Տարեցների, առողջական խնդիրներ ունեցողների և նրանց խնամողների համար

Տարեցների, առողջական խնդիրներ ունեցողների և նրանց խնամողների համար

Համաճարակի այս օրերին սթրես առաջացնող լրատվության հոսքը մեծ է թե՛ համացանցում, թե՛ հեռուստատեսությամբ․շարունակ հնչում է, որ նոր կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Հաշվի առնելով այդ՝ կոչ ենք անում զգույշ լինել ձեր խոսքում, հոգ տանել տարեցների մասին, լինել առավել ուշադիր նրանց հանդեպ: Դրանով պայմանավորված՝  տարեցները, հատկապես նրանք, որոնք մեկուսացված են կամ կոգնիտիվ խանգարումներ (դեմենցիա) ունեն, հնարավոր է, որ ավելի տագնապային, անհանգիստ, բարկացկոտ, միայնակության, սթրեսի ու դեպրեսիայի հակվեն։ 

 

1. Օգնեք նրանց, իսկ հարկ եղած դեպքում դիմեք նաև մասնագետների (հոգեբան, նյարդաբան, թերապևտ, խնամող և այլն) օգնությանը:

 

2. Փաստերով տեղեկացրեք տարեցներին, թե ինչ է կատարվում և հստակ ասեք, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակվելու հավանականությունը դեմենցիա ունեցող կամ չունեցող տարեցին հասկանալի լեզվով։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք տեղեկատվությունը: Տարեցի հետ խոսելիս օգտագործեք հստակ, հակիրճ նախադասություններ, եղեք հարգալից և համբերատար, պահպանեք հանգստությունը՝ խուսափելով խուճապ և տագնապ առաջացնելուց:

 

Կարող է շատ օգտակար լինել, եթե տեղեկատվությունը մատուցեք գրավոր կամ տեսանյութերի ու նկարների միջոցով (օրինակ՝ ինչպես լվանալ ձեռքերը, ինչպես կրել դիմակը և այլն): Այդ հարցում օգտվեք միայն հավաստի աղբյուրներից, օրինակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ Առողջապահության նախարարության կամ ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի կայքից, ինչպես նաև gerontology.am կայքից, որը հենց տարեցներին վերաբերող տեղեկություններ է տրամադրում։

 

3. Եթե առողջական խնդիր ունեք, համոզվեք, որ ունեք անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները: Հարկ եղած դեպքում դիմեք ծանոթներին ու բարեկամներին դրանք ձեռք բերելու հարցում ձեզ օգնելու համար:

 

4. Պատրաստ եղեք և կանխավ մտածեք, թե կարիքն եղած դեպքում որտեղ, ինչպես և ում պետք է դիմեք օգնության համար, օրինակ՝ ինչպես տաքսի կանչեք, սնունդ գնեք  և բժշկական օգնություն խնդրեք: Համոզվեք, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ապահովված եք  ձեր մշտական ընդունման դեղորայքով։ 

 

5. Սովորեք ֆիզիկական պարզ վարժություններ, որոնք կարող եք անել տանը՝ կարանտինում կամ մեկուսացման մեջ, որպեսզի կոտրեք ձանձրույթն ու կարողանաք պահպանել շարժունակությունը: Այդպիսի վարժությունների մասին առանձին հոդված ունենք։

 

Կարդացեք՝  Ինչպե՞ս պահպանել ֆիզիկական ակտիվությունը․ հանձնարարականներ

 

6. Հնարավորինս պահեք  օրվա ռեժիմը, ֆիզիկական վարժությունները կանոնավոր արեք, տան գործերով զբաղվեք, ի վերջո այլ զբաղմունքներ գտեք, ընտանիքի անդամների հետ շփումը բովանդակալից դարձրեք․ միասին սեղանի խաղեր խաղացեք, նոր հմտություններ սովորեք, օրինակ՝ համակարգչային, փորձեք հնարավորինս նվազեցնել բացասական ինֆորմացիայի հոսքը, եթե զգում եք, որ ավելի եք անհանգստանում ու տագնապում, առժամանակ մի հետևեք լրատվությանը։  Շարունակեք շփվել բարեկամների և ընկերների հետ, բայց հեռախոսով, տեսազանգի, սոցիալական կայքերի միջոցով։

 
 

Հոդվածի կազմումը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Աղբյուրը՝ who.int
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 

 

09.04.2020 16:55 Նյութը դիտվել է՝ 817 անգամ: