Ինչպե՞ս պաշտպանենք մեր ընտանիքի տարեց անդամներին․ COVID-19

Ինչպե՞ս պաշտպանենք մեր ընտանիքի տարեց անդամներին․ COVID-19

Ինչպես գիտեք, տարեցները նոր կորոնավիրուսով վարակման խոցելի խմբում են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 60 տարեկան և ավելի մեծ անձինք, հատկապես նրանք, որոնք ունեն նաև դիաբետ, քացկեղ, սրտի կամ թոքերի հետ կապված հիվանդություններ, ավելի ծանր են տանում վարակը (անգամ մահվան ելքով), քան այլ տարիքի մարդիկ։
Եթե ներկայում զբաղվում եք ձեր տարեց ծնողների կամ տատ ու պապի խնամքով, ամենայն հավանականությամբ անհանգստացած եք ավելի շատ։ Ահա մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես պաշտպանեք նրանց և ինչ անեք, եթե հանկարծ վարակվեն COVID-19-ով։

 


Հոգացեք ինքներդ ձեր մասին

 

Առաջին և ամենակարևոր բանը, որ պետք է անեք որպես խնամող, ինքներդ ձեզ պաշտպանելն է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելով։ Ահա հիմնական ցուցումները ըստ ԱՀԿ-ի՝

 

  • Ձեռքերը հաճախ լվացեք օճառով և ջրով (20 վայրկյան տևողությամբ), հատկապես՝ կերակուր պատրաստելուց, խնամքին ուղղված գործողություններ կատարելուց առաջ, հասարակական վայրերում տարբեր իրերի դիպչելուց, լոգարանից օգտվելուց հետո։
  • Խուսափեք մարդաշատ վայրերից, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ փռշտալիս կամ հազալիս բերանը փակեք արմունկով, անձեռոցիկ օգտագործելու դեպքում այն անմիջապես նետեք աղբարկղի մեջ։
  • Ձեր ձեռքերը հեռու պահեք ձեր դեմքից։
  • Հաճախ մաքրեք և ախտահանեք ձեր տան հաճախ օգտագործվող տարածքներն ու մակերեսները, ինչպես նաև ձեր խնամառուի իրերը՝ անվասայլակ, քայլակ, ձեռնափայտ և այլն։

 

Պահպանեք սոցիալական հեռավորությունը, բայց մի մեկուսացրեք 

 

Ձեր սիրելի մարդկանց վարակվելու վտանգը նվազեցնելու ամենակարևոր քայլը անձնական այցերը սահմանափակելն է։ Այդ, սակայն, կարող է ճնշող լինել այն մեծահասակների համար, որոնք սիրում են ընկերների և ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնել։

 

Սոցիալական հեռավորություն պահել չի նշանակում մեկուսացնել կամ մենակության մատնել։ Մենք պետք է պաշտպանենք նրանց՝ միաժամանակ հաշվի առնելով, որ սոցիալական մեկուսացումը կարող է բացասական ազդեցություն թողնել տարեցի հոգեբանական առողջության և իմունիտետի վրա։

 

Բազմաթիվ վայրեր ու ծառայություններ ներկայում փակ են, սահմանափակված է նաև մարդկանց տեղաշարժը, այդ պատճառով փորձեք տարեցին առցանց ծառայություններից օգտվել սովորեցնել։

 

Տեխնոլոգիաների դերը

 

Որպեսզի օգնեք ձեր խնամառուին իրեն միայնակ չզգալ՝

 

 

  • ցույց տվեք նրան, թե ինչպես կարող է սմարթֆոնն օգտագործելով տեսազանգ անել և շփվել այլոց հետ,
  • ընկերներին, հեռու ապրող թոռներին և ընտանիքի այլ անդամներին խրախուսեք հաճախ զանգել, գրել կամ անակնկալ բացիկ ուղարկել իրենց սիրելիին ոգևորելու համար,
  • միասին քննարկեք և որոշեք, թե ինչ կարող եք անել տարեցի ժամանցն ապահովելու համար, գուցե որոշ խաղեր գնելու կարիք լինի,
  • քաջալերեք, որ տանը որոշակի գործեր անի, այնպիսիք, որոնք միշտ հետաձգել է, օրինակ՝ նկարների ալբոմները կարգի բերել, բաղադրատոմսերի գրքույկը լրացնել, գրքերը դասավորել և այլն։

 

Պլանավորեք

 

Եթե կարող եք, ձեր ընտանիքի տարեց անդամին ներգրավեք այն բոլոր քննարկումներում և որոշումներում, որոնք ուղղված են հետագայի պլանավորմանը, եթե դուք ինքներդ հիվանդանաք։ Նախապես մտածելը համեմատաբար կնվազեցնի սթրեսն ու անհանգստությունը, բացի այդ ավելի պատրաստված կզգաք։

 

Եթե միակ խնամողն եք, ընտրեք մեկին, ում վրա կկարողանաք հույս դնել, ով կկարողանա խնամել տարեցին ձեր հիվանդանալու դեպքում։

 

Դեղորայքի պաշար հավաքեք 1 ամսվա համար, ինչպես նաև սննդի պաշար առնվազն երկու շաբաթվա համար։ Պարզեք, թե առաքման ինչ ծառայություններ կան ձեր տանը մոտ տարածքում։ 

 

Հոդվածը կազմվել է who.int, cdc.gov և hopkinsmedicine.org կայքերի հոդածների հիման վրա։

Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

25.03.2020 18:29 Նյութը դիտվել է՝ 355 անգամ: