Գերիատրիայի և գերոնտոլոգիայի արդիականությունը ՀՀ-ում | Արթուր Թորոսյան

Գերիատրիայի և գերոնտոլոգիայի արդիականությունը ՀՀ-ում | Արթուր Թորոսյան

Աշխարհի մեծագույն մարտահրավերներից է գլոբալ ծերացումը։ Այն պայմանավորված է երկու գործոնով, որոնք են ծնելիության անկումը և կյանքի միջին տևողության երկարեցումը, որը պայմանավորված է բժշկագիտության առաջընթացով։ Ծերացող հասարակությունները հանդիպում են զարգացած և զարգացող երկրներում՝ Եվրոպայում, Ամերիկայում։ Հայաստանի Հանրապետությունը ևս համարվում է ծերացող երկիր և ունի մոտ 13% տարեց քաղաքացի։

 

Աշխարհում նոր զարգացող գիտություններից է գերոնտոլոգիան՝ ծերաբանությունը և գերիատրիան՝ ծերաբուժությունը։ Սակայն, Հայաստանի սահմանադրությամբ ծեր են համարվում 75-անց, իսկ տարեց՝ 65-անցմարդկանց, և ուստի «ծերաբանություն» տերմինն այդքան էլ ճշգրիտ չէ։ Գերիատրիան գերոնտոլոգիայի կլինիկական ճյուղերից մեկն է․ գերիատր բժիշկները զբաղվում են վաթսուն տարեկանից մեծ մարդկանց բուժումով։

 

Մարդկանց հետաքրքրում է՝ ինչ է ծերությունը, ինչպես կանխել կամ դանդաղեցնել դրա գործընթացները։ Ծերացման պրոցեսներն անկանխելի են և սկսվում են դեռ ներարգանդային կյանքում։ Ծերությունը՝ արտաքին ու ներքին հատկանիշների ընդհանրությունը, տարիների ընթացքում ավելի ու ավելի արտահայտված է դառնում և բերում է ֆիզիոլոգիական համակարգերի և օրգանների անբավարարվածության։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, առանձնացված է ծերության երեք հիմնական տարիքային կատեգորիա՝ 60-75 տարեկան (տարեցներ), 75-90 տարեկան (ծերունիներ) և 90 տարեկանից ավել (երկարակյացներ)։ Բացի օրացույցային տարիքից ընդունված է նաև կենսաբանական և հոգեբանական տարիքի դասակարգումը, որոնք որոշվում են թեստերի միջոցով։ Ծերացման մեխանիզմների վերաբերյալ բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն, և հիմնականում ընդունված է խրոմոսոմային ծերացման մեխանիզմների տեսությունը։ Սակայն, մեծ գործոն է նաև առողջ ապրելակերպը, հատկապես՝ ճիշտ սննդակարգը, որոնք պահպանելով կարելի է ունենալ առողջ ծերություն։

 

Գլոբալ ծերացման խնդիրներից է նոր կորոնավիրուսը, որի թիրախային խոցելի խումբը տարեցներն են։ Իրավիճակը բարդացնում են նաև լրատվամիջոցները, որոնք, հաղորդելով կորոնավիրուսային մահերի վերաբերյալ լուրեր, էլ ավելի ընկճող ազդեցություն ունեն տարեցների վրա։ Սակայն, կորոնավիրուսի պայմաններում առաջին հերթին անհրաժեշտ է կառավարել ուղեկցող հիվանդությունները, որը գերիատր բժիշկների խնդիրն է։ Գերոնտոլոգիան, իր հերթին, զբաղվում է տարեցների հոգեբանությամբ, սննդակարգով և այլն։

 

2018թ․ ստեղծվեց Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան, որը փոքր քայլերով փորձում է գործողություններ կատարել՝ կազմակերպելով կոնգրեսներ, ձեռքբերելով գործընկերներ և կապեր ստեղծելով հայկական բժիշկների և շահառուների միջև։

 

 

Ասոցիացիայի գործունեությանը ծանոթանալ և նվիրատվություն կատարել կարելի է հետևյալ հղմամբ՝  ՆՎԻՐԱՏՎՈւԹՅՈւՆ։

 

 

Աղբյուրը՝ www.boon.am

28.07.2020 15:45 Նյութը դիտվել է՝ 288 անգամ: