
հայկական ասոցիացիայի (ՑՈւՀԱ) նախագահ։ Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0025, Կորյունի 2, հեռ․՝ +374 55 113043, էլ․ փոստ՝
movses44@gmail.com
 

Շահերի բախման հայտարարագիր և ֆինանսավորման աղբյուրներ

 

Պատասխանատու համակարգողը հայտարարում է շահերի բախման բացակայության մասին: Աշխատանքային խմբի անդամների հայտարարագրերը կցվում են: Սույն փաստաթղթի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ՄԱԿի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից: Ֆինանսավորող կառույցը ոչ մի ազդեցություն չի ունեցել սույն ուղեցույցի մշակման որևէ փուլի վրա:
 

 

Շնորհակալական խոսք

 

Պատասխանատու համակարգողն իր երախտագիտությունն է հայտնում աշխատանքային խմբի բոլոր անդամներին, ինչպես նաև սույն ուղեցույցի մշակման աշխատանքներին իրենց աջակցությունը, խորհրդատվությունը և մասնագիտական
գիտելիքները տրամադրած գործընկերներին:

 

Ուղեցույցը չի կարող փոխարինել բժշկի որոշումներ ընդունելու հմտություններին՝ տվյալ կլինիկական իրավիճակում գտնվող անհատ պացիենտի վարման դեպքում: Խորհուրդների մեծամասնությունը կիրառելի է ինչպես հիվանդանոցային, այնպես էլ
ամբուլատոր պայմաններում բուժվող պացիենտների համար: Ուղեցույցում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետներին:

 

Ուղեցույցը հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։ Հրամանը և բուն ուղեցույցը հասանելի են ինչպես նախարարության www.moh.am կայքում՝ նոր առանձնացված «Գերիատրիա» թղթապանակում, այնպես էլ այստեղ` «Շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման կլինիկական ուղեցույց »։

 

Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

09.03.2020 01:41 Նյութը դիտվել է՝ 497 անգամ: