Վայք․ աջակցություն Արցախցի տարեց անձանց

Վայք․ աջակցություն Արցախցի տարեց անձանց

Պատերազմ, ահասարսուռ այդ արհավիրքը նորից պատուհաս դարձավ հայ ժողովրդի համար։ Ժողովուրդ, որը ճակատագրի հեգնանքով հաճախ է կանգնում մահվան տագնապին դեմ հանդիման։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։

 

Ցավոք ունենք փաստ արձանագրված, որ ոսոխն սպառնում է մեր հայրենի հողին։ Այդ արհավիրքով պայմանավորված՝ Արցախից Հայաստանի շատ մարզերում տեղակայված են ծերեր, փոքրահասակ երեխաներ և նրանց մայրերը, որոնց ամուսիները և որդիները կյանքի և մահու կռիվ  են տալիս ճակատում։ 

 

Վայոց Ձորի մարզի տարածքում նույնպես պատսպարվել են Արցախից  ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցները։ Մարզային ղեկավարությունն արել է հնարավոր ամեն բան և պայմաններ ստեղծել նրանց կեցության համար։ Վայք քաղաքում տեղավորվել են մեծ  թվով ընտանիքներ, այդ թվում՝ նաև ծերեր։ Քանի որ Վայք քաղաքում գործում է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի տնային խնամքի ծառայությունը, ուստի առաջին իսկ օրվանից, խորհրդակցելով կազմակերպության պատասխանատուների հետ, բուժքրոջ՝ Աստղիկ Կարապետյանի հետ այցելեցինք Վայքում ժամանակավորապես բնակվեղ Արցախցի մեր հայրենակիցներին, մասնավորապես՝ տարեցներին, և փորձեցինք գնահատել նրանց կարիքները։ 

 

Հանդիպում ունեցանք փոխմարզպետ Նանե Ասատրյանի և առողջապահության  և սոցիալական աջակցության գլխավոր պատասխանատու Լիլիա Կարապետյանի հետ։  Երկուստեք համաձայնության եկանք, որպեսզի համատեղ կոորդինացնենք տարեցների հետ տարվող աշխատանքները Վայք քաղաքում,  հատկապես՝ բուժական ծառայություններից օգտվելու, խնամք և բնամթերային աջակցություն ստանալու գործում։ 

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Solution HUB» երիտասարդական կազմակերպությանը «Տնակ» կենտրոնի տարածքը տրամադրելու և մեր աշխատանքի տարբեր պրոցեսներում աջակցելու համար, ինչպես նաև մարզպետարանի և Վայքի համայնքապետարանի աշխատակիցներին համագործակցության համար։

 

Ներկայում աշխատանքները շարունակվում են՝ վստահ լինելով, որ շուտով ամեն բան լավ է լինելու, հաղթելու ենք։ 

 

 

Հոդվածի հեղինակ՝ Թամարա Ղազարյան

Վայքում Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի տնային խնամքի ծառայության սոցիալական աշխատող

 

 

 

 

31.10.2020 15:53 Նյութը դիտվել է՝ 149 անգամ: