Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրես

Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրես

Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսն այս տարի կկայանա սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցում, հասցեն՝ Ամիրյան 2։

 

Բնակչության ծերացումը և ծերացման հետևանքների հաղթահարումն այսօր համաշխարհային խնդիր է, որից զերծ չէ նաև Հայաստանը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և այն, թե որքանով նրանք կկարողանան շարունակել իրենց ակտիվ ներդրումն ունենալ հասարակության սոցիալ-տնտեսական կյանքում, կախված է առողջությունից։ Հարկավոր է ունենալ տարեցների կարիքներին արձագանքող, առողջ երկարակեցությունը խթանող առողջապահական համակարգ, որի հիմքում հենց գերիատրիկ բժշկությունն է։ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսը Հայաստանում գերիատրիայի զարգացման ճանապարհի կարևորագույն քայլերից է, որն իր արդիականությունն ապացուցել է նաև նախորդած կոնգրեսների և կոնֆերանսների հաջողությամբ։

 

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան, քույր կազմակերպության՝ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի հետ ձգտում են Հայաստանում զարգացնել տարեցների բժշկությունը, որի ճանապարհին կարևորագույն քայլերից մեկը հենց մասնագետների կրթությունն է։ 

 

Կոնգրեսի խորագիրը՝ «Տարեցների կյանքը կարևոր է», հիշեցում է բոլորիս, որ 63 տարեկանից՝ կենսաթոշակային տարիքիքից հետո, կյանքը չի ավարտվում, չեն վերջանում մարդկանց ռեսուրսները, չեն սահմանափակվում նրանց հնարավորությունները և իրավունքները, ընդհակառակը՝ ընդլայնվում են նրանց հնարավորությունները։

 

Այս տարի Կոնգրեսը նշանավորվում է կարևոր երկու իրադարձությամբ. լրանում է  «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» հիմնադրման 5-ամյակը, իսկ հոկտեմբերի 1-ին նշվում է Տարեցների միջազգային օրը։  Տարեցների միջազգային օրը կկայանա նաև ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացված «Տարեցների ներուժը որպես ոչ մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագրի շրջանակներում ստեղծված ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։ 

 

ԿՈՆԳՐԵՍԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  • Ընդգծել Հայաստանում տարեցների բժշկության՝ գերիատրիայի, և ծերաբանության՝ գերոնտոլոգիայի զարգացման առաջնահերթությունն ու կարևորությունը։
  • Ծանոթացնել տարեց և ծեր հասակի ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, բնորոշ հիվանդություններին ու համախտանիշներին, դրանց բուժման և կանխարգելման արդի մոտեցումներին ու մեթոդներին։
  • Նպաստել տարբեր մասնագիտացումների տեր բժիշկների համագործակցությանը, իրազեկվածության բարձրացմանը։
  • Նպաստել առողջապահական համակարգի բարելավմանն ուղղված նոր գաղափարների ձևավոմանը։
  • Կիսել արտերկրում տարեցների բժշկության ոլորտում մասնագիտացած բարձրակարգ բժիշկների փորձն ու գիտելիքները։
  • Նպաստել գերիատրիայում բուժքույրական աշխատանքի արժեքի հասկացմանը, մոտեցումների վերանայմանը, կարևորմանը, նրանց աշխատանքում նոր մշակույթի ձևավորմանը։
  • Բարելավել տարեցների խնամքին առնչվող մասնագետների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը։
  • Տարեցներին հնարավորություն տալ ճանաչելու իրենց օրգանիզմի առանձնահատկությունները, ծանոթացնել սնուցման, ֆիզկիկական ակտիվության պահպանման նրբություններին, ինչպես նաև նպաստել իրենց հետ աշխատող մասնագետների հետ արդյունավետ շփմանը, գերիատրիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

 

ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Դասախոսական կազմում են ընդգրկված պրոֆեսորներ, առաջնակարգ բժիշկներ Հայաստանից և արտասահմանից։ Գիտական ծրագիրը հասանելի է ստորև նշված հղմամբ։

 

ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

 

Կոնգրեսը կազմակերպվում է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Ազգային գրասենյակի, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «CISPop: Better Data for Better Policies» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։

 

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

 

Կոնգրեսի գլխավոր հովանավորն է «Շտադա» (Stada) դեղագործական ընկերությունը: Հովանավորներ՝ «Բայեր» (Bayer) դեղագործական ընկերություն, «Սոտեքս» (Sotex) դեղագործական ընկերություն, «Ացինո ֆարմա ԷյՋի» (Acino Pharma AG) դեղագործական ընկերություն, «Օլայնֆարմ» (Olainfarm) դեղագործական ընկերություն, «Բիոմեդ» (BioMed) լաբորատորիա, «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ (Concern-Energomash CJSC)։ 

 

Ինֆորմացիոն հովանավորներն են՝ Արփիմեդիա (Arpimedia), Արփինետ (Arpinet), Նուռ ՏՎ (Nur TV):

 

ՇԱՐՈւՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՐԵԴԻՏՆԵՐ

 

Կոնգրեսը հավաստագրված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, և մասնակից բժիշկներին՝ ընտանեկան բժիշկ, թերապևտ, նյարդաբան, սրտաբան, շնորհվելու են ՇՄԶ տեսական կրեդիտներ։ Ընդ որում՝ կրեդիտավորումն ըստ օրերի է՝ առանձին վկայականներով, ինչը մասնակիցներին թույլ կտա ինքնուրույն որոշել ստանալիք կրեդիտների քանակը։

 

ԿՈՆԳՐԵՍԻ ՈւՂՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ

 

Կոնգրեսը կազմակերպվում է հետաքրքիր ձևաչափով և մի հարկի տակ միավորելու է բժիշկներին, բուժքույրներին և հենց իրենց՝ տարեցներին՝ առանձին լսարաններում։ Տարեցներին վերաբերող էլ ի՞նչ կարևոր միջոցառում առանց նրանց։

 

Բժիշկների համար առանձնացված հիմնական թեմաներն են.

 

  • Տարիքով պայմանավորված սրտանոթային հիվանդություններ, դրանց կանխարգելումը, վարումը և բուժումը։
  • Համակցված հիվանդություններ և պոլիպրագմազիա՝ բազմադեղաբուժություն։
  • Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ և հոգեկան առողջություն. Դեմենցիաներ։
  • Սեռական առողջությանն առնչվող հարցեր։
  • Օստեոպորոզ։
  • COVID-19 և պատվաստում։

 

Բուժքույրների, հոգեբանների և սոցիալական աշխատողների համար նախատեսված հիմնական թեմաներն են.

 

  • Գերիատրիա, գերոնտոլոգիա, գերոհոգեբանություն, սոցիալական գերոնտոլոգիա։
  • Բուժքրոջ և խնամողի դերը գերիատրիայում։
  • Գերիատրիկ համախտանիշներ և խնամքը դրանց դեպքում։
  • Ընկնելու խնդիրը. անվտանգ միջավայր դրսում և տանը։
  • Պառկելախոցեր և դրանց խնամքը։
  • Դեմենցիաներ. խնամքի և հաղորդակցման առանձնահաատկությունները։

 

Տարեցների համար նախատեսված հիմնական թեմաներն են.

 

  • Ի՞նչ է գերիատրիան, ո՞վ է գերիատրիկ պացիենտը, ե՞րբ են դիմում գերիատրի։
  • Առողջ երկարակեցություն և ֆիզիկական ակտիվություն։
  • Սնուցման խանգարումներ և գրագետ սնուցում։
  • Շաքարային դիաբետի առանձնահատկությունները։
  • Գլխուղեղի առողջություն։
  • Անկումներ և անվտանգ միջավայրի ապահովում տանը։
  • Տարիքով պայմանավորված հոգեբանական առանձնահատկություններ և խնդիրներ։

 

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿՈՆԳՐԵՍԻՆ

 

Բժիշկների նպատակային լսարան.

 

  • Ընտանեկան բժիշկներ
  • Թերապևտներ
  • Նյարդաբաններ
  • Սրտաբաններ

 

Գերոնտոլոգիական ուղղվածության նպատակային լսարան.

 

  • Բուժքույրներ և խնամողներ
  • 60 տարին լրացած մեծահասակներ
  • Սոցիալական աշխատողներ
  • Հոգեբաններ

 

Հետաքրքիր, արդիական թեմաներով հագեցած, իրենց ոլորտում առաջատար, ճանաչված դասախոսների մասնակցությամբ օրեր են սպասվում։ 

 

 

 

ԳՐԱՆՑՈւՄ

Գրանցվելու համար սեղմել հետևյալ հղումը՝

 

ԳՐԱՆՑՈւՄ ԳԵՐԻԱՏՐԻԱՅԻ ԵՎ ԳԵՐՈՆՏՈԼՈԳԻԱՅԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

 

Գրանցման վերջնաժամկետը՝ 28 սեպտեմբերի 2021

Հարցերի դեպքում զանգահարել աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում։

Հեռ.՝ +374 41703103 / +374 60903103/ +374 95538083

 

 

 

 

 

09.09.2021 15:48 Նյութը դիտվել է՝ 2359 անգամ: