Երեխաները մեծահասակներին, մեծահասակները՝ երեխաներին

Երեխաները մեծահասակներին, մեծահասակները՝ երեխաներին

Հակառակ այն համոզմունքի, որ տարեցներն սպառում են այն ռեսուրսները, որոնք կարող էին ուղղվել երիտասարդության հզորացմանը, հիմք ունենք մտածելու, որ հենց տարեց մարդիկ կարող են լինել այն պակասող ռեսուրսը, որի կարիքն ունեն երեխաներն ու երիտասարդները։

 

Երեկ այցելեցինք Լևոն Գալչյան արվեստի կենտրոն երեխաների հետ համատեղ ձեռագործության և պարի դաս անցկացնելու։ Երեխաները դարձան ուսուցիչներ, իսկ մեծահասակները՝ սաներ, արդյունքում շահեցին երկուսն էլ, իսկ հանդիպումն անցավ սպասվածից ավելի լավ ու ավելի արդյունավետ։

 

Այցի գլխավոր նպատակն էր մեծահասականերին իրենց կյանքի ընթացքում զարգացած հմտություններն ու շնորհն օգտագործելու և գիտելիքների փոխանակման միջոցով նոր հմտություններ սովորելու հնարավորություն տալ, ապահովել միջսերնդային հաճելի շփումն ու կարևորել ազգային մշակույթի դերն այդ հարցում։ Բացի այդ՝ գաղտնիք չէ, որ նոր հմտությունների յուրացումը նպաստում է առողջ երկարակեցությանն ու կոգնիտիվ տուժած գործընթացների բարելավմանը։

 

Ծանոթացանք Լևոն Գալչյանի տպավորիչ աշխատանքներին, կենտրոնի հիմնադրման պատմությանը, պատիվ ունեցանք հանդիպելու կենտրոնի հիմնադիրներին՝ աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանին և նրա տիկնոջը՝ հոգեբան Մարիետա Գալչյանին, որոնք, տարիքը խոչընդոտ չհամարելով, շարունակում են իրենց անգին ներդրումն ունենալ մեր հասարակության հզորացման գործում։

 

Արմինե Խաչատրյանը՝ ասեղնագործող, տիկնիկագործ ժողվարպետ, արդեն չորս տարի է, ինչ կրթում է ու ձեռագործության հմտություններով զինում Արմավիրի մի շարք համայնքներից արվեստի կենտրոն հաճախող երեխաներին ու երիտասարդներին, նա է վարում նաև Տարեցների կրեատիվության լաբորատորիայի ձեռագործության խումբը՝ նպաստելով նաև մեծահասակների ժամանցի ապահովմանը և առողջության պահպանմանը։

 

Հանդիպմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային գաղափարակից գործընկեր կազմակերպություններից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ծրագրերի համակարգողներ Աննա Հովհաննիսյանը և Աննա Բարֆյանը, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Անահիտ Գասպարյանը, առողջապահական ծրագրերի համակարգող Վիկտորյա Ավակովան։

 

Հանդիպումը եզրափակվեց Կաթիլ բենդի մենակատար Սևադա Համբարչյանի գլխավորությամբ ազգային պարերի ուսուցմամբ և երեխաների հետ համատեղ պարով։ Տպավորված էին բոլորը՝ և՛ մեծահասակները, և՛ փոքրիկ ուսուցիչները, և՛ հյուրերը... Հաշվի առնելով օրվա հաջողությունները՝ ծրագիրը շարունակական բնույթ կկրի, հաջորդ անգամ մեր կենտրոնում ենք հյուրընկալելու փոքրիկ ուսուցիչներին։

 

Առաջարկում ենք դիտել լուսանկարները, որոնք առավել քան խոսուն են։

1 2 3 4 5 6 7 8 9 10
20.04.2021 16:10 Նյութը դիտվել է՝ 469 անգամ: