Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնի փորձի ուսումնասիրում

Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնի փորձի ուսումնասիրում

Հայաստանում առաջին գերիատրիկ կաբինետի բացմանն ընդառաջ մայիսի 22-29-ը Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Մուրադյանը գործնական այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում էին ուսումնասիրելու Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնի փորձը։

 

Վերջինս Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի գիտական գործընկերն է 2018 թվականից, այն Ռուսաստանում միակ գերիատրիկ բժշկության կենտրոնն է, որը պետական մակարդակով համակարգում է ՌԴ-ում գերիատրիայի զարգացումը, զբաղվում գիտահետազոտական և կրթական գործունեությամբ, սերտ համագործակցում ԱՀԿ-ի հետ, անդամակցում Եվրոպական գերիատրիկ բժշկության միավորմանը և այլ կազմակերպությունների։

 

Այցի շրջանակներում ասոցիացիաների ներկայացուցիչները ծանոթացան ՌԳԿԿ-ի կառուցվածքին, կառավարման համակարգին, հիմնական փաստաթղթերին, առանձին բաժանմունքներին, գերիատրիկ կենտրոնի կահավորման և սարքավորումների կազմի առանձնահատկություններին ու չափանիշներին, ինչպես նաև սոցիալական և հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին, հիվանդանոցի այցելուների համար նախատեսված ծրագրերին։ 

 

Այցը հնարավոր եղավ կազմակերպել «Վիվա» բարեգործական ֆոնդի, ինչպես նաև բ.գ.թ., առաջատար բժիշկ, Համառուսական ազգային ֆրոնտի «Դեմոգրաֆիա» և «Առողջապահություն» թեմատիկ հարթակների համակարգող Անահիտ Գևորգյանի, ՌԳԿԿ Ընդհանուր գերիատրիայի և նեյրոգերիատրիայի լաբորատորիայի ղեկավար Էլեն Մխիթարյանի և Ռուսաստանի գլխավոր գերիատր, Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Օլգա Տկաչովայի անմիջական աջակցությամբ։

 

Առանձին հանդիպումներ եղան նաև Անահիտ Գևորգյանի և ՌԳԿԿ գլխավոր բժիշկ, բ.գ.դ. պրոֆեսոր Լիանա Ալեքսանդրի Ալեքսանյանի հետ, քննարկվեցին Հայաստանում գերիատրիայի և գերոնտոլոգիայի զարգացման հեռանկարները, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի կատարած աշխատանքները, գերիատրիկ կաբինետի բացումը, ինչպես նաև հայ բժիշկների վերապատրաստման հարցերը։

 

Կարևորելով մասնագիտական գրականության դերն ու դրա պակասը Հայաստանում՝ «Վիվա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ գերիատրիայի մասնագիտական գրքեր գնվեցին և նվիրաբերվեցին ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանին։ 

 

 

06.06.2021 16:36 Նյութը դիտվել է՝ 106 անգամ:
AHAOP1 AHAOP2 AHAOP3 AHAOP4 AHAOP5