Տարեցների կրեատիվության լաբորատորիա

Տարեցների կրեատիվության լաբորատորիա

Առողջապահության և տեխնոլոգիաների զարգացումն այսօր ամբողջ աշխարհում խթանել է երկարակեցությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և պահպանում իրենց ակտիվությունը։ Շատերին անգամ հաջողվում է նոր զբաղմունքներ գտնել և նոր նպատակներ դնել, ինչն առավել շատ արտահայտված է զարգացած երկրներում։ 

 

Երկար ապրելն անմիջականորեն կապված է բարեկեցիկ կյանքի հետ։ Ոչ ոքի հաճելի չէ ծերանալը, հատկապես երբ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։ Այդ է պատճառը, որ Տարեցների առողջության և խնամքի ապահովան ասոցիացիան իր տարաբնույթ ծրագրերում կենտրոնանում է հենց կյանքի որակի բարելավման վրա։

 

Տարեցների կրեատիվության լաբորատորիան Երևանում գործող մեծահասակների ցերեկային կենտրոնի կարևոր բաղադրիչներից մեկն է։

 

Ստեղծագործական բնույթի զբաղմունքները դրական ազդեցություն են թողնում և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական (մտավոր) առողջության վրա։ Կրեատիվ լինելը և կրեատիվությունն արթնացնող զբաղմունքները նոր իմաստ են հաղորդում կյանքին, նպաստում են անձնային աճին, խթանում են շփումն այլոց հետ, կանխում են մեկուսացվածությունը, նպաստում են ինքնաբացահայտմանը և ինքնուրույնության պահպանմանը։ 

 

Կրեատիվ զբաղմունքներն օգնում են մարզել ուղեղը, բարելավել ուշադրությունը և  կենտրոնանալու կարողությունը, դրանք կարող են դանդաղեցնել կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացումը և դեմենցիայի զարգացումը, ինչպես նաև կարող են օգնել հաղթահաել դեպրեսիան և տագնապները։ Դեմենցիա կամ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող անձինք բավականին լավ արդյունքներ են ունենում, եթե ներգրավված են լինում արվեստում կամ արտթերապևտիկ ազդեցություն ունեցող այլ զբաղմունքներում։

 

Նկարչության, հուլունքագործության, կարպետագործության, կավագործության, ձեռագործության, կարուձևի մեջ  ներգրավված լինելը  կարող է մոտիվացնել մեծահասակներին պահպանելու իրենց անկախությունը, ինքնագնահատականը և ինքնավստահությունը։ 
Կրեատիվության լաբորատորիան ինքնամփոփ և քիչ հաղորդակցվող տարեցներին հնարավորություն է տալիս ներգրավվել աշխատանքներում առանց ճնշվածություն զգալու և հետևելով իրենց վաղեմի կամ նոր բացահայտված հմտություններին։ 

 

Շատերը, առաջնահերթությունը տալով աշխատանքին, երեխաների դաստիարակությանը կամ կարիերային, մի կողմ են դրել իրենց ունեցած հոբբին ու բնատուր շնորհը։ Այդ առումով՝ լաբորատորիայում նրանք հնարավորություն են ստանում կյանքը շարունակել այն տեղից, որտեղ կանգ էին առել։ 

 

Տարեցների կրեատիվության լաբորատորիան համախմբում է այն բոլոր մեծահասակներին, որոնք տիրապետում են որևէ արհեստի, զբաղվում են ձեռագործությամբ և ցանկանում են նաև իրացնել իրենց ստեղծագործության արդյունքները։ Եթե այդպիսին եք կամ ճանաչում եք ստեղծագործ տարեցների, տեղեկացրեք մեզ նրանց մասին։ 

 

Հգ․ Լուսանկարի կրծքազարդը մի ստեղծագործ տատիկի ձեռագործ աշխատանքն է։ Նրան կանդրադառնանք առանձին հոդվածով։  

Ֆեյսբուքյան էջ՝ Seniors' Creativity Lab -SCԼ-Տարեցների կրեատիվության լաբորատորիա

 

 

 

03.09.2020 22:02 Նյութը դիտվել է՝ 254 անգամ: