Խնամողի դպրոց․ մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը

Խնամողի դպրոց․ մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը

Տարեցների մեծամասնությունը տարիքին համընթաց ձեռք է բերում առողջական մի շարք խնդիրներ, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Նրանց և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը մեծապես կախված է խնամքից, դրա ճիշտ կազմակերպումից։ Հետևաբար խիստ կարևոր է, որ խնամողը, լինի ընտանիքի անդամ, թե մասնագետ (օրինակ՝ բուժքույր), տիրապետի խնամքի ոլորտում հատուկ գիտելիքների և հմտությունների։ 

 

Հաշվի առնելով, որ ներկայում Հայաստանում կայացած չէ խնամողի ինստիտուտը և չկա առանձին մասնագիտություն, հիմնվելով 2018-2019 թվականներին կազմակերպած «Բուժքրոջ և խնամողի դերը գերիատրիայում» եռօրյա դասընթացի հաջողությունների ու պահանջարկի վրա, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան հիմնեց Խնամողի դպրոցը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ մշակեց հատուկ, երկամսյա դասընթաց «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» խորագրով։

 

Դասավանդող մասնագետները բժիշկներ են՝ մասնագիտացած նաև պրոֆեսիոնալ խնամքի հարցերում, անցել են մի շարք վերապատրստումներ հենց գերիատրիայի և գերոնտոլոգիայի ոլորտում՝ Ասոցիացիայի գործընկեր միջազգային կազմակերպություններում (EuGMS, РГНКЦ)։

 

Դասընթացն ինտերակտիվ է և ի սկզբանե կազմվել է մեծահասակների շարունակական կրթության սկզբունքներին համապատասխան։ Այժմ, պայմանավորված COVID-19-ի տարածումը կանխարգելող միջոցառումներով և սահմանափակումներով, ծրագիրը վերամշակվել է, հարմարեցվել հեռավար կրթության պահանջներին և տեղափոխվել է առցանց հարթակ՝ թույլ տալով ավելի շատ մասնակիցների ներգրավել՝ նաև մարզերից։ 

 

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համաճարակի ընթացքում տանը մնալու կարևորությունը և տարեցների ու ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց ռիսկային խմբում լինելը՝ մի շարք դասախոսություններ անցկացվում են բաց և հասանելի են նաև հանրությանը։

 

Դասընթացը ներգրավել է ոչ միայն բուժքույրերի, ներկայում որպես խնամող աշխատող անհատների, այլև հենց խնամքի կարիք ունեցող տարեցների ընտանիքի անդամների, որոնք ցանկացել են հատուկ գիտելիքներ յուրացնել և ինքնուրույն հոգ տանել իրենց տարեց հարազատի մասին։ Ընդ որում՝ դասընթացը չունի նաև տարիքային սահմանափակում․ մասնակիցների շարքում կան 50-ն անց անձինք, որոնք պարզապես ցանկանում են նոր հմտություններ զարգացնել և հետագայում աշխատել որպես արհեստավարժ խնամող։

 

Ներկայում Խնամողի դպրոցի մասնագիտական թիմը մշակում է «Խնամող» մասնագիտությանը ներկայացվող պահանջները և մասնագիտական չափորոշիչները հետագայում այն որպես առանձին մասնագիտություն ճանաչելու համար։ 

 
 

27.05.2020 15:21 Նյութը դիտվել է՝ 154 անգամ:
CaregiverSchool1 CaregiverSchool2 CaregiverSchool3 CaregiverSchool4 CaregiverSchool5 CaregiverSchool6