3B կամ ավելի բարձր աստիճանի քրոնիկական երիկամային հիվանդություն ունեցող տարեցների վարումը

3B կամ ավելի բարձր աստիճանի քրոնիկական երիկամային հիվանդություն ունեցող տարեցների վարումը

 Ամփոփագիր 

 

Միջին և ծանր աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությունը բնակչության մեջ աստիճանաբար աճում է։ Վերջինիս զգալի մասն են կազմում տարեց և տկար (Frail) պացիենտները։ Մի շարք հետազոտություններ չեն ներառում
բնակչության այս խմբին, որի պատճառով ապացուցողական տվյալները սահմանափակ են։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է տարեցներին, նրանց ընտանիքներին, ինչպես նաև բուժող բժիշկներին տրամադրել ապացուցողական տվյալների վրա հիմնված ուղեցույց՝ բարձրացնելու համար պացիենտների խնամքի որակը։

 

Նպատակ

 

Ուղեցույցի նպատակն է լուսաբանել տարեցների շրջանում 3b կամ ավելի բարձր աստիճանի երիկամային քրոնիկական հիվանդության վարման առանձնահատկությունները, առաջարկել հիվանդության վարման վերաբերյալ ժամանակակից մոտեցումներ, ինչպես նաև բարձրացնել, հատկապես, առաջնային օղակի բժիշկների կողմից իրականացվող ախտորոշիչ և բուժական միջոցառումների արդյունավետությունը։ Սույն ուղեցույցը նախատեսված է թերապևտների, գերիատրների, վիրաբույժների և նեղ մասնագիտացում ստացած բոլոր այն բժիշկների համար, որոնք զբաղվում են այդ հիվանդությունն ունեցող տարեց պացիենտների ախտորոշմամբ և վարմամբ։

 

Մեթոդաբանություն

 

Սույն ուղեցույցը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կազմած աշխատանքային խմբի կողմից: Փաստաթղթի հիմքն են հանդիսացել European Renal Best Practice-ի կողմից 2016թ. ներկայացված «3b կամ ավելի բարձր աստիճանի (ԿՔԱ <45 մլ/ր/1.73մ քառ․) քրոնիկական երիկամային հիվանդություն ունեցող տարեցների վարման կլինիկական ուղեցույցը» (Clinical Practice Guideline on management of older patients with chronic kidney disease stage 3b or higher(eGFR <45 mL/min/1.73 m2)), Cochrane library, PubMed և UpToDate էլեկտրոնային շտեմարանների տվյալները: Տեղեկությունների որակը գնահատելիս և խորհուրդների ուժը որոշելիս հիմք է ընդունվել Grading of Recommendations Assessment,Development and Evaluation (GRADE) գործիքը: Տեղայնացման/ադապտացիայի աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա: Ուղեցույցի բոլոր դրույթները քննարկվել և հավանության են արժանացել Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից:
 

Արդյունքներ

 

Հիմնվելով վերոնշյալ ապացուցողական մեթոդաբանության վրա` ուղեցույցում լուսաբանվել են տարեցների մոտ երիկամային քրոնիկական հիվանդության վարման, կլինիկական դրսևորումների, հաճախ հանդիպող բարդությունների, ինչպես նաև
կյանքի որակի բարելավման հիմնահարցերը։ Ընդհանուր առմամբ, ուղեցույցում ձևակերպվել է 6 հարց, որոնց պատասխանները տրվել են համապատասխան հիմնավորումների և 19 խորհուրդների միջոցով։

 

Հետևություններ

 

Միջազգային փորձագետների մեծաքանակ խումբ համաձայնության է եկել խորացած երիկամային քրոնիկական հիվանդություն ունեցող տարեցների խնամքի բարելավման բազմաթիվ կարևոր սկզբունքների վերաբերյալ: Չնայած այն փաստին, որ որոշ մասը չունի ապացուցելիության բարձր մակարդակ, այնուամենայնիվ, այս մեթոդաբանությամբ մշակված տեղեկությունները խորացած երիկամային քրոնիկական հիվանդություն ունեցող տարեցների կյանքի որակի բարելավման հիմքն են:

 

Հիմնական բառեր

 

ԵՔՀ, տարեցներ, ուղեցույցներ, դիալիզ, փոխարինող բուժում, մահացության կանխատեսման մոդելներ, տերմինալ փուլի ԵՔՀ

 

Պատասխանատու համակարգող

 

Թորոսյան Ա․Դ․, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
հիմնադիր-նախագահ, Գերոնտոլոգիայի և գերիատրիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի» ամբիոնի կլինիկական օրդինատոր։
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0097, Նորաշեն 23-54, հեռ․՝ +37493174146, էլ․ փոստ՝ dr.artur.torosyan@gmail.com

 

Աշխատանքային խմբի անդամներ

 

1. Հովհաննիսյան Ա. Գ. –«Էֆ Էմ Դի Քեյ Էլ» պայմանագրային հետազոտական կազմակերպության բժշկագիր։
Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0051, Կոմիտաս 49/4, հեռ՝ +374 10 239044, էլ. փոստ՝ ahovhannisyan@vardanants.am
2. Մանուկյան Ա․ Մ․- «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի» ամբիոնի կլինիկական օրդինատոր։ Թղթակցական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0087, Տիտոգրադյան 14, հեռ․՝ +37498140696, էլ․ փոստ՝ araksman94@gmail.com

 

Շահերի բախման հայտարարագիր և ֆինանսավորման աղբյուրներ

 

Պատասխանատու համակարգողը հայտարարում է շահերի բախման բացակայության մասին: Աշխատանքային խմբի անդամների հայտարարագրերը կցվում են: Սույն փաստաթղթի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ՄԱԿի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից: Ֆինանսավորող կառույցը ոչ մի ազդեցություն չի ունեցել սույն ուղեցույցի մշակման որևէ փուլի վրա:

 

Շնորհակալական խոսք

 

Պատասխանատու համակարգողն իր երախտագիտությունն է հայտնում աշխատանքային խմբի բոլոր անդամներին, ինչպես նաև սույն ուղեցույցի մշակման աշխատանքներին իրենց աջակցությունը, խորհրդատվությունը և մասնագիտական
գիտելիքները տրամադրած գործընկերներին:

 

Ուղեցույցը չի կարող փոխարինել բժշկի որոշումներ ընդունելու հմտություններին տվյալ կլինիկական իրավիճակում գտնվող անհատ պացիենտի վարման դեպքում: Խորհուրդների մեծամասնությունը կիրառելի է ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր պայմաններում բուժվող պացիենտների համար:

 

Ուղեցույցը հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։ Հրամանը և բուն ուղեցույցը հասանելի են ինչպես նախարարության www.moh.am կայքում՝ նոր առանձնացված «Գերիատրիա» թղթապանակում, այնպես էլ այստեղ՝ «3B կամ ավելի բարձր աստիճանի քրոնիկական երիկամային հիվանդություն ունեցող տարեցների վարումը»։

 

Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

30.06.2020 18:20 Նյութը դիտվել է՝ 423 անգամ: