Ա. Թորոսյանի ուղերձը Ադրբեջանի հրահրած պատերազմի մասին

Ա. Թորոսյանի ուղերձը Ադրբեջանի հրահրած պատերազմի մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը գրոհ ձեռնարկեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ 

 

Արհամարհելով մարդկության բարոյական և իրավական բոլոր նորմերը, միջազգային հանրության՝ ռազմական գործողությունները դադարեցնելու շարունակական կոչերը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը COVID-19 համաճարակի պայմաններում համաշխարհային հրադադարի մասին՝ Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի քաղաքական և ռազմական անվերապահ աջակցությունը, ընդլայնեց ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետության տարածքներից Վարդենիսը։  Հաստատվել է, որ տասնյակ վիրավորների մեջ կան երեխաներ, կանայք ու ծերեր:

 

Պանթուրքիզմի գաղափարն առաջ տանելով՝ Թուրքիան ժամանակակից աշխարհի չարիքն է, մակաբույծը, որին պետք է կանգնեցնել միասնական պայքարով և ազգային արժանապատվությունը վեր պահելով։

 

Արդարությունը մեր կողմն է։ Վստահենք, հավատանք մեր հրամանատարների և առաջնագծում պայքար մղող զինվորների ուժին ու գրագիտությանը։ Մեր պատմության էջերը լի են հակառակորդի ուժի գերակշռմամբ ուղեկցվող կռիվներով, որոնցում հաղթել ենք մեր գրագիտության, տրամաբանության ու խելացիության շնորհիվ։ Այդպիսի դրսևորումներ ունենք նաև այսօրվա պատերազմում։  

 

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր միաժամանակ պայքարում ենք երևելի և աներևույթ թշնամիների դեմ, ու այդ պայքարում կրկնակի խոցելի են մեր տարեց հարազատները։ Շատերը միայնակ են մնացել, որովհետև խնամողը դիրքերում է, մյուսները՝ զրկվել են տնից, երրորդներն էլ զենք են վերցրել ու կանգնել հաշվառման։ Ավելի ուշադիր և հոգատար լինենք նրանց նկատմամբ։ Ներկայում Ասոցիացիան զբաղված է տուժած տարեցների հայտնաբերմամբ, նրանց կարիքների գնահատմամբ և աջակցությամբ։ 

 

Կոչ ենք անում օգտագործել բոլոր կապերը՝ միջազգային հանրությանն իրազեկելով, խրախուսելով դատապարտել պատերազմը, որ Ադրբեջանը մղում է հայ ժողովրդի դեմ, և վեր պահել խաղաղությունը որպես բարձրագույն ու անբեկանելի արժեք։ 

 

Փա՛ռք մեր բանակին, հաղթելու ենք։

 

Ասոցիացիայի նախագահ՝

Արթուր Թորոսյան

 

 

 

 

29.09.2020 23:33 Նյութը դիտվել է՝ 624 անգամ: