Տարեց հասակի ճգնաժամը. ի՞նչ անել

Տարեց հասակի ճգնաժամը. ի՞նչ անել

Տարիքային ճգնաժամն անձի զարգացման ընթացքում անցումային փուլ է, որի ընթացքում կատարվում են ֆիզիոլոգիական և հոգեբանական մի շարք փոփոխություններ։ Տարեց հասակում ճգնաժամը դրսևորվում է վարքի կտրուկ փոփոխություններով, տարիքային նոր դերերին հարմարվելու դժվարություններով: 

 

Հաճախ պատահում է, որ տարեց մարդու դեպքում դժվար է լինում հաղթահարել ճգնաժամի փուլը, քանի որ նա սկսում է գիտակցել, որ ունի նորն սկսելու համար ռեսուրսների պակաս, հասկանում է, որ կան իրավիճակներ, որոնք անհնար է փոփոխել: 

 

 

 

 

 

Տարեց հասակի ճգնաժամի հիմնական նշաններն են.

 

  • Կոգնիտիվ ոլորտի խանգարում՝ ուշադրությունը, հիշողությունը, ընկալումը տարեց մարդկանց դեպքում թուլանում է, ի հայտ են գալիս խոսքի, արձագանքելու, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ:
  • Միայնության հակվածություն, երբ տարեց մարդիկ ընկղմվում են սեփական մտքերի մեջ, դառնում են ավելի խոցելի և հեշտ վիրավորվող:
  • Հաղորդակցման մեծ պահանջմունք։
  • Ցածր տրամադրություն, ճնշվածություն, անհանագստություն, դեպրեսիա։
  • Սոցիալական ակտիվության նվազեցում։ Եթե տարեց մարդիկ նախկինում ավելի ակտիվ էին, զբաղվում էին տարբեր գործունեություններով, ապա ճգնածամի ժամանակ կարծես ամեն ինչ կորցնում է իր հետաքրքրությունը և նրանց դարձնում է պասիվ:
  • Քնի խանգարումներ։
  • Սնուցման խանգարումներ։
  • Աղեստամոքսային տրակտի խանգարում։
  • Մարսողական խանգարումներ։

 

Ճգնաժամի առաջացման պատճառներն են.

 

  • Կյանքի առաջնահերթությունների փոփոխություն: Երբ տարեց մարդկանց դեպքում չկա կյանքի հստակ ռիթմ, ակտիվ մտավոր և ֆիզիկական գործունեությունը փոխարինվում է անգործությամբ: 
  • Առողջության վատթարացում: Տարիքին զուգընթաց թուլանում է հիշողությունը, լսողությունը, կարող են ի հայտ գալ տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են՝ Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, որոնք նույնպես ճգնաժամի առաջացման պատճառներից են: 
  • Ընկերների շրջանակի նեղացում։
  • Ֆիզիկական ուժի նվազում, անօգտակարության զգացում, տարեց մարդը գիտակցում է, որ որոշ իրավիճակներում կարող է և կախվածություն ունենա շրջապատող միջավայրից: 
  • Կողակցի, մտերիմ ընկերոջ կորուստ, երեխաներից առանձնացում կամ բաժանում։
  • Ֆինանսական դժվարություններ։ Երբ տարեց անձը թոշակի է անցնում, դժվարանում է սեփական կարիքները լիարժեքորեն հոգալ, ինչն ազդում է նրա հոգեվիճակի վրա:
  • Ապագայի հստակ պլանների բացակայություն։
  • Մահվան վախ։
  • Սոցիալական կարգավիճակի փոփխություն։ Այդ հատկապես ազդում է այն մարդկանց վրա, որոնք բաձր պաշտոն են զբաղեցրել նախկինում, հրաման տվողի դերում են եղել, իսկ թոշակի անցնելով՝ դժվարությամբ են հաղթահարում անցումային այդ փուլը:

 

Ճգնաժամը տարեց հասակում տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ է ազդում: Այն մարդկանց դեպքում, որոնք ավելի ակտիվ ու ինքնավստահ են, ձգտում են և գործնական քայլեր կատարում ֆունկցիոնալ ակտիվությունը և ինքնուրույնությունը պահպանելու համար, ճգնաժամը գործնականում չի դրսևորվում, իսկ հակառակ դեպքում ճգնաժամի սրությունն ակնհայտ է լինում:

 


Մի քանի խորհուրդ տարեց հասակում ճգնաժամը հաղթահարելու համար

 

  • Սոցիալական հարաբերությունների ընտրություն։ Շրջապատե՛ք ձեզ հաճելի մարդկանցով, զե՛րծ մնացեք այնպիսի մարդկանց հետ շփումից, որոնք ամեն ինչ դիտարկում են բացասական տեսանկյունից: Այո, դուք ունեք ընտրելու իրավունք։
  • Վերադարձ նախասիրություններին և նոր զբաղմունքի փնտրտուք։ Զբաղվե՛ք ձեզ համար սիրելի և հետաքրքիր զբաղմունքով, որը հնարավորություն կտա հաղթահարել դեպրեսիան և ազատվել անօգնականության զգացումից: Գուցե ունեք շնորհ կամ այնպիսի մի հոբի, հմտություն, որն անտեսել եք գումար վաստակելու վազքի ընթացքում. փորձեք վերադառնալ ձեր նախասիրություններին։
  • Հոգեբանորեն ճիշտ տրամադրվածության, վերաբերմունքի ձևավորում։  Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրի կյանքում էլ կարող են լինել անհաջողություններ, և պետք չէ անընդհատ մեղադրել իքներդ ձեզ, քանի որ յուրաքանչյուր անհաջողություն տալիս է որոշակի փորձ: Բոլորն են հայտնվում կյանքի փուլերի փոփոխոթյան հորձանուտում։
  • Սեփական կարողությունների և ռեսուրսների իրացում։ Կարող եք ձեր հմտությունները ռեալիզացնել տարբեր ոլորտներում, օրինակ ՝ կամավորական աշխատանքներում: 
  • Տպավորությունների փոփոխություն։ Նոր տպավորություններ ստանալու ամենալավ ձևերից մեկը ճամփորդությունն է: Հաճախ այցելեք տեսարժան վայրեր, վստահաբար կլինեն վայրեր, որտեղ դեռ չեք եղել, կամ ժամանակին շարունակ հետաձգել եք այցն զբաղվածության պատճառով։ Այ, օրինակ, եղե՞լ եք Ծաղկեվանքում։
  • Հարաբերությունների հաստատում հարազատների հետ։ Փորձեք վերարժևորել ձեր կյանքի ներկա շրջանը, ձեր դերը, այդ դերում ձեր հարազատների հետ շփումը. չէ՞ որ դուք երբեք չեք եղել ներկա տարիքում, ներկա դերում ու ներկա փորձով։ 
  • Ֆիզիկական ակտիվության պահպանում։ Փորձեք հաճախակի դարձնել զբոսանքը, ծանոթանալ յոգային, որը գուցե տարածված չի եղել ձեր ժամանակներում։
  • Ընթերցանությամբ զբաղվեք. դեռ այնքա՜ն հետաքրքիր գրքեր կան, որ չեք կարդացել։
  • Երաժշտական թերապիա։ Երբևէ մտածել ե՞ք, որ կարող եք երաժշտությունը նորովի բացահայտել ձեզ համար, գիտե՞ք, որ հատկապես դասական երաժշտությունը բուժիչ ազդեցություն է ունենում։ Այ, հիմա էլ առաջարկում ենք սկսել հետաքրքրվել։
  • Մշակութային կյանք՝ թանգարանների, ցուցահանդեսների այցելություններ։ Իսկական ժամանակն է այցելելու այն թանգարաններն ու ցուցասրահները, որոնցում չեք եղել. մշակույթն է մարդուն ուժեղացնողը. ոգեշնչողը, փորձեք գտնել ձեզ հարազատ ուղղությունը և խորասուզվել անվերջ բացահայտումների աղբյուրներում։

 

 

 

Հոդվածը կազմեց հոգեբան Վանեսա Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է:

 

Աղբյուրների ցանկ՝

  1. www. teplye-besedy.ru
  2. www. slncrb.ru

11.10.2021 14:57 Նյութը դիտվել է՝ 125 անգամ: