Տարեցների եռանարդու առաջնություն կկազմակերպվի

Տարեցների եռանարդու առաջնություն կկազմակերպվի

Երբևէ լսե՞լ եք եռանարդու մասին։ Մենք չէինք լսել մինչև որ ամիսներ առաջ մեր ընկերներից մեկը պատմեց, ավելին՝ օրեր անց այն գնեցինք Տարեցների կրեատիվության լաբորատորիայում խաղալու համար։ Դե պատկերացրեք որքան մեծ էր այցելուների և մեր հետաքրքրվածությունն ու սովորելու ցանկությունը, բայց արի ու տես, որ խաղալն այնքան էլ լավ չստացվեց։ Հենց այդ պահին էր, որ որոշեցինք հրավիրել եռանարդու գյուտարարին՝ Ներսես Ներսիսյանին։ 

 

Հեղինակը պատմեց, որ ծնվել է գյուտարարի ընտանիքում  (հայրը եղել է Եղեգնաձորի գլխավոր ճարտարապետը, հնարել է ծխախոտ հավաքող սարք, ներքին այրման շարժիչի նոր մոդել է մշակել՝ չսահմանափակվելով միայն դրանցով) և դեռ մանկուց է ականատես եղել հետաքրքիր սարքերի ստեղծմանը։  

 

Գյուտարարը պատմեց, որ եռանարդու գաղափարը ծագել է Մամուլի տանը, որտեղ հանդիպել էին «Հանուն հայրենիքի» թերթի խմբագրակազմով։ Այնտեղ է եղել նաև այդ ժամանակ Հայ գրողների միության նախագահ, արձակագիր Հովհաննես Մելքումյանը։ Վերջինս նարդի խաղալիս, որպեսզի Ներսիսյանը պարապ չմնա, տվել է «Օրգումենտի ի ֆակտի» թերթը։

 

«Թերթելիս նկատեցի եռաշախմատի գյուտի մասին մի հոդված։ Դրանից տարիներ առաջ տան վերանորոգման ժամանակ գիշերները հավաքվում էինք ու շախմատ խաղում, մեկն անընդհատ նայում խանգարում էր, դրեցի 96 վանդակով եռաշախմատ սարքեցի»,-պատմում է հեղինակը։ Ավելի ուշ ականատես է լինում շաշկի խաղալիս երեխաների վեճին ու սարքում է եռաշաշկի։ Հոդվածը կարդալը, մտովի իրադարձություններով հետ գնալը, եռաշախմատի ու եռաշաշկու պատմությունները հիշելն ակնթարթ է տևում, աչքն ընկնում է նարդի խաղացողներին, ու այդպես էլ ծնվում է եռանարդի սարքելու գաղափարը։ Ի դեպ՝ եռանարդին, որպես սեղանի նոր խաղ, գրանցված է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 15-ին գրանցվել է պետական մատյանում։

 

Խոսելով տարիքի մասին՝ պարոն Ներսիսյանը ողջունեց կենտրոնում եռանարդի ունենալու գաղափարը և փաստեց, որ խաղալը և նոր բաներ սովորելը խթանում է գլխուղեղի աշխատանքն ու օգնում առողջ մնալ։

 

Խաղալով ցերեկային կենտրոնի այցելուների հետ՝ գյուտարարը ծանոթացրեց խաղի սկզբունքներին ու դժվարություններին։ Տեղեկացնենք նաև, որ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան կազմակերպում է եռանարդու տարեցների առաջնություն։ Եթե 63 տարեկան եք և ավել, հետաքրքրված եք եռանարդով և ցանկանում եք մասնակցել առաջնությանը, մեծ ոգևորությամբ սպասում ենք ձեր զանգին, գրանցման հեռախոսահամար՝ 041 703 103 կամ 060 903 103:

 

Հոդվածը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 

 

1 2 3 4 5
01.04.2021 22:29 Նյութը դիտվել է՝ 510 անգամ: