Էրգոթերապիան տարեցների հետ աշխատանքում

Էրգոթերապիան տարեցների հետ աշխատանքում

Ծերացումը ֆիզիոլոգիապես անխուսափելի գործընթաց է` ժամանակագրական, սոցիալական և հոգեբանական հարթություններով: Յուրաքանչյուր տարեց իր կյանքի ընթացքում ձեռք է բերում առօրյա կյանքում կենսագործելու տարաբնույթ դերեր և փորձ, որոնք օգնում են կյանքում ինքնավարության  ու ինքնավստահության պահպանմանը: Մի շարք հիվանդություններ, սակայն, տարեց հասակում հաճախ բերում են անձի դերերի ու առօրյա կյանքում հարմարվելու ունակությունների թերի դրսևորմանը [1]: Կյանքի որակի ապահովումը ու ինքնագնահատականը չկորցնելու հարցը տարեցների համար կարևորագույն նախապայման է: 
 

 

Կյանքի որակն առողջ ծերության գրավականն է, իսկ տարեց հասակում կյանքի որակն ապահովող կարևորագույն գործոններից մեկն առօրյա կյանքում առավելագույն անկախությունն է։Տարիքին զուգընթաց աստիճանաբար թուլանում են օրգանիզմի հարմարվողական մեխանիզմները, յուրաքանչյուր տարեց իրենից անկախ բախվում է առողջական տարաբնույթ խնդիրների, որոնք հանգեցնում են տարբեր սահմանափակումների ու հետևաբար նաև կյանքի որակի նվազեցման [2]: 

 

 

Զարգացող հիվանդությունների հետևանքով ի հայտ եկող այնպիսի ֆիզիկական սահմանափակումներ, ինչպիսիք են ցավը, մկանային թուլությունը, տեղաշարժման խնդիրները, իրենց ազդեցությունն են թողնում առօրյա գործունեության վրա։ Հետևաբար այնպիսի կարևորագույն գործողություններ, ինչպիսիք են հագնվելը, ինքնուրույն ուտելը, բնակարանի մաքրության ապահովումը, կերակուր պատրաստելը, տեղաշարժումը բնակարանում կամ բնակարանից դուրս, քայլելը և այլն, դառնում են  դժվար, երբեմն էլ՝ անհնարին, որի արդյունքում կախվածությունը մեկ այլ անձից դառնում է պարտադիր՝ հանգեցնելով կյանքի որակի նվազման ու ինքնագնահատականի անկման: Այդ պարագայում կարևոր է  առօրյա գործողություններում առավելագույն անկախություն ձեռք բերելու կարողության զարգացումը կամ վերակագնումը, ինչպես նաև զբաղվածության ապահովումը՝ ելնելով տարեցի հետաքրքրություններից: Այդ պարագայում տարեցների հետ աշխատանքում մասնագիտական խմբի մեջ մեծ դեր ունի էրգոթերապիստը։   

 

 

Էրգոթերապիայի նպատակն է հնարավորություն տալ մարդուն ինքնուրույն կատարելու առօրյա գործողությունները՝ դրանով իսկ վերականգնելով մարդու դերը և բարձրացնելով կյանքի որակը: Էրգոթերապիան իր առջև նպատակ է դնում նաև զարգացնելու անձի կարողությունները հնարավորինս ինքնուրույն կյանք վարելու համար (ինքնասպասարկման, աշխատանքի և ուսման, հանգստի և ժամանցի ոլորտներում)՝ անկախ այն բանից, թե մարդն ինչ դժվարություններ կամ խոչընդոտներ ունի հասարակական կյանքում [3]։ Հարկ է նշել, որ էրգոթերապիստները գերիատրիայի (ծերաբուժության) ոլորտում օգնում են մարդուն հնարավորության սահմաններում վերականգնել նախկին զբաղվածությունը` ընդլայնելով  նրա ներգրավածությունն իր իսկ նախընտրած գործունեության կամ աշխատանքի այն ձևերում, որոնցում ցանկանում է զբաղված լինել, կամ որոնք ցանկանում է կատարել :
 

 

Էրգոթերապիստն իր  գործընթացը ցանկացած ոլորտում սկսում է գնահատումից` հարցազրույցի և դիտարկման միջոցով` օգտագործելով  տարբեր տեսակի հարցաթերթիկներ, որոնք տեղեկություններ են տալիս անձի ֆունկցիոնալ և մտավոր հնարավորությունների, հոգեբանական և անհատական առանձնահատկությունների, ինչպես նաև անձի գործունեության մասին: Գնահատման ժամանակ էրգոթերապիստները պարզում են, թե ինչպիսի գործողություններ են հասանելի անձին, ինչքանով են անձի գործունեության ձևերը և անձնային դերերը համապատասխանում հիվանդությունից առաջ առկա և ներկա վիճակին [4]: 

 

 

Կախված տարեցի ներկա վիճակից՝ նպատակները և միջամտության պլանավորումն իրականացվում է անհատական մոտեցմամբ, երբեմն կարիք է լինում միջավայրը հարմարեցնել, առաջարկել կամ պատրաստել հարմարեցված պարագաներ առօրյա գործողությունների կատարումը հեշտացնելու և առավելագույն ինքնուրույնության հասնելու համար: Երբեմն շատ փոքր քայլերն են, որոնք վերականգնում են ինքնուրույնությունը: 

 

 

Օգտագործված գրականություն 

1. K. Oscar Larson, MA, OTR,1996,Rote the role of Occupational Therapy with the Elderly,The American Occupational Therapy Association.
2. Anne Mclntyre& Anita Atwal. Occupational Therapy and Older People, Brunel University, London UK, 2005.
3. Blesedell, Е. C., Cohn E.S, Boyt Schell B., “Willard and Spackman՛s Occupational Therapy”, 2009․  
4. L. Finlay (2004) The Practice of Psychosocial Occupational therapy, Third edition: The information and guidelines in chapter 6 The Therapeutic Relationship, and in chapter 7 Assessment․
 

  

 

Կազմեց Մերի Ավետիսյանը, Էրգոթերապիստ, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 


 

22.04.2020 13:13 Նյութը դիտվել է՝ 694 անգամ: