Տարեցների դեպքում մնայուն ցավի դեղորայքային վարման կլինիկական ուղեցույց

Տարեցների դեպքում մնայուն ցավի դեղորայքային վարման կլինիկական ուղեցույց

 Ամփոփագիր
 

 

Ցավը զգայական ազդակների դրդման կամ նյարդախտաբանական մեխանիզմների ակտիվացման արդյունքում առաջացող երևույթ է։ Մնայուն ցավը բնորոշվում է ձգձգված, երկարատև ընթացքով և կարող է կապված լինել կամ չլինել ախտորոշված ախտաբանական վիճակի հետ։ Հեղինակները մնայուն ցավը բնորոշում են 3 ամիս, 6 ամիս կամ ավելի երկար տևողությամբ։ Մնայուն ցավն առավել հաճախ հանդիպում է տարեցների շրջանում և հիմնականում կապված է կմախքամկանային համակարգի հիվանդությունների հետ, ինչպիսիք են ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունները և հոդաբորբերը։ Հաճախ է հանդիպում նաև գիշերային ժամերին կամ կաղության ժամանակ առկա ոտքի ցավը։ Քաղցկեղ ունեցող տարեցների շուրջ 80%-ը հիվանդության ընթացքում նշում է ցավի առկայություն, որն առաջանալով քաղցկեղի բուժման հետևանքով՝ այժմ համարվում է մնայուն ցավի տեսակ:

 

Մնայուն ցավի բուժման համար դեղորայքային բուժման արդյունավետ մոտեցումը պահանջում է ցավի մանրակրկիտ գնահատում: Չնայած, տարեց պացիենտները դեղորայքի անցանկալի ազդեցությունների բարձր ռիսկի խմբում են, ցավազրկող դեղամիջոցները կարող են համարվել անվտանգ և արդյունավետ, եթե ուղեկցող հիվանդությունները և այլ ռիսկերը մանրակրկիտ հաշվի են առնվում: Պետք է ենթադրել, որ դեղորայքի արդյունավետության, զգայունության, տոքսիկության մեջ
կլինեն տարիքի հետ կապված տարբերություններ և, որ ֆարմակոկինետիկ և ֆարմակոդինամիկ հատկությունները փոփոխվելու են տարիքային այդ խմբում։
 

 

Նպատակ

 

Ուղեցույցի նպատակն է լուսաբանել տարեցների շրջանում մնայուն ցավի դեղորայքային վարման ժամանակակից մոտեցումները՝ շեշտադրելով դեղորայքային յուրաքանչյուր խմբի արդյունավետության և  անվտանգության առանձնահատկությունները, ինչպես նաև բարձրացնել մնայուն ցավի վարմամբ զբաղվող բժշկական անձնակազմի կողմից իրականացվող ախտորոշիչ և բուժական միջոցառումների արդյունավետությունը։

 

Մեթոդաբանություն

 

Սույն ուղեցույցը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի աշխատանքային խմբի կողմից: Փաստաթղթի հիմքն են հանդիսացել Գերիատրիայի ամերիկյան միության (ԳԱՄ) (American Geriatrics Society (AGS)) կողմից 2009թ. ներկայացված «Տարեցների շրջանում մնայուն ցավի դեղորայքային վարման կլինիկական ուղեցույց» (Pharmacological management of Persistent Pain in Older Persons) 2013թ-ի թարմացումը, ԳԱՄ համակարգային ամփոփումների և մետավերլուծությունների առանցքային տվյալները, ինչպես նաև Cochrane library, PubMed և UpToDate էլեկտրոնային շտեմարանների տվյալները: Տեղեկությունների որակը գնահատելիս և խորհուրդների ուժը որոշելիս հիմք է ընդունվել Grading of Recommendations Assessment, Development, and Evaluation (GRADE) ապացույցների գնահատման համակարգը: Տեղայնացման (ադապտացիայի) աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա: Պատասխանատու համակարգողը և աշխատանքային խմբի անդամները հայտարարագրել են իրենց շահերի բախման վերաբերյալ տեղեկությունը: Ուղեցույցի բոլոր դրույթները քննարկվել և հավանության են արժանացել Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից:

 

Արդյունքներ

 

Հիմնվելով վերոնշյալ ապացուցողական մեթոդաբանության վրա, ուղեցույցում լուսաբանվել են տարեցների շրջանում մնայուն ցավի դեղորայքային վարման, կիրառվող դեղամիջոցների արդյունավետության և անվտանգության առանձնահատկությունները, ինչպես նաև կյանքի որակի բարելավման հիմնահարցերը։ Ընդհանուր առմամբ ուղեցույցում ձևակերպվել է 26 խորհուրդ։

 

Հետևություններ

 

Միջազգային փորձագետների մեծաքանակ խումբ եկել է համաձայնության մնայուն ցավի դեղորայքային վարման բարելավման բազմաթիվ կարևոր սկզբունքների վերաբերյալ: Չնայած այն փաստին, որ որոշ մասը չունի ապացուցելիության բարձր մակարդակ, այնուամենայնիվ, այս մեթոդաբանությամբ մշակված տեղեկությունները մնայուն ցավ ունեցող տարեցների կյանքի որակի բարելավման հիմքն են:

 

Հիմնական բառեր
Ցավ, մնայուն ցավ, տարեցներ, ուղեցույցներ, ցավազրկողներ, ափիոններ, խորհուրդներ, գերիատրիա։

 

Պատասխանատու համակարգող
Թորոսյան Ա․Դ․- Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր/նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի» ամբիոնի կլինիկական օրդինատոր։ 
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0097, Նորաշեն 23-54, հեռ․՝ +37493174146, էլ․փոստ՝ dr.artur.torosyan@gmail.com

 

Աշխատանքային խմբի անդամներ
1. Հովհաննիսյան Ա. Գ. - «Վարդանանց» Նորարարական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, իմունոլոգ, իմունականխարգելման ծառայության պատասխանատու, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման բաժնի փորձագետ-մեթոդաբան։
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0051, Կոմիտաս 49/4, հեռ՝ +374 10 239044, էլ. փոստ՝ ahovhannisyan@vardanants.am
2. Մանուկյան Ա․ Մ․- «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անեսթեզիոլոգիայի և  ռեանիմատոլոգիայի» ամբիոնի կլինիկական օրդինատոր։
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0087, Տիտոգրադյան 14, հեռ․՝ +37498140696, էլ․ փոստ՝ araksman94@gmail.com

 

Շահերի բախման հայտարարագիր և ֆինանսավորման աղբյուրներ

Պատասխանատու համակարգողը հայտարարում է շահերի բախման բացակայության մասին: Աշխատանքային խմբի անդամների հայտարարագրերը կցվում են: Սույն փաստաթղթի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ՄԱԿի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից: Ֆինանսավորող կառույցը ոչ մի ազդեցություն չի ունեցել սույն ուղեցույցի մշակման որևէ փուլի վրա:

 

Շնորհակալական խոսք
Պատասխանատու համակարգողն իր երախտագիտությունն է հայտնում աշխատանքային խմբի բոլոր անդամներին, ինչպես նաև սույն ուղեցույցի մշակման աշխատանքներին իրենց աջակցությունը, խորհրդատվությունը և մասնագիտական գիտելիքները տրամադրած գործընկերներին:

 

Ուղեցույցը չի կարող փոխարինել բժշկի որոշումներ ընդունելու հմտություններին տվյալ կլինիկական իրավիճակում գտնվող անհատ պացիենտի վարման դեպքում: Խորհուրդների մեծամասնությունը կիրառելի է ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր պայմաններում բուժվող անձանց համար:

 

Ուղեցույցը հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։ Հրամանը և բուն ուղեցույցը հասանելի են ինչպես նախարարության www.moh.am կայքում՝ նոր առանձնացված «Գերիատրիա» թղթապանակում, այնպես էլ այստեղ` «Տարեցների դեպքում մնայուն ցավի դեղորայքային վարման կլինիկական ուղեցույց»։

 

Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

30.06.2020 00:10 Նյութը դիտվել է՝ 297 անգամ: