Հանդիպում Վայոց Ձորի մարզային իշխանության և Վայքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ

Երեկ՝ հուլիսի 27-ին, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանն աշխատանքային թիմով հանդիպում-քննարկում ունեցավ Վայոց Ձորի մարզային իշխանության և Վայքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ։
Ներկա էին մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի առաջին տեղակալ Նանե Ասատրյանը, Առողջապահության և սոց ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Առողջապահության և սոց ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, Առողջապահության և սոց ապահովության վարչության ավագ մասնագետ Ցողիկ Բաբայանը և այլ աշխատակիցներ։
Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, ներկայացվեց Ասոցիացիայի գործունեությունը, կատարված աշխատանքները, մանրամասն անդրադարձ եղավ նաև ներկայում Վայք քաղաքում գործող տարեցների տնային խնամքի ծառայությանը։
Ասոցիացիան խիստ կարևորում է ՏԻՄ-երի ներգրավածությունն իրականացվող ծրագրերում։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը ևս ընդգծեց այդ կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու ծրագրի անխափան իրականացմանը և հույս հայտնելով, որ ծառայությունն ապագայում կընդլայնվի նաև մարզի այլ համայնքներում։
Նանե Ասատրյանն իր հերթին ողջունեց Ասոցիացիայի գործունեությունն ու ապագա անելիքները, իսկ անդրադառնալով տնային խնամքի ծառայությանը՝ նշեց, որ դրա կարիքն ակնհայտ է մարզում։
Նույն օրը հանդիպում ունեցանք նաև Վայքի փոխքաղաքապետ Վիգեն Գասպարյանի, ինչպես նաև Վայքի բուժմիավորման տնօրեն Ռոբերտ Ասլանյանի և բուժական գծով տեղակալ Խորիկ Նազարյանի հետ, որոնք նույնպես իրենց պատրաստակամությունը հայտնեցին իրենց ներուժը և ռեսուրսները ներդնելու հանուն ծրագրի բարեհաջող իրականացմանը և տարեց բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Որտեղ կամք կա, այնտեղ ուժ էլ կգտնվի։ Վստահ ենք, որ միասնաբար կարող ենք անել շատ ավելին։