Պառկելախոցերի խնամքի միջոցները

Պառկելախոցերի խնամքի միջոցները

Պառկելախոցերի բուժման և կանխարգելման մասին արդեն իսկ խոսել ենք առանձին հոդվածով, իսկ այս հոդվածով կանդրադառնանք խնամքի միջոցներին՝ ինչպիսի քսուքներ ու լոսյոններ օգտագործել, ինչով փոխարինել հակապառկելախոցային ներքնակը ու բժշկական մահճակալը:

 

Կարդացեք՝  Ոչ տիպիկ տեղայնացման պառկելախոց. բուժում, կանխարգելում

 

Տակդիրներ, քսուքներ և այլ միջոցներ

 

Որակյալ խնամքի համար ցանկալի է ունենալ հետևյալ հարմարանքներն ու միջոցները.

 

  • հարմարավետ անկողին՝ բարձրության կարգավորմամբ, մեխանիկական կամ էլեկտրական շարժիչով, 2-5 բաժիններով ու գործառույթներով,
  • հակապառկելախոցային ներքնակ` բջջային (պառկելախոցի 1-ին և 2-րդ աստիճանների կանխարգելման ու բուժման համար)  կամ մխոցային (պառկելախոցի բոլոր աստիճանների կանխարգելման ու բուժման համար) տեսակի: Ներքնակներն աշխատում են սենյակներում օդի ներմղման և արտամղման սկզբունքով, որի արդյունքում մարմնի ճնշման կետերը պարբերաբար փոխվում են:  Հնարավոր է նաև օրթոպեդիկ ներքնակների օգտագործումը տան պայմաններում,
  • հարմարանքներ հիվանդների տեղափոխման և մոբիլիզացման ճիշտ տեխնիկայի համար` պարանից աստիճաններ և այլն:

 

Հատուկ քայլեր մաշկի հիգիենայի համար.

 

  • մաքրումն իրկանացնել լվացող քսուքներով, լոսյոններով, pH չեզոք ցուցանիշով լոգանքի գելերով, ծանր հիվանդների խնամքի համար օգտագործել հատուկ խոնավ անձեռոցիկներ, մաշկի մաքրման փրփուր առանց ջրի և օճառի ,
  • հյուսվածքներում միկրոշրջանառության բարելավման համար օգտագործել քափույրի սպիրտով՝ կամֆորայով ու գուարանայով քսուքներ ու գելեր, որոնք մեծացնում են մաշկի արյան հոսքը, բարելավում են հյուսվածքների սնուցումը,
  • մաշկի պաշտպանությունը շփման և  խոնավության ենթակա տարածքներում ապահովելու համար օգտագործել ցինկով ու արգինինով քսուքներ, որոնք պետք է քսել մաքուր, չոր մաշկին բարակ  շերտով,
  • կարևոր է, որ տակդիրներն ու ներծծող տակաշորերը լինեն ճիշտ ընտրված, հարմարավետ լինեն, համապատասխանեն հիվանդի չափսին, անհրաժեշտ է նաև հաշվի առնել ներծծման մակարդակն ու տակդիրի փոխման ժամանակահատվածը,
  • կանխել մաշկի չորոթյունը հատուկ քսուքների, խոնավացնող լոսյոնների, էմուլսիաների միջոցով:

 

Կարևոր է, որ նշված միջոցառումներին զուգահեռ ուշադրության կենտրոնում լինի նաև որակյալ սնունդը, որը հագեցած կլինի սպիտակուցներով: Որպես ինքնուրույն կերակրման կամ հիմնական կերակրին հավելված սնունդ` կարելի է կիրառել հեղուկ և չոր սննդային խառնուրդներ`հաշվի առնելով հիվանդի ցանկությունները: 

 

Եթե հնարավորություն չունեք ձեռք բերելու նշված հարմարանքներն ու միջոցները, ապա տան պայմաններում որակյալ խնամքի համար կարելի է.

 

  • ֆունկցիոնալ մահճակալի փոխարեն օգտագործել ցանկացած հարմարավետ մահճակալ, ցանկալի է ոչ նեղ ու ոչ ցածր մահճակալ, քանի որ նեղ մահճակալի վրա հիվանդին անհարմար կլինի պառկելը, իսկ ցածր մահճակալի վրա պառկած ծանր հվանդին դժվար կլինի խնամելը,
  • փոխարինել հակապառկելախոցային ներքնակը ցանկացած օրթոպեդիկ ներքնակով, որի հաստությունը կախված կինի հիվանդի քաշից, իսկ հիվանդի ոտքերի տակ կարելի է դնել տարբեր բարձեր,
  • սահուն, սայթաքուն սավաններ կարելի է կարել տնային պայմաններում, իսկ պարանից աստիճանները` սովորական պարանով, որը պետք է կապել մահճակալի ոտքերից:

 

Ամենակարևորը` չմոռանա'ք փոխել հիվանդի դիրքը յուրաքանչյուր 2 ժամը մեկ, թույլ մի' տվեք, որ առաջանան սավանի ծալքեր, խնամե'ք և ուշադրության կենտրոնում պահեք ծանր հիվանդի մաշկը:

 

 

Հոդվածը կազմեց Շողակաթ Սիմոնյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am -ին պարտադիր է։

 

24.05.2021 17:07 Նյութը դիտվել է՝ 389 անգամ: