Տարեցները տանը․ հաճելի զբաղմունքներ բոլորի համար

Տարեցները տանը․ հաճելի զբաղմունքներ բոլորի համար

Տարեց մարդկանց ընկերակցությամբ ժամանակ անցկացնելը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող, քանի որ դժվար է գտնել ընդհանուր այնպիսի մի զբաղմունք, որը հետաքրքիր կլինի տարբեր սերունդների ներկայացուցիչների համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով արտակարգ դրությամբ պարտադրված սահմանափակումները, փորձենք առանձնացնել մի շարք զբաղմունքներ, որորնք այս օրերին կհետաքրքրեն թե՛ երիտասարդներին, թե՛ տարեցներին:

 

Սեղանի խաղեր խաղալ

 

Եթե տարեցը սիրահար է սեղանի խաղերի, ապա խաղ խաղալը հիասքանչ ընտրություն կարող է լինել ձեզ համար: Սեղանի խաղերի լայն տեսականի կա այժմ, որոնցից կարող եք ընտրել ձեր և տարեցի հետաքրքրություններին ամենահամապատասխանը: Օրինակ շախմատ խաղալը իդեալական տարբերակ կարող է լինել տարեցի հետ հետաքրքրիր և հիշարժան ժամանակ անցկացնելու համար: Բազմաթիվ տարեցներ ուղղակի վայելում են ընտանիքի անդամների հետ շփումը, խաղեր խաղալը, հատկապես լավ ընտրություն կարող է լինել փազլ հավաքելը կամ միասին խաչբառ լուծելը, ինչը, ի դեպ, դրական ազեցություն է թողնում նաև նրանց ուղեղի առողջության վրա, կանխում դեմենցիան կամ դանաղեցնում դրա ընթացքը:

 

Մարմնամարզությամբ զբաղվել

 

Գրեք ձեր օրակարգը և հատկապես ուշադրություն դարձրեք առողջ ապրելակերպին: Առավոտյան միասին վազելը կամ մարմնամարզություն անելը թե՛ առողջարար, թե՛ հաճելի զբաղմունք է ժամանակի մեծ մասը տանն անցկացնող տարեցի համար: Առաջարկում ենք նաև համացանցում յոգայի դասեր գտնել և փորձել յոգայով զբաղվել: Միայն թե երկու կարևոր հանգամանք հաշվի առեք՝ գլխապտույտից ու ընկնելուց խուսափելու համար լավ կլինի տարեցն աթոռին նստած կատարի վարժությունները, իսկ յոգայի դեպքում պարզագույն վարժություններն ընտրեք և ուշադիր հետևեք տարեցի ինքնազգացողությանը։ Դադարեք մարզվել հոգնածության և/կամ ցավ զգալու դեպքում։

 

Սիրած զբաղմունքին ժամանակ հատկացրեք

 

Կինոման տարեցների համար լավագույն զբաղմունք կարող է լինել ընտանիքի անդամների հետ մի լավ ֆիլմ դիտելը: Մեկ այլ լավ զբաղմունք կարող է լինել մանդալաներ ներկելը, որոնք հասանելի են համացանցում, կարող եք նաև տպել «Ներկի՛ր ինքդ» պատկերներ:  Եթե տարեցը խոհարարության կամ օրինակ որևէ երաժշտական գործիք նվագելու սիրահար է, հավատացեք այս օրերը կատարյալ են հենց այդ ամենով զբաղվելու համար: Միասին պատրաստեք որևէ համեղ թխվածք կամ պարզապես վայելեք լավ երաժշտություն: Գաղտնիք չէ, որ լավ երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունը և օգնում հեռու մնալ սթրեսից:

 

Ընթերցանություն

 

Այդ կատարյալ տարբերակ է տարեցների համար թե՛ ժամանակ անցկացնելու, թե՛ տեղեկացված լինելու համար: Ընթերցանության համար ճիշտ նյութեր ընտրելը կօգնի տարեցին նվազեցնել սթրեսային վիճակները և բարելավել քունը: Եթե անգամ տարեցը տեսողական խնդիրներ ունի, հոգ չէ, այժմ համացանցում հայալեզու աուդիոգրքերի լայն տեսականի կգտնեք: Կամ էլ կարող եք միասին կարդալ և քննարկել վերջին նորությունները տարեցին հետաքրքրող որևէ ոլորտի ամսագրից:

 

Այգեգործություն

 

Լավագույն զբաղմունքը տարեցների համար կարող է համարվել այգեգործությունը: Այգեգործությունը կարող է տարեցի համար լինել ոչ միայն սիրելի զբաղմունք, այլև կարող է կարևոր ու օգտակար գործ անելու հաճույք պարգևել: Այնպես որ, եթե ունեք հնարավորություն, ապա անպայման դուրս եկեք այգի և զբաղվեք այգեգործությամբ, շփվեք բնության հետ՝ ուժ ստանալով նրանից: Մաքուր օդը լավագույն լուծումներից է:

 

Այսպիսով սա միայն մի փոքր մասն է այն հետաքրքրաշարժ զբաղմունքների, որոնցով կարող եք  զբաղվել տարեցի հետ: Եղե՛ք կրեատիվ և հիշե՛ք՝ ամենաթանկ բանը, որ կարող եք նվիրել ձեր ծնողներին և տատիկ –պապիկներին, նրանց հետ անցկացրած ժամանակն է:


 

Նյութը կազմեց Նարե Ավետիսյանը
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 


 
 

06.04.2020 22:51 Նյութը դիտվել է՝ 454 անգամ: