Տարեցների կյանքը կարևոր Է. համաշխարհային արշավ էյջիզմի դեմ

Մայիսի 25-ին աշխարհը, որը սգում էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը, ով խեղդամահ եղավ Մինեապոլիսում ոստիկանության կողմից ձերբակալման ընթացքում, միավորվեց պայքարելու սևամորթների ռասսիզմի դեմ` «Սևամորթների կյանքը կարևոր է» (#BlackLivesMatter) կարգախոսով:
Դրանից 4 ամիս անց COVID-19 համաճարակը հարվածեց գրեթե բոլոր երկրներին. ամենից շատ տուժում են 65 և բարձր տարիքի անձինք (Ֆրանսիայում մահացությունների թիվը գերազանցում է 92% -ը, Շվեդիայում` 90% -ը, Մեծ Բրիտանիայում` 89% -ը): Եվրոպական խարտիայում տարեցների իրավունքների 20-ամյակի կապակցությամբ ամբողջ աշխարհում գերիատրիկ ասոցիացիաներն սկսում են շրջանառել «Տարեցների կյանքը կարևոր է» (#OldLivesMatter) կարգախոսը` պայքարելու տարիքային «ռասսիզմի» դեմ և իրազեկելու քաղաքացիներին, լրատվամիջոցներին և հաստատություններին:
Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան իր քույր կազմակերպության՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հետ 29 երկրից 42 այլ կազմակերպությունների աջակցությամբ ձեռնամուխ է լինում համաշխարհային այս արշավի տարածմանը և իրականացմանը, հանդես է գալիս հետևյալ գրառումներով` #OldLivesMatter , #ՏարեցներիԿյանքըԿարևորԷ:
Էյջիզմը խտրականության ամենատարածված ձևերից է։
- COVID-19 համաճարակի ժամանակ, բազմաթիվ այլ իրավիճակներում հիվանդանոցներում տարեցներին ընդունելուց հրաժարվելը, «քանի որ ազատ տեղ չկա»,
- ծերությունը պիտակավորող հակատարիքային քսուքների անվերջ գովազդները, ծերացման դեմ պլաստիկ միջամտությունները,
- անընդհատ տարեցներին հեգնելը նրանց տեխնիկական գիտելիքների բացակայության պատճառով,
- «կենսաթոշակառու» բառը, որը նրանց տարանջատում է հասարակությունից,
- երիտասարդության պաշտամունքը և բացասական վերաբերմունքը ծերության հանդեպ։
Այդ ամենն էյջիզմի՝ տարիքով պայմանավորված ամենատարածված, սովորական և համընդհանուր խտրականության դրսևորումներն են, խտրականության միակ տեսակի, որը չի պատժվում օրենքով:
Մարդկանց մեծ մասը ենթագիտակցորեն առաջնորդվում է տարեցների ու ծերության մասին ունեցած կարծրատիպերով և չի էլ կասկածում այդ մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք ապրում են ծերության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող միջավայրում, միջինում 7 տարի պակաս են ապրում մյուսներից։
Խտրականությունը խարխլում է մեր հասարակությունը. մեծահասակներին հասարակությունից կտրելն անընդունելի է և հակասում է մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքին:
#ԲոլորիԿյանքըԿարևորԷ (#AllLivesMatter) ՝ սևամորթներ, երիտասարդներ և տարեցներ
Հիմնական իրավունքների մասին Եվրոպական միության խարտիայի 25-րդ հոդվածի 20-ամյակի առթիվ, որը պաշտոնապես ճանաչում է «տարեց մարդկանց արժանապատիվ և անկախ կյանք վարելու և սոցիալական ու մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը» (իրավունք, որը չկար Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում), Ֆրանսիայի Գերոնտոլոգների և գերիատրների միությունը (FOGG) սկսում է համաշխարհային արշավ 60 և ավելի բարձր տարիքի մարդկանց իրավունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Ձեզ ենք ներկայացնում «Old Lives Matter» տեսանյութը, որի ռեժիսորը Ժան-Պոլ Լիլիենֆելդն է, դերասանուհին՝ Իզաբել Աջանին, որը «Սեզար» մրցանակակիր է։ Ներկայացնում են 3 տեսակի «սովորական ռասսիզմ»` հումորային և ինքնատիպ լույսի ներքո. «Մենք ուզում էինք ցույց տալ, որ էյջիզմն այնքան տարածված խտրականություն է, որ մենք այն նույնիսկ չենք էլ նկատում»:
2050 թ.-ին 60 տարեկան և բարձր տարիքի անձանց քանակն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը։
Մի օր, եթե ամեն բան լավ լինի, դու էլ ծեր կդառնաս
#OldLivesMatter (#ՏարեցներիԿյանքըԿարևորէ)
Նախապատրաստե՛ք ձեր ապագան, պայքարե՛ք էյջիզմի դեմ
2050 թվականին Հայաստանի բնակչության մեկ երրորդը կլինի 60 տարեկան։