Դեմենցիա՝ թուլամտություն

Հիմնական փաստեր
- Թուլամտությունը համախտանիշ է, որի դեպքում թուլանում է հիշողությունը, մտածողությունը, վարքը և առօրյա գործողություններ կատարելու կարողությունը:
- Թուլամտությունն ազդում է հիմնականում տարեցների վրա, բայց այդ ծերացման նորմալ վիճակ չէ:
- Ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ դեմենցիայի ախտանիշով շուրջ 50 միլիոն մարդ կա, և տարեկան գրեթե 10 միլիոն հիվանդության նոր դեպք է գրանցվում:
- Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված պատճառն է: Այն կազմում է բոլոր դեպքերի 60-70%-ը:
- Դեմենցիան տարեց մարդկանց դեպքում հաշմանդամության և այլ մարդկանց աջակցությունից կախվածության հիմնական պատճառներից մեկն է:
- Դեմենցիան ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և տնտեսական ազդեցություն է ունենում ոչ միայն դրանից տառապող մարդկանց վրա, այլև նրանց խնամողների, ընտանիքների և ընդհանուր առմամբ հասարակության վրա:
Դեմենցիա
Դեմենցիան համախտանիշ է՝ սովորաբար քրոնիկ կամ արագ զարգացող, որի դեպքում կոգնիտիվ գործառույթը (այսինքն` մտածելու կարողությունը) աստիճանական անկում է ապրում, ընդ որում՝ ավելի շատ, քան ակնկալվում է բնականոն ծերացման դեպքում: Վատթարանում է հիշողությունը, մտածողությունը, հասկացողությունը, խոսքը, կողմնորոշվելու, հաշվելու, ճանաչելու և տրամաբանելու կարողությունը: Թուլամտությունը չի ազդում գիտակցության վրա: Կոգնիտիվ գործառույթի խանգարումը հաճախ ուղեկցվում է, երբեմն էլ նախադրվում է հուզական վիճակի վատթարացմամբ, ինչպես նաև հասարակական վարքի կամ մոտիվացիայի դեգրադացիայով։
Թուլամտության զարգացմանն են հանգեցնում բազմաթիվ հիվանդություններ և տրավմաներ, որոնք առաջին կամ երկրորդ հերթին վնասում են ուղեղը, օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդությունը կամ կաթվածը:
Դեմենցիան հաշմանդամության և այլ մարդկանց օգնությունից կախվածության պատճառներից մեկն է աշխարհում։ Այն կարող է խորը հետք թողնել ոչ միայն դրանով ապրող մարդկանց վրա, այլև նրանց ընտանիքների և նրանց խնամողների վրա:
Հաճախ զգացվում է, որ մարդիկ տեղեկացված չեն դեմենցիայի մասին և չեն հասկանում այդ ինչ խնդիր է, ինչը հանգեցնում է ստիգմատիզացիայի՝ խարանի ձևավորման, ախտորոշման և բուժօգնության հարցերում խոչընդոտների առաջացման։
Դեմենցիայի ազդեցությունը խնամողների, ընտանիքների և հասարակության վրա՝ որպես ամբողջության, կարող է լինել ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և տնտեսական:
Նշաններ և ախտանիշներ
Դեմենցիան տարբեր մարդկաց դեպքում տարբեր է լինում․ այդ կախված է հիվանդության ազդեցությունից և նախքան հիվանդությունը մարդու ունեցած անհատական առանձնահատկություններից: Դեմենցիայով պայմանավորված նշաններն ու ախտանիշներն անցնում են զարգացման երեք փուլ:
Վաղ փուլ։ Վաղ շրջանում դեմենցիան հաճախ մնում է աննկատելի, քանի որ զարգանում է աստիճանաբար:
Ընդհանուր ախտանիշներն են`
• մոռացկոտություն,
• ժամանակի զգացման կորուստ,
• ծանոթ տարածքներում կողմնորոշվելու անկարողություն:
Միջին փուլ։ Դեմենցիայի զարգանալուն համընթաց միջին փուլում նշանները և ախտանշաններն ավելի ցայտուն են դառնում, պակասում են հնարավորությունները: Դրանցից են՝
• վերջին իրադարձությունները և մարդկանց անունները մոռանալը,
• տանը տեղաշարժվելիս չկողմնորոշվելը,
• հաղորդակցման աճող դժվարությունները,
• խնամքի հարցում այլ մարդկանց օգնության կարիքը,
• վարքային դժվարություններ՝ աննպատակ քայլելը, նույն հարցը մի քանի անգամ տալը:
Ուշ փուլ։ Այդ փուլում զարգանում է գրեթե լիակատար կախվածություն ուրիշներից և պասիվություն: Հիշողության խանգարումներն ավելի զգալի են դառնում, իսկ ֆիզիկական նշաններն ու ախտանիշները` առավել ակնհայտ: Ախտանիշներից են՝
• ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու անկարողություն,
• դժվարություններ ընկերներին և բարեկամներին ճանաչելու հարցում,
• անձնական խնամքի հարցում այլոց օգնության աճող անհրաժեշտություն,
• դժվարություններ տեղաշարժվելու հարցում,
• վարքային փոփոխություններ, որոնք կարող են խորանալ և ագրեսիվություն պարունակել։
Դեմենցիայի տարածված ձևերը
Գոյություն ունեն դեմենցիայի բազմաթիվ ձևեր: Ալցհեյմերի հիվանդությունն ամենատարածված ձևն է, այն կազմում է բոլոր դեպքերի 60-70%: Տարածված այլ ձևերից են անոթային դեմենցիան, Լևիի մարմիններով դեմենցիան (սպիտակուցների անբնական կուտակումներ նյարդային բջիջներում) և մի շարք հիվանդություններ, որոնք նպաստում են ճակատաքունքային դեմենցիայի առաջացմանը (գլխուղեղի ճակատային բլթի դեգեներացիա): Դեմենցիայի տարբեր տեսակների միջև հստակ սահմաններ չկան, և հաճախ խառը ձևով են հանդիպում։
Դեմենտության ցուցանիշները
Ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ 50 միլիոն մարդ ապրում է թուլամտությամբ, որոնց գրեթե 60%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկներում: Տարեկան հիվանդանում է մոտ 10 միլիոն մարդ։ Ըստ կանխատեսումների՝ 2030թ.-ին դեմենցիա ունեցող մարդկանց ընդհանուր թիվը կկազմի մոտ 82 մլն, իսկ 2050 թ․-ին`152 մլն: Նման աճը հիմնականում պայմանավորված է լինելու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում թուլամտություն ունեցող մարդկանց թվի աճով:
Բուժումը և խնամքը
Ներկայում չկա որևէ բուժում, որը կարող է վերացնել դեմենցիան կամ փոխել դրա զարգացման ընթացքը: Ուսումնասիրվում են բազմաթիվ նոր դեղամիջոցներ, որոնք դեռևս կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում են:
Այնուամենայնիվ, շատ բան կարելի է անել` աջակցելու և բարելավելու դեմենցիայով ապրող մարդկանց, նրանց խնամողների և ընտանիքի կյանքը:
Դեմենցիայի դեպքում բժշկական օգնության հիմնական նպատակներն են՝
• վաղ ախտորոշում` հիվանդության վաղ և օպտիմալ վարումն ապահովելու համար,
• ֆիզիկական առողջության, ճանաչողական ունակությունների, գործունեության և բարեկեցության օպտիմալացում,
• ուղեկցող ֆիզիկական հիվանդության հայտնաբերում և բուժում,
• վարքային և հոգեբանական ախտանիշների հայտնաբերում և բուժում,
• իրազեկում և երկարաժամկետ աջակցություն խնամողներին։
Ռիսկի գործոններ և կանխարգելում
Չնայած որ տարիքը դեմենցիայի առաջացման կարևոր և հայտնի գործոն է, այն բնավ ծերացման անխուսափելի հետևանք չէ: Ավելին՝ դեմենցիա ունենում են ոչ միայն տարեցները։ Աշխարհում բոլոր դեպքերի 9%-ը կազմում են մինչև 65 տարեկան անձինք։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուլամտության զարգացման ռիսկը կարող է նվազել, եթե պարբերաբար ֆիզիկական վարժություններ անեք, չծխեք, խուսափեք ալկոհոլի վնասակար օգտագործումից, վերահսկեք ձեր քաշը, ռացիոնալ սնվեք և պահպանեք արյան ճնշման, խոլեստերինի և արյան շաքարի նորմալ մակարդակը: Ռիսկի այլ գործոններից են` դեպրեսիա, կրթվածության ցածր մակարդակ, սոցիալական մեկուսացում և կոգնիտիվ ակտիվության բացակայություն:
Ազդեցությունն ընտանիքի և խնամողների վրա
Դեմենցիան կարող է խորն ազդեցություն ունենալ այդ հիվանդությամբ ապրող մարդկանց ընտանիքների և նրանց խնամոողների վրա: Ֆիզիկական, հուզական և ֆինանսական ծանրաբեռնվածությունը կարող է շատ սթրեսային լինել ընտանիքի անդամների և խնամողների համար․ նրանց անհրաժեշտ է օգնություն առողջապահական, սոցիալական, իրավական և ֆինանսական համակարգերի կողմից:
Մարդու իրավունքները
Դեմենցիա ունեցող մարդիկ հաճախ զրկվում են հիմնական իրավունքներից և ազատությունից: Բազմաթիվ երկրներում ծերանոցներում և ինտենսիվ թերապիայի հաստատություններում հիվանդներին պահելու համար ֆիզիկական միջոցներ և քիմիական նյութեր են օգտագործում՝ չնայած մարդու ազատության և ընտրության իրավունքի պաշտպանության վերաբերյալ նորմատիվային դրույթների առկայությանը։
Դեմենցիա ունեցող մարդկանց բարձրակարգ խնամքն ապահովելու և նրանց խնամողներին լիովին աջակցելու համար համապատասխան նորմատիվաիրավական կարգավորումներ են պահանջվում, որոնք հիմնված կլինեն մարդու իրավունքների ոլորտում միջազգային մակարդակում ճանաչում գտած չափորոշիչների վրա։
Թարգմանությունը և խմբագրումը՝ Հերմինե Հովսեփյանի, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Աղբյուրը՝ www.who.org
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։